Արմեն Սարգսյանը՝ գույքահարկին վերաբերող օրենքի մասին (տեսանյութ)

Պաշտոնական 03.07.2020   13:00   437

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի մի խումբ ընկերությունների ղեկավարների հետ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ նախագահի պաշտոնական կայքից։

Նախագահ Սարգսյանը կարեւոր է համարել լոկոմոտիվ ոլորտների աջակցության հարցը.

«Եթե որոշել ենք, որ կրթությունը, գյուղատնտեսությունը, տեխնոլոգիաներն այն ոլորտներն են, որոնց պետք է աջակցենք, ապա պետք է աջակցենք ընդհուպ հարկային արտոնություններ սահմանելով»: Նա հիշատակել է Բելառուսի օրինակը, որտեղ ստեղծված «Բարձր տեխնոլոգիաների պարկ»-ին պետության կողմից տրվել են հարկային արտոնություններ, եւ ներկայումս այնտեղ 50 հազար մարդ է աշխատում, ունի մոտ 2 միլիարդ դոլարի շրջանառություն։ Իսկ ներդրողներն ամերիկացիներ, կանադացիներ, չինացիներ են։ Այդ իսկ պատճառով նա կարեւոր է համարել նաեւ հարկային գործիքների կիրառումը՝ կոնկրետ ոլորտներ առաջ մղելու համար: «Մենք ունենք ներուժ, որը պետք է օգտագործվի եւ պետք է օգտագործվի ճիշտ. գիտություն, տեխնոլոգիա, կրթություն պետք է լինեն միասին: Եթե բիզնեսը եւ համալսարանն իրար հետ չաշխատեն, ապա տեղ չենք հասնելու,-ասել է նախագահը:

- Ճանապարհը միակն է՝ համալսարանն, ակադեմիան, կրթությունն, արդյունաբերությունը պետք է իրար հետ աշխատեն: Եթե չարեցինք, հետ ենք մնալու»:

Նախագահն այս համատեքստում անդրադարձել է նաեւ «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» վերջին օրենքին՝ գույքահարկի մասով: Նա առաջարկել է այսուհետեւ իրենց ոլորտին վերաբերող օրենսդրական փոփոխությունների հետ կապված նախապես առաջարկություն ներկայացնել ու մասնակից լինել ոլորտի զարագացման համար անհրաժեշտ միջավայրի ձեւավորմանը.

«Վերցնենք գույքահարկին վերաբերող օրենքը: Օրենքը դրվում է իմ սեղանին, եւ այն Սահմանադրության հետ հակասություն չունի: Ես չեմ կարող այն ուղարկել Սահմանադրական դատարան: Սակայն ես գտնում եմ, որ այն ժամանակավրեպ է: Այն ունի դրական տարրեր, քանի որ այդ գույքահարկը պետք է կանոնակարգվի. չես կարող 20 տարի առաջվա գույքահարկով ապրել եւ այլն: Օրենքում նշված դրույթները բոլորը ճիշտ են, բայց կան տարրեր, որոնք հաշվի առնված չեն: Օրինակ, պետք է հաշվի առնել, որ Երեւանի կենտրոնում՝ «Նաիրի» կինոթատրոնի հարակից տարածքում, ապրում են մարդիկ, որոնք այդ տունը ստացել են իրենց պապիկից, որը եղել է ակադեմիկոս: Հիմա այդ մարդը դոցենտ է եւ ի վիճակի չի լինելու վճարել ավելացված հարկը: Ի՞նչ եմ անում ես: Եթե չեմ ստորագրում, միեւնույն է, այն ստորագրվելու է Ազգային ժողովի նախագահի կողմից եւ ուժի մեջ է մտնելու: Սահմանադրական դատարան չեմ կարող դիմել: Ի՞նչ է մնում ինձ անել՝ ստորագրել: Ստորագրում եմ եւ նաեւ տարածում հայտարարություն՝ մանրամասն բացատրելով, թե որոնք են խնդիրները, եւ ինչ կարելի է անել:

Եթե ես ունենայի վետո դնելու իրավունք, ապա կդնեի: Եթե ես ունենայի իրավունք՝ օրենքը հետ ուղարկելու Ազգային ժողով եւ նշեի, որ արվեն փոփոխություններ, կանեի: Ես չունեմ այդ իրավունքը:

Նաեւ դուք ինքներդ առաջարկությամբ հանդես եկեք, եւ եթե համաձայն լինեմ ձեր առաջարկության հետ, ապա իմ հնարավորության սահմաններում կպաշտպանեմ այն: Ձեզ կոչ եմ անում՝ ինքներդ պաշտպանեք ձեզ, ձեր բիզնեսը: Ձեր ոլորտը մեր երկրի ապագան է»:

Հանդիպման մասնակիցները մասնավորապես անդրադարձել են ժամանակակից պահանջներին համապատասխանող որակյալ կրթությանը, միջին մասնագիտական տեխնոլոգիական հաստատություններ ունենալու, ինչպես նաեւ կրթության եւ բիզնեսի միջեւ կապի ապահովման, ոլորտին որոշակի արտոնությունների տրամադրման հարցերին:

 
 

 

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         գույքահարկ, Արմեն Սարգյան

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon