«  Մայիս 2021  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31

Яндекс.Метрика

Աբրահամյան. Ընտրողները պետք է հնարավորություն ունենան ընտրելու ոչ թե երկու չարիքներից փոքրագույնը, այլ ռեալ քաղաքական ընտրություն կատարել

Աբրահամյան. Ընտրողները պետք է հնարավորություն ունենան ընտրելու ոչ թե երկու չարիքներից փոքրագույնը, այլ ռեալ քաղաքական ընտրություն կատարել

Yerevanlur-ի զրուցակիցն է Հայ Ազգային Կոնգրես կուսակցության վարչության գործադիր քարտուղար Սամվել Աբրահամյանը:

— Պարոն Աբրահամյան, ՀՀ առաջին նախագահ, ՀԱԿ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը համագումարի պատվիրակներին խնդրեց, որ ընտրություններին մասնակցել կամ չմասնակցելը վճռելու իրավասությունը տրվի նորընտիր վարչությանը: Վարչությունից 2 օր պահանջվեց՝ որոշելու, որ ՀԱԿ-ը մասնակցելու է արտահերթ ընտրություններին։ Արդյո՞ք այս ընթացքում քննարկվում էր հնարավոր դաշինք կազմելու խնդիրը։ Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի թիմակիցներն ակնարկներ էին անում, որ դաշինքի հարցը փակված չէ։

— ՀԱԿ-ը մենակ է գնում ընտրությունների։ Ընդհանրապես, որևէ դաշինքով հանդես գալու տարբերակ մենք չենք քննարկում։

— Տեր-Պետրոսյանի ելույթից, կարծես, տպավորություն կար, որ ՀԱԿ-ը չի գնում պայքարի՝ վարչապետի պաշտոնը գրավելու հավակնությամբ, այսինքն՝ հաղթանակի հնարավորությունն այդքան մեծ չի համարվում։ Ձեր գնահատմամբ՝ ի՞նչ շանսեր ունի ՀԱԿ-ը, ի՞նչ տեղ եք ակնկալում զբաղեցնել։

— Գիտեք, կանխատեսումներ անելը շատ անշնորհակալ գործ է։ ՀԱԿ-ի շանսերը ես գնահատում եմ բավականին բարձր։ Հարցն այն չէ՝ կհաղթենք ընտրություններում, թե չենք հաղթի։ Բնականաբար, մենք պետք է ձգտենք հաղթանակի։ Թե ինչ կստացվի, իհարկե, ժամանակը ցույց կտա։ Բուն պրոցեսն, ըստ էության, դեռ չի սկսվել՝ անկախ նրանից, որ ընտրությունների շուրջ աժիոտաժը մեկ ամսից ավելի է, կա, բայց իրականում բուն պրոցեսը չի սկսվել։ Ընթացքում շատ բան է փոխվելու։ Այսօրվա պատկերը, որը արտաքնապես երևում է, իրականում բավականին փոփոխվելու է։ Ամեն ինչ ընթացքը ցույց կտա։ Մենք շատ վճռական քարոզարշավ ենք տանելու։ Եվ մենք կարծում ենք, որ ժողովուրդը հասկանալու է, ի վերջո, թե ինչ է պետք անել այս ընտրություններում։

— Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած ժամանակցույցի համաձայն՝ կուսակցությունների և դաշինքների ընտրական ցուցակների ներկայացման վերջնաժամկետը մայիսի 26-ն է։ ՀԱԿ-ի ցուցակն արդեն պատրա՞ստ է։

— Մեր ցուցակը դեռ պատրաստ չէ, մինչև 26-ը ժամանակ կա, այդ հարցը վարչությունը դեռ չի քննարկել։

— Համագումարից հետո եղան քննադատություններ, որ Լևոն Տեր-Պետրոսյանը հասարակությունից կտրված է և ամբողջովին չի պատկերացնում հասարակական տրամադրությունները։ Ի՞նչ կպատասխանեք սրան։

— Ես կարծում եմ՝ Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթը բոլորովին այլ բանի վկայություն էր, որ նա հրաշալի է պատկերացնում հասարակական տրամադրությունները։ Տեր-Պետրոսյանը, եթե նույնիսկ իր հսկայական փորձն ու գիտելիքները հաշվի չառնենք, կարդացող մարդ է, նա տեղյակ է ամեն ինչից, ինչ կատարվում է Հայաստանում։ Նա ամեն օր ժամերով ծանոթանում է բոլոր հրապարակումներին, նորություններին, ամբողջ տեղեկատվությանը տիրապետում է։ Նման կարծիք հայտնողները Տեր-Պետրոսյանին լավ չեն ճանաչում։ Նա տեղյակ է ամեն ինչից, և միշտ է այդպես վարվել՝ թե՛ նախագահ եղած ժամանակ, թե՛ ընդդիմություն եղած ժամանակ։ Նրա չափ ինֆորմացված մարդ, կարծում եմ, չկա Հայաստանում։

— Առաջին նախագահը հայտարարեց, որ պայքարը լինելու է Նիկոլ Փաշինյանի և Ռոբերտ Քոչարյանի դեմ։ Տեսակետ կա, որ եթե ՀԱԿ-ը չմասնակցեր ընտրություններին, այդ քվեները Քոչարյանը չէր ստանալու, այսինքն՝ այդ ձայներն, ըստ էության, խլվում են Փաշինյանի ընտրազանգվածից, և դրանով ջուր է լցվում Քոչարյանի «ջրաղացին»։

— Նախ՝ Տեր-Պետրոսյանը նշեց, թե ինչ իրավիճակ է այս պահին և ինչ խնդիր է դրվում։ Մեր գնահատմամբ՝ Հայաստանը գտնվում է կազմալուծման շեմին՝ որպես պետություն, և գլխավոր խնդիրը երկրի այդ կազմաքանդումը, կործանումը կասեցնելն է։ Քոչարյանը և Փաշինյանը ոչ թե մեր նպատակն են, այլ՝ գլխավոր խնդիրը, որը լուծելու համար, երկիրն այս վիճակից հանելու համար ուղղակի անհրաժեշտ է, որ այդ երկուսից ոչ մեկն իշխանության չգա։ Թե ի՞նչ պատճառներով, Տեր-Պետրոսյանը բացատրեց։ Շատ պարզ է՝ ինչո՞ւ։ Փաշինյանը երկիրը տարավ խայտառակ, մի ահավոր պարտության, թուլացրեց, պետության հիմքերը սասանեց, Քոչարյանն էլ իր ամբողջ քաղաքականությամբ բերել, հանգեցրել էր դրա շեմին։ Եվ երկուսից մեկի գալն իշխանության, ահավոր հետևանքներ կունենա Հայաստանի համար։ Խնդիրը, այսինքն, ոչ թե նրանք են, այլ խնդիրը Հայաստանի ապագան է՝ որպես պետություն։

Ինչ վերաբերում է «ջրաղացին ջուր լցնելուն»՝ դա անհեթեթություն է։ Այսինքն, դա վերաբերում է ցանկացած քաղաքական ուժի՞, որը մասնակցում է ընտրություններին։ Մենք էլ կարող ենք ասել, որ Փաշինյանը ջուր է լցնում Քոչարյանի ջրաղացին, որովհետև մենք ավելի մեծ շանսեր ունենք հաղթելու այս ընտրություններում, ինքն օգնում է Քոչարյանին, որ մենք չհաղթենք։ Այս կարգի հարցադրումներ չի կարելի անել, սա ընտրությունների տրամաբանության տեսանկյունից անհեթեթ հարցադրում է։ Ցանկացած քաղաքական ուժ իր ծրագրով մտնում է ընտրապայքարի մեջ, որպեսզի հաղթի և իր ծրագիրն իրականացնի։ Ի՞նչ կապ ունի՝ ումից է ձայն տանում, կամ չի տանում։ Մնացածը երկրորդական հարց է, դա ընտրական գործընթացի տեխնոլոգիական հարցեր են։

Հիմա իրականում ո՞ւմից է ձայն տանելու Կոնգրեսը։ Մենք շատ ուշ ենք մտնում այս պրոցեսի մեջ, ըստ էության, վերջինը հայտարարեցինք։ Մյուսները վաղուց սկսել էին իրենց գործընթացները և հասարակության մեջ տպավորություն կար, որ մի իրավիճակ է, երբ պետք է ընտրես կա՛մ, այսպես ասած, ազգակործան Նիկոլին, կա՛մ հանցագործ Քոչարյանին։ Այս տրամադրություններն էին։ Մի հսկայական զանգված ընդհանրապես ապատիկ վիճակում էր և որոշել էր պարզապես չմասնակցել ընտրություններին։ Փաշինյանին կամ Քոչարյանին ձայն տվող զանգվածը չի կարող մեզ ձայն տալ։ Դա գրեթե անհնար է։ Մեզ քվեարկելու է այն ընրազանգվածը, որ կարող է մե՛զ քվեարկել, և այդ ընտրազանգվածը շատ ավելի մեծ է, քան Փաշինյանի ու Քոչարյանի ընտրազանգվածները։ Այդ ընտրողները պետք է հնարավորություն ունենան ընտրելու ոչ թե երկու չարիքներից փոքրագույնը, այլ ռեալ քաղաքական ընտրություն կատարել։ Մեր մուտքն այդ հնարավորությունը, կարծում եմ, բավականին մեծ զանգվածի տալիս է։ Եվ մեզ քվեարկողները հենց այդտեղ են գտնվում և ոչ թե Փաշինյանի կամ Քոչարյանի դաշտում։

— Տեր-Պետրոսյանն իր ելույթում խոսեց նաև ետընտրական ցնցումների մասին։ Այդ ցնցումներից խուսափելու ի՞նչ ճանապարհ կա, բացի ՀԱԿ-ի հաղթանակից։

— Ցնցումներից խուսափելու համար անհրաժեշտ է բոլոր քաղաքական ուժերի իմաստնությունը։ Սա մեկ գործոնով դժվար է պայմանավորել։ Հակամարտություն կա Փաշինյանի և Քոչարյանի միջև, ընդհանրապես՝ նախկինների ու Փաշինյանի միջև, և կարծես, Փաշինյանը բոլորի հետ է հակամարտում, իսկ ընտրություններն իհարկե գեներացնում են այդ իրավիճակը, բայց նման իրավիճակ շատ ընտրություններում կարող է առաջանալ։ Անկասկած, իրավիճակը շատ ավելի բարդ ու դրամատիկ է, որովհետև երկու կողմն էլ, կարծես, կենաց-մահու կռվի են ուզում դուրս գալ։ Այստեղ մեր և մյուս քաղաքական ուժերի շատ կարևոր դերակատարումը հենց դրանում կարող է լինել, որպեսզի զսպվի այս իրավիճակում, սահմանային այս միջադեպերի պարագայում, երբ պետությունը բավականին թույլ, զգայուն վիճակում է գտնվում։ Բոլոր քաղաքական ուժերի խնդիրն է՝ զսպել ցանկացած նման կարգի զարգացում։ Սա մեկով չի կարող պայմանավորված լինել։ Նաև լրատվամիջոցների խնդիրն է, մտավորականությունն ունի այդ պատասխանատվությունը։ Բոլորն են պատասխանատու, ինչպես և բոլորն էին պատասխանատու պատերազմի համար։ Նույն իրավիճակն է։ Ընդամենը մի քաղաքական ուժ էր, որ չէր վախենում ճշմարտությունն ասել, մյուս բոլորն ուղղակի խաբում էին ժողովրդին։ Խաբեցին, ժողովրդին և երկիրը բերեցին կործանման եզրին։ Եթե նույն պահվածքը լինի նաև այս ընտրական պրոցեսի ընթացքում, իհարկե, կարող են ահավոր բաներ տեղի ունենալ։ Պետք է սթափվել։

Գայանե Խաչատրյան

Yerevanlur