ԱԺ-ն արտահերթ նիստ

Քաղաքական 13.12.2019   11:30   404

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի որոշմամբ ՀՀ Սահմանադրության 100-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածների համաձայն` ՀՀ կառավարության նախաձեռնությամբ այսօր՝ դեկտեմբերի 12-ին գումարվել է Ազգային ժողովի արտահերթ նիստ` նախաձեռնողի սահմանած օրակարգով:

Օրակարգում կառավարության ներկայացրած օրինագծերն են․

  • - Հայաստանի Հանրապետության եւ Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի միջեւ «Հարկաբյուջետային, տնտեսական եւ պետական հատվածի կառավարման զարգացման քաղաքականության վարկ» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին,
  • - «Հարկային հարցերով փոխադարձ վարչական աջակցության մասին» կոնվենցիան (2010 թվականի արձանագրությամբ փոփոխված) վավերացնելու մասին,
  • - Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կարգապահական կանոնագիրք» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին,
  • - «Զորամասերի եւ զինվորական հաստատությունների կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին,
  • - «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին,
  • - «Ոստիկանության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին և այլ հարցեր։

Օրակարգի հարցերի մեծ մասն արդեն քննարկվել է։

Նիստի մեկնարկում հոտնկայս ծափահարություններով շնորհակալություն հայտնեցին ԱՄՆ Սենատին, Ներկայացուցիչների պալատին, Ամերիկայում Հայ դատի գրասենյակին, Ամերիկայում հայկական ասամբլեային և բոլոր նրանց, ովքեր աջակցել են Սենատում և Ներկայացուցիչների պալատում Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման բանաձևերի ընդունմանը:

ԱԺ երեք խմբակցությունների անունից շնորհակալական խոսքեր հնչեցրեց խորհրդարանի խոսնակ Արարատ Միրզոյանը:

«Երեկ ԱՄՆ Սենատում տեղի ունեցած պատմական քվեարկությամբ Ամերիկայի Միացյալ Նահանգները ճանաչեց և դատապարտեց 20-րդ դարի ամենասոսկալի իրադարձություններից մեկի, ողջ մարդկության դեմ ուղղված հանցագործության` իրենց հայրենիքում 1,5 մլն հայերի բնաջնջումը Օսմանյան կայսրության կողմից: Ես ձեր բոլորի անունից` երեք խմբակցությունների անունից, ցանկանում եմ ողջունել ԱՄՆ Սենատի, ինչպես նաև Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի բոլոր գործընկերներին` համապատասխանաբար թիվ 150 և 296 բանաձևերի միաձայն ընդունման կապակցությամբ և փաստել, որ այս կարևոր քվեարկությամբ Միացյալ Նահանգները միացան Ցեղասպանությունների կանխարգելմանն ուղղված համաշխարհային շարժմանը: Այս առիթով ուզում եմ շնորհակալություն հայտնել հատկապես սենատորներ Մենենդեսին և Քրուզին, ինչպես նաև, դրանից առաջ, կոնգրեսական Շիֆին, և հայազգի բոլոր մյուս բարեկամներին` Կոնգրեսի երկու պալատներում այս օրինագծերի նախաձեռնության և պաշտպանության համար: Ուզում եմ նաև առանձին երախտիքի խոսքեր հղել Ամերիկայում Հայ դատի գրասենյակին և Ամերիկայում հայկական ասամբլեայի բոլոր ընկերներին, ովքեր տարիներ շարունակ ջանքեր չեն խնայել այս կարևոր արձանագրմանը հասնելու համար»,- ասաց Միրզոյանը:

Դեկտեմբերի 12-ին ԱՄՆ Սենատը միաձայն ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձևը։ Սենատորներ Ռոբերտ Մենենդեսի և Թեդ Քրուզի հեղինակած թիվ 150 բանաձևի ընդունումը հաջորդում է Ներկայացուցիչների պալատի թիվ 296 բանաձևի ընդունմանը։ Այն 405 կողմ, 11 դեմ ձայներով ընդունվել էր հոկտեմբերին։

 

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ


 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon