«  Դեկտեմբեր 2018  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31

Яндекс.Метрика

«Ականատես». Ընտրության օրն անցել է սահուն և եղել են մի քանի էական խախտումներ

«Ականատես». Ընտրության օրն անցել է սահուն և եղել են մի քանի էական խախտումներ

«Ականատեսը» տեղական դիտորդական նախաձեռնություն է, որը հիմնվել է 2018թ.ին Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն (ԹԻՀԿ) հասարակական կազմակերպության, «Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ» (ԺԱԱ) հասարակական կազմակերպության և «Ռեստարտ» քաղաքացիական նախաձեռնության կողմից: Առաքելության գործընկերն է Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամը:

«Ականատեսն» իրականացրել է դիտորդական առաքելություն 2018 թ․ դեկտեմբերի 9-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունների նկատմամբ ՀՀ բոլոր մարզերում՝ առաջին անգամ՝ ընտրանքի հիման վրա դիտորդության (sample-based observation) մեթոդաբանության կիրառմամբ:

Նախաձեռնության շրջանակներում ներգրավվել են 581 դիտորդ, որոնք դիտարկել են ընտրանքի 300 ընտրական տեղամասերը, ինչպես նաև ներգրավվել են շրջիկ դիտորդներից բաղկացած 52 թիմ և 41 տարածքային ընտրական հանձնաժողովների դիտորդներ։ Շրջիկ թիմերն ընտրության օրը այցելել են ընտրանքից դուրս գտնվող 503 ընտրատեղամաս։ Ընտրական հանձնաժողովների դիտորդները սկսել են իրենց աշխատանքը ժամը 20:00-ին։ Առաքելությանն աջակցում են Երևանի համակարգող կենտրոնում տեղակայված 30 իրավաբան և 30 օպերատոր։   

Այս մեթոդաբանությունը գնահատում է ընտրության օրվա գործընթացները՝ օգտագործելով ընտրական տեղամասերի թվից պատահական ներկայացուցչական ընտրանք: Վիճակագրական մեթոդների կիրառման միջոցով ընտրանքը հնարավորություն է տալիս ճշգրտորեն չափելու ընտրական օրվա գործընթացների որակը, այդ թվում՝ տեղամասերի բացումը, քվեարկությունը, փակումը և արդյունքների ամփոփումը երկրի ողջ տարածքում: Թեև դիտորդները ներկայացված չեն երկրի բոլոր ընտրական տեղամասերում՝ ընտրանքի հիման վրա դիտորդության մեթոդաբանության վիճակագրական բնույթը «Ականատես» նախաձեռնությանը թույլ է տալիս խոսել ընտրական գործընթացի մասին՝ համապետական մակարդակով։  

Ընտրության օրն անցել է սահուն և եղել են մի քանի էական խախտումներ

Նախապատրաստական փուլ

Ընտրական տեղամասեր «Ականատեսի» դիտորդների մուտք գործելու հետ կապված խնդիրներ չեն ծագել։

Դիտորդների դիտարկման համաձայն, ընտրական հանձնաժողովներն, ընդհանուր առմամբ, գործել են ընթացակարգերին համապատասխան։

Ընտրատեղամասերի 96%-ում ապահովվել է քվեարկության նախապատրաստմանը ներկա հանձնաժողովի անդամների անհրաժեշտ քվորում։ Կողմնակի անձանց ներկայություն է նկատվել ընտրական տեղամասերի 1%-ում։ Չհրկիզվող պահարանների մասով պահանջները պահպանվել են ընտրական տեղամասերի 98%-ում, քվեատուփերի մասով՝ ընտրական տեղամասերի 99%-ում։ Ընտրական տեղամասերի 99%-ում տվյալները պատշաճ կերպով ներմուծվել են, և տպվել է ընտրողների բացակայությունը հավաստող տեղեկանքը։

Դիտարկվող որևէ ընտրատեղամասում ընտրություներին մասնակցող քաղաքական ուժերի քարոզչական նյութեր չեն նկատվել։ 

Ընտրատեղամասերի 96%-ի կահավորումն ապահովվել է քվեարկության գաղտնիությունը։ 4% տեղամասերում եղել են խնդիրներ, որոնք կարգավորվել են։ Դիտորդները պարզել են, որ ընտրական տեղամասերի 48%-ը հասանելի չի եղել հենաշարժողական դժվարություններ ունեցող մարդկանց համար։

Ընտրատեղամասերի մեծ մասը բացվել է ժամանակին. 8,33%-ը բացվել է մինչև ժամը 8։00-ը, 9,67%-ը՝ 8:01-8:15-ը ժամանակահատվածում, իսկ 0,33%-ը (թիվ 25/15 ընտրատեղամաս)` 8:16-ից հետո։

Քվեարկություն

Քվեարկությունն ամբողջ հանրապետությունում, ընդհանուր առմամբ, անցել է խաղաղ և եղել օրենքին համահունչ։ Դիտորդների դիտարկումների համաձայն, տեղամասային հանձնաժողովի անդամները մեծ մասամբ հետևել են քվեարկության համար նախատեսված ընթացակարգերին։ Տեղ են գտել քիչ թվով լուրջ խախտումներ և միջադեպեր։  

Քվեարկության գործընթացում նկատվել են ընտրական տեղամասերի ներսում գտնվելու իրավասություն անձանց իրավունքի խոչընդոտման դեպքեր տեղամասերի 2.67%-ում (1-ից ավել դեպք)։ Ընտրատեղամասային հանձնաժողովները հիմնականում գրանցել են դիտորդների կողմից նկատված խախտումները տեղամասային գրանցամատյաններում, սակայն տեղամասերի 5.67%-ում եղել է մեկից ավել դեպք, երբ գրանցամատյանում չի գրանցել։ 17% տեղամասերում ընտրողների անվան դիմաց եղել է այլ անձի ստորագրություն (1-3 դեպք): 1.33%-ում ստորագրություն լինելու պատճառով չի թույլատրվել քվեարկել 1-3 դեպքում։

Տեղամասերում ընտրողների նույնականացման հետ կապված լուրջ խնդիրներ չեն արձանագրվել։ Տեղամասերի 24.3%-ում որոշ ընտրողների անուններ գրանցված չեն եղել սարքավորումներում՝ (1-3 չգրանցման դեպք), 4.33%-ում նկատվել է 4-10 չգրանցման դեպք, և 1%-ում 11-ից ավել չգրանցման դեպք։

Առանց պատշաճ նույնականացման փաստաթղթերի քվեարկություն չի նկատվել:

Քվեարկության գաղտնիությունը հիմնականում հարգվել է, և 3.33%-ում եղել է միտումնավոր խախտում։ Տեղամասերի 21.67%-ում նկատվել է բաց քվեարկության 1-3 դեպք, 7.33%-ում՝ 4-10 դեպք, և 1.67%-ում՝ 11-ից ավել դեպք։ Ընտանիքով քվեարկելը շարունակում է տարածված պրակտիկա լինել։ Տեղամասերի 24.33%-ում դիտվել է 1-3, 10%-ում՝ 4-10 և 4%-ում՝ 11 կամ ավել ընտանիքով քվեարկության դեպքեր։  

Ուղղորդված քվեարկություն դիտարկվել է տեղամասերի 6%-ում՝  (1-10 դեպք):

Ընտրողին օգնություն ցուցաբերելու պատշաճ ընթացակարգի խախտումներ արձանագրվել են տեղամասերի 6%-ում (1-ից ավել)։

Տեղամասերի 2%-ը փակվել է ժամանակից շուտ, 94%-ը փակվել է ժամանակին, իսկ 4%-ը՝ 20:01-20:15-ին։

Արդյունքների ամփոփման հիմնական եզրակացությունները

Ընդհանուր առմամբ, դիտորդների կարծիքով տեղամասային ընտրական հանձնաժողովների աշխատանքն, ընդհանուր առմամբ, համապատասխանել է օրենքով սահմանված գործընթացներին․ միայն տեղամասերի 2.82%-ում են եղել ամփոփման ընթացակարգի խախտումներ, իսկ հաշվարկի ընթացակարգի խախտումներ գրանցվել են տեղամասերի 6.34%-ում։ Ընտրատեղամասերի 94.98%-ում արդյունքների ամփոփման փուլի մասնակիցներին տրամադրվել են արձանագրության քաղվածքն ու մասնակցության մասին տեղեկանքը։ Տեղամասերից 0.67%-ում հաշվարկի ընթացքում ներկա են եղել կողմնակի անձինք։

Էական խախտումներ

Քվեարկության օրը դիտորդները հաղորդել են մի շարք խախտումներ։ Ստորև բերված աղյուսակը ցույց է տալիս ընտրատեղամասերում դիտորդների արձանագրած խախտումները։ Ընտրությունների օրը ընտրատեղամասերում քվեարկության և արդյունքների ամփոփման փուլում «Ականատեսն» արձանագրել է 78 էական խախտում։

Խախտման տեսակը Խախտումների թիվը
Կողմնակի անձանց ներկայություն 17
Քվեարկության գաղտնիության խախտումներ 6
Բռնություն, սպառնալիքներ կամ ճնշում գործադրելու դեպքեր 3
Խախտումների արձանագրման մերժում ընտրական տեղամասի կողմից 25
Կրկնակի կամ ուրիշի փոխարեն քվեարկություն 3
Ընտրողին՝ իրավասություն չունեցող անձի կողմից օգնության ցուցաբերում 6
Բաց քվեարկություն 3
Ուղղորդված քվեարկություն 7
Արդյունքների ամփոփման կոպիտ խախտումներ 7
Անվավեր դարձված քվեաթերթիկներ 1

Տարածքային ընտրական հանձնաժողովներում գործընթացների վերաբերյալ եզրակացություն

«Ականատեսի» 41 դիտորդներ իրականացրել են 36 տարածքային ընտրական հանձնաժողովների աշխատանքների դիտարկում։ Քվեարկության արդյունքների աղյուսակավորման գործընթացն ընթացել է սահուն։ Դիտորդները հաղորդել են մի շարք խախտումներ, որոնք ստուգման ընթացքում են։

«Ականատես» նախաձեռնության երկարաժամկետ դիտորդները շարունակում են դիտարկումները Տարածքային ընտրական հանձնաժողովներում, իսկ իրավաբանները նախապատրաստում են բողոքները։

Քվեարկության օրը վերլուծության են ենթարկվել յուրաքանչյուր 3 ժամը մեկ ԿԸՀ պաշտոնական կայքում տեղադրված մասնակցության թվերն՝ ըստ ընտրատեղամասերի։ Վերլուծության նպատակն էր վեր հանել այն ընտրատեղամասերը, որոնցում տարբեր ժամանակահատվածներում գրանցվել էին տարօրինակ բարձր արագություններ, որոնք կարող էին նաև ուղղակի կամ անուղղակի լցոնումների հետևանք լինել: Այդ արագությունները համեմատվում էին քվեարկության օրվա ընթացքում տարբեր ընտրատեղամասերում պարբերաբար չափվող արագությունների հետ: Արդյունքում վեր հանվեց 31 ընտրատեղամաս, որոնցում տարբեր ժամանակահատվածներում գրանցվել էր բարձր արագությամբ քվեարկություն: Համեմատության համար նշենք, որ նախորդ տարվա ապրիլին կայացած խորհրդարանական ընտրությունների ժամանակ վեր էին հանվել 108 այդպիսի ընտրատեղամասեր: Եվս 4 ընտրատեղամասերում գրանցվեց այսպես կոչված «բացասական» արագություն, երբ քվեարկածների թիվը հաջորդ ժամանակահատվածում ավելի փոքր էր նախորդ ժամանակահատվածից:

«Ականատեսը» շարունակում է վերահսկել հետընտրական ժամանակահատվածը և կհրապարակի զեկույցներն ըստ անհրաժեշտության։ Վերջնական զեկույցը կհրապարակվի հունվարի վերջին։