Այվազյան. Ադրբեջանը հայ ռազմագերիներին դեռ գերեվարության մեջ է պահում (ասուլիս)

Պաշտոնական 16.03.2021   12:22   97

ՀՀ ԱԳ նախարարն ընդունել է տարածաշրջանային այցով Հայաստանում գտնվող ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեդիայի ԱԳ նախարար Անն Լինդեին

Անգամ ռազմական գործողություններից  4 ամիս անց Ադրբեջանը շարունակում է խախտել միջազգային հումանիտար իրավունքները` գերեվարության մեջ պահելով հայ ռազմագերիներին և պատանդի կարգավիճակում հայտնված քաղաքացիական անձանց։ ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեդիայի ԱԳ նախարար Անն Լինդեի հետ առանձնազրույցից և ընդլայնված կազմով հանդիպումներից հետո այս մասին հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը։

«Ցավալի է, որ դեռ նախորդ տարվա սեպտեմբերին ձեր այցը տարածաշրջան հետաձգվեց պատերազմի հետևանքով։ Ադրբեջանի կողմից հակամարտության համատեքստում ուժի կիրառումը ԵԱՀԿ հանձնառությունների, այդ թվում Հելսինկիի եզրափակիչ ակտի կոպտագույն խախտում էր»,–ասաց նախարարը։

Այվազյանի խոսքով` պատերազմի ընթացքում ադրբեջանական ԶՈՒ–ն, Թուրքիայի աջակցությամբ, միջազգային հումանիտար նորմերի խախտումներով զանգվածային ոճրագործություններ արեցին, այդ թվում` էթնիկ զտումներ և պատերազմական հանցագործություններ իրականացրին արցախահայության դեմ` միտումնավոր թիրախավորելով խաղաղ բնակչությանը, քաղաքացիական ենթակառուցվածքները։
Արա Այվազյանը նշեց` եռակողմ հայտարարությունը դիտարկում են որպես հրադադարի վերականգմանն ու անվտանգության վերահաստատմանն ուղղված փաստաթուղթ։

«Թեև այն պարունակում է խաղաղ կարգավորմանն առնչվող որոշ դրույթներ, սակայն չի հասցեագրում դրա առանցքային տարրերը, որոնցից առաջնայինն է Արցախի կարգավիճակի հարցը` հիմնված արցախահայության ինքնորոշման իրավունքի հիման վրա։ Հակամարտության վերջնական քաղաքական լուծումը հնարավոր է բացառապես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում»,–ասաց Այվազյանը։

Այվազյանն ասաց՝ Արցախի խաղաղ բնակավայրերի, այդ թվում Հադրութի ավերման, հայ բնակչության ոչնչացման և դրանց փոխարեն ադրբեջանական բնակավայրերի ստեղծման հիման վրա խարսխված խաղաղությունը չի կարող լինել հաստատուն և տևական։ Նա նշեց, որ շարունակելու են պայքարը` արդար և արժանապատիվ արդարության համար։

Այվազյանը հայտնեց, որ այսօր Լինդեի հետ հանդիպումների ժամանակ անդրադարձել են ԵԱՀԿ–ում շվեդական նախագահության գերակայություններին, քննարկել են տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցերի լայն շրջանակ, նաև հայ–շվեդական երկկողմ օրակարգը:

«Տարածաշրջանային իրավիճակը փոխվել է նոյեմբերի 9-ի հրադադարի եռակողմ համաձայնագրից հետո։ Ես ողջունում եմ հրադադարը։ Հրադադարի համաձայնագրի լրիվ իրականացումը հիմք կհանդիսանա կոնֆլիկտի լուծման գործընթացում։ Այս առումով ողջունում եմ Մինսկի խմբի նախագահների ջանքերը` առճակատման երկարաժամկետ ու կայուն լուծում գտնելու հարցում, սակայն մի քանի հարցեր դեռ լուծման կարիք ունեն»,–ասաց ԵԱՀԿ գործող նախագահը,Շվեդիայի ԱԳ նախարար Անն Լինդենը։

Նրա խոսքով` այս փուլում կարևոր է նաև հարգանք դրսևորել միջազգային իրավունքի հանդեպ, ներառյալ՝ մարդասիրական իրավունքի։

Անն Լինդեն կոչ արեց բոլոր կողմերին խնդիրները լուծել խաղաղ ճանապարհով, ԵԱՀԿ մինսկի խմբի նախագահության շրջանակներում։ Նա շեշտեց, որ տարածաշրջանում ընթացիկ իրավիճակը գտնվում է ԵԱՀԿ–ի ուշադրության կենտրոնում։

Հիշեցնենք, որ մարտի 14-ին ԵԱՀԿ գործող նախագահը տարածաշրջանային այցի շրջանակում մեկնել էր Ադրբեջան, հանդիպել նախագահ Իլհամ Ալիևի և արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ:


 

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Անն Լինդեն, ադրբեջան, ՀՀ ԱԳՆ, գերիներ.ռազմագերիներ, պատերազմ Արցախում, ՀՀ-ԵՄ, Արա Այվազյան

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon