Մենք չունենք լուրջ ներուժ կառավարման մակարդակում` ճիշտ որոշումներ կայացնելու մասով
Հարցազրույցներ 22:28, 26.08.2015

Newsline.am-ի զրուցակիցը «Հայկական Բնապահպանական ճակատ» քաղաքացիական նախաձեռնության համակարգող Լևոն Գալստյանն է:

Ամուլսարի հանքի շահագործման հետևանքով Սևանին սպառնացող ի՞նչ վտանգներ կմատնանշեք:

Ամուլսարի շահագործման հետևանքով Սևանին սպառնացող վտանգը բազմաթիվ վտանգներից մեկն է: Վտանգները տարբեր մասշտաբի են, նրանց մի մասը կառավարելի է, մի մասը` անկառավարելի: Պնդել, որ Սևանի վրա ոչ մի բացասական ազդեցություն չի ունենա հանքի շահագործումը, սխալ է, քանի որ ինքը գտնվում է Սևանի ավազանի անմիջական ազդեցության գոտում: Կոնկրետ հանքավայրի շահագործման գոտին Սպանդարյան-Կեչուտ թունելի տարածքում է. բնականաբար, հանքի շահագործման հետևանքով ապարները` մոտ 300 միլիոն տոննա ապար, լցվելու է շրջակայք: Այդ ամենն էլ ենթարկվելու է թթվայնացման: Հետո առաջանում են բազմաթիվ վտակներ, որոնք հոսում են դեպի Որոտան գետ: Այս վտակներով հոսող ջրի կազմը, բնականաբար, փոխվելու է: Փոխվելու է նաև Որոտան գետի ջրի քիմիական կազմը: Դա ակնհայտ և անխուսափելի գործընթաց է: Եթե Կեչուտի ջրամբարից ջրատարով ջուրը տեղափոխվելու է Սևան, ապա այդ փոփոխված, քիմիական կազմով ջուրն է լցվելու լիճ: Եվ սրան հավելենք նաև ներծծման գործոնը. այն ջրերը, որոնք ներծծվում են հանքավայրի շահագործումից հետո, եթե ապարներ ներծծելով գնան և խառնվեն, շատ վատ ազդեցություն կունենան Սևանի ավազանի վրա:

Դրանից խուսափելու համար ի՞նչ միջոցներ եք առաջարկում:

Մենք պետք է ռեալ գնահատենք մեր ուժերը, և հասկանանք, թե ինչի վրա կկարողանանք ազդել, իսկ ինչի վրա` ոչ: Մենք հասկանում ենք, որ «երևի» Ամուլսարի հանքավայրի շահագործման համար կա քաղաքական որոշում, որովհետև այդ մասշտաբի ծրագրերը ՀՀ-ում առանց քաղաքական որոշման թույլտվություն չեն ստանում: Խոսել, որ պետական մարմիններից ինչ-որ մեկը գնահատել կամ վերլուծել է դրա իրական վտանգները, ինձ թվում է` ուղղակի պարզամտություն կլինի, որովհետև երբ կա քաղաքական որոշում, դրանց ոչ ոք չի նայում, դրանք գրվում են ու ստորագրվում: Բոլոր վտանգները քննարկվում են այն ժամանակ, երբ քաղաքական որոշումը բացակայում է: Հիմա քանի որ քաղաքական որոշումը կա, հիմնական աշխատանքները մի քանի ուղղությամբ են ընթանում: Բնապահպանները և այն ակտիվ զանգվածը, որն զբաղվում է դրանով, դատարան են դիմել Ամուլսարի հարցով: Դիմել են գլխավոր բաժնետերերին` Եվրոպայի զարգացման բանկին և Միջազգային ֆինանսական կորպորացիային: Մենք դիմել ենք իրենց Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակին, որ այս ծրագիրը չի համապատասխանում իրենց ընդհանուր գաղափարախոսությանն ու սկզբունքներին: Սա ևս գործընթաց է, որը պետք է իր ազդեցությունն ունենա ընդհանուր գործընթացի վրա: Նաև բոլոր եղանակներով տեղական և միջազգային մամուլում բոլոր խնդիրները ներկայացնում ենք` կապված էկոլոգիական, սոցիալական, կոռուպցիոն գործընթացների հետ: Բոլոր այս խնդիրները ներկայացնում ենք, որ այն պոտենցիալ ներդրողները, որոնք կցանկանան ներդրում կատարել Ամուլսարի ծրագրում, հետ կանգնեն իրենց ծրագրերից, որպեսզի կարդան և որոշում ընդունեն, արժի՞ ներդրում կատարել այս ծրագրում, թե` ոչ: Ես մասնագետ չեմ,  բայց առաջին հայացքից ինձ համար շատ կասկածելի է այն թվերի բազան, որով հիմնավորվում է հանքի շահագործման տնտեսական շահավետությունը: Դրանք են` մոտ հարյուր տոննա ոսկու պաշարների առկայությունը, կառավարության հատուկ ընդունած որոշումները, որ իրենց ծախսերը կպակասեն դրա արդյունքում: Կառավարության որոշումները պատահակա՞ն համընկնումներ են, որ հանքի շահագործմամբ իրենց ծախսերը կկրճատվեն 86 միլիոն դոլարով: Հարց է առաջանում` այդ 86 միլիոն դոլարից ինչքա՞նն է առձեռն վճարվել կառավարությանը` համապատասխան որոշում ընդունելու համար: Ես չեմ ասում, որ եղել է, բայց այդ միտքն իմ մեջ առաջանում է:

Եթե հաշվի առնենք, որ Սևանա լիճը մեր քաղցրահամ ջրի հիմնական աղբյուրներից է, մասնագետների կանխատեսմամբ առաջիկա տասնամյակներին սպասվող ջրային ճգնաժամի պայմաններում ի՞նչ աստիճանի ռիսկի ենք գնում` թույլ տալով Սևանի ջրի աղտոտումը:

Սևանը մեր ջրային պաշարների մի մասն է, ջրային պաշարներին ընդհանուր նայենք: Եթե համաշխարհային մասշտաբով նայենք, ջուրն այսօր համարվում է ամենակարևոր բնական պաշարներից մեկը, որին շատ մտածված  կերպով են փորձում մոտենալ ամբողջ աշխարհում: Հանքարդյունահանման ոլորտում իրենք ասում են, որ հենց ջրերի որակի վրա ունեցած ազդեցությունն է ամենակարևորը: Եթե մենք կարողանանք դա կառավարել, հանքարդյունահանումը կարող է  քիչ թե շատ անվտանգ լինել այդ առումով: Իսկ Հայաստանում լրիվ հակառակն է,  այստեղ հանքարդյունահանման ազդեցության գնահատումը ջրային պաշարների վրա գրեթե բացակայում և անտեսվում է: Մենք  ՀՀ-ում ակնհայտ տեսնում ենք, որ բոլոր հոսքաջրերը հանքարդյունահանման հետևանքով առանց  մաքրվելու, կամ զուտ մակերեսային, մեխանիկական մաքրումից հետո լցվում են մեր գետերի մեջ: Եթե նաև հաշվի առնենք, որ այն բոլոր հանքերը, որ ցանկանում են շահագործել, ջրագոյացման գոտիներում են, ինչպե՞ս կարող է այդտեղից նորմալ ջուր հոսել:

Համաձա՞յն եք, որ այսպես շարունակելու դեպքում մենք քաղցրահամ ջրերի կորուստ կունենանք:

Այո, այս ամենը կբերի քաղցրահամ ջրերի կորստի, մենք կունենանք ջուր, որն օգտագործելուց հետո կծագեն առողջական լուրջ խնդիրներ, ինչը մենք հիմա տեսնում ենք հին հանքարդյունահանման գոտիներում: Գիտական հետազոտություններն արդեն ցույց են տալիս, որ Կապանում, որտեղ ոռոգման այդ ջուրն օգտագործվում է, Ալավերդիում, Ախթալայում, որտեղ տարիներ շարունակ օգտագործել են այդ ջուրը, իրավիճակը վատ է: Եթե տարիներ շարունակ այդ ջրի միջոցով առողջությանը վնասող համապատասխան նյութերի չափաբաժինները մարդիկ ստանում են, դրա հետևանքը մի օր ակնհայտ երևում է: Սևանում էլ նույն վտանգն է առաջանում: Ապրելավայրերի լուրջ կորուստ է ենթադրում սա:

Իսկ «Օրհուս» կենտրոնները որքանո՞վ են օգնում ձեր նախաձեռնություններին:

Վերջին երկու-երեք տարիներին «Օրհուս» կենտրոնները բավականին ակտիվացել են: Բայց դա քիչ է, քանի որ մենք չունենք լուրջ ներուժ կառավարման մակարդակում` ճիշտ որոշումներ կայացնելու մասով: Ստացվել է այնպիսի իրավիճակ, որ որոշում կայացնողներն այդ մասնագիտական բազան չունեն:

Կառավարությունն ո՞ւր է տանում մեր երկիրն այս ճանապարհով:

Կառավարությանը եկեք շատ չմեղադրենք այն իմաստով, որ խնդիրը նաև մեր մեջ է: Ի վերջո, այդ կառավարությունը այլ մոլորակից չի եկել, մեր միջից են ծնվել այդ մարդիկ: Մենք ունենք լուրջ խնդիր` մեր քաղաքացու, հայի գլխի էկոլոգիայում փոփոխություն անելու:

Անի Եղիազարյան

 
Դիտվել է 502 անգամ
Link
Plus
Share
Class