Բավրա անցակետը հատելիս մեկուսացվել է օտարերկրացի երկու վարորդ

Պաշտոնական 14.03.2020   12:00   364

Բավրա անցակետը հատելիս երկու օտարերկրյա քաղաքացի մեկուսացվել է՝ կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի կանխարգելիչ միջոցառումների շրջանակներում. այս մասին իր ֆեյսբուքի էջում գրել էր Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը:

«Հայ-վրացական սահմանը հսկողության տակ է։ Բեռնատարի երկու օտարերկրացի վարորդների մոտ Բավրա անցակետը հատելիս գրանցվել է մարմնի ջերմաստիճանի նորմայից փոքր շեղում, սակայն ընթացակարգերի համաձայն նրանց մեկուսացրել են, իրականացվել է նմուշառում, վաղը կստանան պատասխանները։ Բժիշկների նախնական գնահատմամբ նրանք շատ շուտով տան ճանապարհը կբռնեն»,-նշված է գրառման մեջ։

Ընդհանուր առմամբ՝ Շիրակի մարզում վիճակը կայուն է, մտահոգության լուրջ օջախներ չկան: Այս մասին Շիրակի մարզպետը հայտնեց լրագրողներին:

«Նույնիսկ այն մարդկանց քանակն է նվազել, ովքեր այս ընթացքում մեր ուշադրության կենտրոնում են եղել՝ խոսքը ռիսկային երկրներից վերադարձած  քաղաքացիների մասին է: Մենք հիմա, ելնելով հանրապետությունում առկա ռիսկերից, կանխարգելիչ միջոցառումներ ենք իրականացնում»,-նշեց մարզպետը՝ տեղեկացնելով, որ ոլորտային մասնագետների հետ ունեցած քննարկման արդյունքում արդեն մշակվել է գործողությունների պլան:

«Այժմ ամենաակտիվ և թեժ կետը շարունակում է մնալ Էջմիածինը։ Այս պահի դրությամբ՝ Էջմիածնից մեկուսացված քաղաքացիների թիվը, ըստ էության, հասել է մոտավորապես 100-ի, և մենք Էջմիածինը պետք է պահենք ուշադրության կենտրոնում»,- ֆեյսբուքի ուղիղ եթերում երեկ ասել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը։Նա կարծիք հայտնեց, որ պետք է անցնեն ավելի խիստ միջոցառումների։ «Չնայած այսօր արդեն կոնտեքստային ասել ենք, բայց թատրոններ, կինոթատրոններ, համերգասրահներ այցելելուց պետք է խուսափենք, և կարծում եմ, որ վաղվանից առնվազն որոշ ժամանակով նման հիմնարկների գործունեությունը պետք է դադարի»,- ընդգծեց Փաշինյանը։

 

 

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Հայաստան, կորոնավիրուս, Շիրակ, Բավրա

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon