Տեր Սահակ. Գարեգին Բ-ն կամ պետք է հրաժարական տա, կամ գահընկեց արվի
Հարցազրույցներ 11:00, 08.09.2016

Newsline-ի զրուցակիցն է Ֆրանսիայի Նիս քաղաքի Սուրբ Աստվածածին եկեղեցու նախկին հոգևոր առաջնորդ Տեր Սահակ քահանան:

Տեր Սահակ, տեղյակ ենք, որ ստեղծվել է «Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի պահապաններ» կազմակերպությունը: Կխնդրեի մանրամասնել, թե ովքեր են դրա անդամները, ինչ հիմնական նպատակով է այն ստեղծվել:

2007 թվականից մենք սկսեցինք Գարեգին Բ-ի հրաժարականի պահանջի գործընթացը՝ որպես անհատներ: 2011 թվականին ստորագրահավաք եղավ «Պահանջում ենք Գարեգին Բ-ի հրաժարականը» ֆեյսբուքյան էջում:

Մենք այդտեղ մարդկանց տրամադրություններն էինք փորձում հասկանալ: Չեզոք ձևի մոնիտորիգ ենք արել, այսպես կոչված, սոցիոլոգիական հարցումներ ենք անցկացրել, թե որքանով են մարդիկ վստահում Գարեգին Բ-ին:

Այժմ Շվեդական թագավորությունում ստեղծվել է «Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի պահապաններ» կառույցը, որում ընդգրկված են ոչ միայն հոգևորականներ, այլ նաև աշխարհականներ: Ես ևս հանդիսանում եմ դրա վարչության անդամներից մեկը:

Կազմակերպությունը գրանցվել է որպես իրավաբանական անձ: Դրանում պետք է ներգրավվեն մարդու իրավունքների պաշտպաններ, իրավաբաններ, լրագրողներ, որպեսզի մենք ազատագրենք եկեղեցին Գարեգին Բ-ից: Եկեղեցին պատանդ է:

«Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի պահապաններ»-ը ստեղծվել է մի կարևորագույն նպատակով. վերականգնել եկեղեցում կանոնակարգը, արդարությունը, որը 1999 թվականի հոկտեմբերի 27-ից սկսած եկեղեցում չկա: «Չեն գործում կանոնները, եկեղեցին վերածվել է, այսպես ասած, մի օբյեկտի, որը կառավարում են երկու եղբայրները և մեկ քրոջ որդին». եկեղեցուն այսպիսի բնութագրում էր տվել Գերմանիայում բնակվող Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կարգալույծ հոգևորական Հովհաննես աբեղա Սահակյանը՝ Գարեգին Բ-ին ուղղված իր բաց նամակում:

Արդյունքում եկեղեցին իր դերակատարությունը փոխել է՝ իշխանություններին ծառայող, ռեժիմին սպասարկող մի կառույց է դարձել, որն իրավունք չունի եկեղեցի կոչվելու: Սա արդեն վերջնակետն է:

Հիմնական խնդիրը, որը մենք պետք է լուծենք, երկու ճանապարհ ունի. առաջինը, որը ես կնխաընտրեի, հանդարտ ճանապարհն է՝ Գարեգին Բ-ի հրաժարականը, իսկ երկրորդը՝ գահընկեցությունը:

Մեր ֆեյսբուքյան էջում նյութեր կան, որտեղ փաստարկներ են բերվում, որ Գարեգին Բ-ն ընտրված չէ, այլ Լուիս Սիմոն Մանուկյանի փողերով, ոճրագործության արյան գնով նա հասել է պաշտոնի՝ կաշառելով այն ժամանակվա իշխանություններին, եկել է Երևան, կանգնել է եկեղեցու գլուխ և սկսել է քայքայել այն:

Պետք է ասեմ, որ մարդիկ դժգոհ են այն վիճակից, որը տիրում է Սփյուռքում, որովհետև Սփյուռքը քանդվում է: Այն, որ Հայաստանում վերջին ցույցերի ժամանակ ամենավերջին այլանդակ խոսքերով նախշազարդում էին կաթողիկոսին, դա ժողովրդի, ազգի տրամադրությունն է: 

Հաջորդը՝ մենք պետք է սկսենք դատական պրոցեսներ: Օրինակ՝ մենք պետք է դատարան դիմենք և բարձրաձայնենք մանկապղծության հարցը, որ կա եկեղեցում: Ճեմարանականները խայտառակ վիճակում են: Հոգևորականների մեջ այդ մոլությունը կա, այդ սարսափելի մեղքը: Եկեղեցում միշտ նման բաներ եղել են, բայց դա եղել է աննշան՝ 1-2 դեպք, բայց որ զանգվածային բնույթ կրի, որ փչացնեն երեխաներին ճեմարանում, որ առաջնորդները պղծեն քահանաներին, նման բան նախկինում չի եղել: Հիմա սա մասսայական բնույթ է կրում:

Դուք վստահաբար հետևում եք այն բոլոր իրադարձություններին, որոնք տեղի են ունենում Հայաստանում: Կխնդրեի Ձեր դիրքորոշումն արտահայտել «Սասնա ծռեր»-ի կողմից զինված ապստամբության վերաբերյալ:

Նման բան ողջունելը կլինի ոչ ճիշտ: Ես չեմ կարող ողջունել այն գործողությունները, որ մարդիկ զենքը գործածում են թեկուզ բարեփոխման համար, թեկուզ լավ բանի համար:

Իրենց հայրենասիրության վրա, ինչպես առաջին նախագահն ասաց, որ չի կասկածում Ժիրայր Սեֆիլյանի հայրենասիրության վրա, ես ևս կարող եմ ընդգծել, որ նրանք հայրենասեր տղաներ են, ազատամարտիկներ, բայց այդ գործողությունը ես երբևիցե չեմ կարող ողջունել, որովհետև բոլոր հարցերը պիտի լուծվեն միայն ու միայն խաղաղ ճանապարհով:

Մենք դատապարտում ենք իշխանություններին, որ նրանք բիրտ ուժ են կիրառում, ոտնահարում են մարդկանց իրավունքները, որ հալածանքներ են ձեռնարկում խաղաղ ցուցարարների նկատմամբ: Իսկ եթե նույնը մենք անենք անգամ արդարության համար, դա երբևիցե չի կարող լինել ճշմարիտ: Այն բռնապետությունները, որտեղ ժողովրդի մեջ նման գործողություններ են կատարվել, այնտեղ հիմա լավ կյանք չի: Այդ «Արաբական գարունը», որի ժամանակ պայքարում էին բռնապետների դեմ, հարցրեք այդ երկրների ժողովուրդներին՝ կյանքը լավացե՞լ է. ո՛չ, իհարկե: Երբեք արյունով չես կարող հարց լուծել: Դա Սուրբ գիրքն է ասում: 

Դիտվել է 4629 անգամ
Link
Plus
Share
Class