Ծանրամարտիկ Արմեն Ղազարյանի գործով ձերբակալվել են ոստիկանության Նոր Նորքի բաժնի պետը և երեք օպերլիազոր

Պաշտոնական 26.09.2020   13:00   256

ՀՀ ոստիկանության Նոր Նորքի բաժնում Վլադիմիր Օհանյանին և Արմեն Ղազարյանին խոշտանգելու ենթադրյալ հանցագործության դեպքի վերաբերյալ հարուցված քրեական գործի շրջանակներում սեպտեմբերի 25-ին խմբով երկու անձի խոշտանգելու կասկածանքով ձերբակալվել են ՀՀ ոստիկանության Նոր Նորքի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի երեք օպերլիազորներ, հայտնում է Հատուկ քննչական ծառայությունը (ՀՔԾ):

Նույն օրը ձերբակալվել է նաև ոստիկանության Նոր Նորքի բաժնի պետը` ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի («պաշտոնեական լիազորությունները չարաշահելը») 1-ին մասով նախատեսված հանցավոր արարք կատարելու կասկածանքով:

Ըստ տարածած հաղորդագրության, ձեռք բերված փաստական տվյալների համաձայն, ոստիկանության Նոր Նորքի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազոր Տ. Ա.-ն իր և Վլադիմիր Օհանյանի կանանց միջև տեղի ունեցած անձնական բնույթի վեճը լուծելու համար նույն բաժանմունքի օպերլիազորներ Ն. Բ.-ի և Գ. Մ.-ի հետ Վ. Օհանյանին փաստացի բերման են ենթարկել ոստիկանության Նոր Նորքի բաժին: Միաժամանակ բերման են ենթարկել այդ կապակցությամբ պարզաբանումներ պահանջած Վլադիմիր Օհանյանի ընկերոջը` Արմեն Ղազարյանին: Այնտեղ ոստիկանության վերը նշված պաշտոնատար անձինք Վ. Օհանյանին ծեծի են ենթարկել օպերլիազոր Տ. Ա.-ի կնոջ հետ վիճաբանելու, իսկ Ա. Ղազարյանին՝ իրենց հայհոյելու համար պատժելու նպատակով:

Նկարագրված դեպքից հետո Նոր Նորքի բաժնի պետն անհարկի միջամտել է Ա.Ղազարյանի դիմումի կապակցությամբ իրականացվող ծառայողական քննության ընթացքին, չարաշահելով իր լիազորությունները՝ կատարել վերջինիս կողմից բողոքից հրաժարվելուն ուղղված ապօրինի գործողություններ:

Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է:

Հիշեցնենք, որ ծանրամարտիկ Արմեն Ղազարյանը ավելի վաղ պատմել է, որ իրեն խոշտանգել են Նոր Նորքի ոստիկանության բաժնում: 

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         ՀՔԾ, Արմեն Ղազարյան, Ոստիկանություն, խոշտանգում, Նոր Նորքի ոստիկանություն, Արա Ղարագյոզյան, ծեծ

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon