«  Փետրվար 2019  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728

Яндекс.Метрика

Արման Մուսինյան. Հապաղումը թանկ կնստի մեր պետության վրա

Արման Մուսինյան. Հապաղումը թանկ կնստի մեր պետության վրա

Վերջին ամիսներին զգալիորեն ինտենսիվացած քարոզչական պատերազմը իշխանությունների դեմ ոչ միայն թուլանալու միտումներ չի ցուցաբերում, այլև առկա են նախադրյալները, որ դրանք առաջիկայում էլ ավելի թեժ ընթացք են ստանալու։

Նախկին իշխանությունները, նույնիսկ ջարդված, կառուցվածքային առումով տրոհված, առայժմ ունեն հսկայական ռեսուրս ցավոտ հարված հասցնելու մի կողմից իշխանությանը՝ նվազեցնելու համար նրա գործնական արդյունավետությունը, մյուս կողմից` հասարակության ժողովրդավարական հատվածին՝ նրա մեջ Հայաստանի ժողովրդավարական ապագայի հարցում կասկածներ ու հուսահատություն սերմանելու համար։

Հակաքարոզչության այս արշավում հիմնական գործիքներն են լինելու․

  • Իշխանության գործունեության վերաբերյալ դեզինֆորմացիայի հնարավոր տարածումը,
  • Նույնիսկ պարզագույն խնդիրների քննարկումները մանիպուլյացիների ու խեղաթյուրումների դաշտ տեղափոխելը,
  • Փաստերի, ժամանակագրության և, վերջին հաշվով, պատմության կեղծումը,
  • Իշխանության անխուսափելի բացթողումների ու սխալների մաքսիմալ շահարկումը,
  • Իշխանական թիմի որոշ ներկայացուցիչների անփորձության ու խոսքի վրիպումների չափազանցումը և դրանից «լուրջ» հետևությունների բխեցումը,
  •  Ժողովրդավարական օրակարգով առաջնորդվող ուժերի միջև հակասությունների մոգոնումը։

Այս, իրականում լրջագույն և երկարաժամկետ հետևանքներ ունեցող մարտահրավերին, իշխանությունն իրավունք չունի մատների արանքներով նայելու։ Համենայն դեպս, անցած ութ ամիսներին այդ ուղղությամբ ներդրված ջանքերը հեռու են բավարար լինելուց։ Կարելի է իհարկե մտածել, որ դրան խանգարել են ինչ-ինչ օբյեկտիվ հանգամանքներ։ Բայց միևնույն է, նշված մարտահրավերի վտանգավոր հետևանքների ֆոնին` նույնիսկ այդ` օբյեկտիվ պատճառաբանությունները որևէ արդարացում չեն կարող ունենալ։

Ուստի կառավարության առաջնահերթ խնդիրն է․

  • Հետևողականորեն փոխել լրատվական հոսքերի հարաբերակցությունը՝ ի վնաս քարոզչական ապատեղեկատվության և խեղաթյուրումների, հասարակությանն ի ցույց դնել ապատեղեկատվության աղբյուրները, հեղինակներին:
  • Իշխանության հաջողության գրավականներից ոչ պակաս կարևոր է մեր պետության շուրջ երեսունամյա կեղծված պատմության միջից զատել ու հանել բոլոր խեղաթյուրումները։ Հասարակությունն ի վերջո պետք է թոթափի քոչարյանասերժական քարոզչական կեղծիքի բեռը։ Կեղծված պատմությամբ ոչ մի երկիր դեռ տեղ չի հասել։ Պետք է սկսել դպրոցական ու բուհական դասագրքերից մինչև հանրային տիրույթներում շրջանառվող ստերը։ Փաստը խեղաթյուրողին (կրկնում եմ՝ փաստը) պետք է կոչել ստախոս, որպեսզի այդ մարդն այլևս չկարողանա նայել հանրության աչքերին։ Ընդհանրապես, իշխանությունը պիտի ներդնի այն մտայնությունը՝ որ սուտն ու կեղծիքը, որ նախորդ քսան տարիներին ծլել ու ծաղկել են, այլևս տեղ չունեն մեր մեջ։ Այս ամենին պիտի ներգրավվի իշխանությունն իր ողջ թիմով։

Այլապես մեկ կամ մի քանի մարդու ջանքերն ապարդյուն կլինեն։ Իսկ հապաղումը թանկ կնստի մեր պետության վրա։

Արման Մուսինյան