ԱԳՆ. Եռակողմ հայտարարության 9-րդ միջանցք ստեղծելու դրույթ չկա

Պաշտոնական 16.02.2021   10:30   76

Հայաստանի վարչապետի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների` 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետը որևէ միջանցքի ստեղծման մասին դրույթներ չի պարունակում: Այս մասին հայտարարել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը՝ պատասխանելով «Արմենպրես» լրատվական գործակալության հարցին:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ավելի վաղ հայտարարել էր, որ նոյեմբերի 10-ին ստորագրված համատեղ հայտարարության մեջ հատուկ դրույթ կա Նախիջևանի միջանցքի ստեղծման մասին:

«Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետում նշված է տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման մասին, և հենց այս մոտեցմամբ է Հայաստանը հանդես գալիս տարածաշրջանում կայունություն հաստատելու և համագործակցության հեռանկարների հարցերում: Վերոնշյալ կետը չի պարունակում որևէ միջանցքի ստեղծման դրույթներ։ Հայաստանի տարածքով անցնող յուրաքանչյուր ճանապարհ կամ հաղորդակցության ուղի կա և լինելու է բացառապես Հայաստանի ինքնիշխանության և իրավազորության ներքո»,– ասել է Նաղդալյանը։

Հիշեցնենք` 2020թ.-ի նոյեմբերի 9-ի համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Եռակողմ հայտարարության մեջ մասնավորապես նշվում է, որ մինչև նոյեմբերի 15-ը Ադրբեջանին է վերադարձնում Քելբաջարը (ավելի ուշ այդ ժամկետը 10 օրով երկարաձգվեց-խմբ.), մինչև նոյեմբերի 20-ը՝ Աղդամի շրջանը, մինչև դեկտեմբերի 1-ը՝ Լաչինի շրջանը` թողնելով միջանցք 5 կմ լայնությամբ, որը ապահովելու է Հայաստանի կապը, սակայն չի շոշափելու Շուշին։ 

Հայաստանն ապահովում է տրանսպորտային կապ Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև։ 


 

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         ՀՀ ԱԳՆ

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon