Առողջապահության նախարար. «Պատվաստումը վարակվելու ռիսկը չի բացառում» (տեսանյութ)

Պաշտոնական 23.09.2021   12:00   168

 Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը վարակվելու ռիսկը չի բացառում։ Այսօր ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովում կազմակերպված կորոնավիրուսային համավարակով պայմանավորված խստացումներին նվիրված քննարկման ժամանակ ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

«Որևէ դեղամիջոց, որևէ բժշկական միջամտություն չի կարող երաշխավորել 100 տոկոսով որևէ բան։ COVID-ի դեմ դեղամիջոցները ինչպիսի՞ արդյունավետություն ունեն, երաշխավորո՞ւմ են 100 տոկոսանոց առողջացում։ Թվերը ցույց են տալիս, որ ոչ։ Պատվաստված վարակվածների 20 տոկոսը հիվանդությունը տանում է ծանր, 5 տոկոսը ծայրահեղ ծանր, 2 տոկոսը մահանում է։ Հիմա ի՞նչ անենք, չբուժվե՞նք»,– ասաց Ավանեսյանը։

Ինչ վերաբերում է հետպատվաստումային բարդացումներին, նախարարի խոսքով, Հայաստանում մինչ օրս եղել են առողջության հետ կապված գանգատներ` բարձ ջերմություն և այլն։ Անհրաժեշտության դեպքում նրանց կրկնակի հետազոտության ծախսը, Ավանեսյանի խոսքով, պետությունը վերցրել է իր վրա։

Հիշեցնենք՝  Հայաստանի առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի Վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Ռոմելլա Աբովյանը երեկվա մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է.
«Կորոնավիրուսի վերարտադրողական ցուցանիշը վերջին օրերի ընթացքում աճել է մինչև 1.2։ Եթե քայլեր չձեռնարկվեն, առաջիկա 7 օրվա ընթացքում Հայաստանում կունենանք կորոնավիրուսի 5930 նոր դեպք: Նրանց 30 տոկոսը կհոսպիտալացվեն (մոտ 1800), իսկ հոսպիտալացվածների 3 տոկոսը ինտենսիվ թերապիայի կարիք կունենան (մոտ 55): Վերջին 14 օրերի ընթացքում Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակվելու դեպքերի 18 տոկոս աճ:», – նշել է Աբովյանը։

Նշենք՝ սեպտեմբերի 23-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 939 նոր դեպք: Ունենք 592 առողջացած, 19 մահվան դեպք:

 

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         պատվաստում, Անահիտ Ավանեսյան, կորոնավիրուս, ԱՆ, Հայաստան

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon