«  Հուլիս 2019  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Яндекс.Метрика

Համբուրգի համալսարանից մինչև ՀՀ Սահմանադրություն. ո՞վ է Վահե Գրիգորյանին քննադատող Օտտո Լուխտերհանդթը

Համբուրգի համալսարանից մինչև ՀՀ Սահմանադրություն. ո՞վ է Վահե Գրիգորյանին քննադատող Օտտո Լուխտերհանդթը

Fip.am-ը գրում է. Համբուրգի համալսարանի դոկտոր, պրոֆեսոր Օտտո Լուխտերհանդթը Tert.am-ի հետ զրույցում խոսել է ՀՀ սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակի մասին՝ հայտարարելով, որ «ինչ-որ մի առանձին դատավոր (Վահե Գրիգորյանը-խմբ.) Սահմանադրական դատարանում բոլորովին մենակ՝ մեկուսացած 9 դատավորներից, ուզում է առաջացնել սահմանադրական ճգնաժամ»։ Լուխտերհանդթը հուլիսի 5-ին տված հարցազրույցում «զարմանալի» է համարել այն, որ Վահե Գրիգորյանը նախագահի կողմից երկրորդ անգամ է առաջադրվել Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնի համար։ «Իմ կարծիքով, այս դեպքում հանրապետության նախագահն էլ է իրեն դասել օրենքից բարձր և որոշում է կայացրել։ Սա իմ գնահատականն է, նոր թեկնածուն նոր թեկնածությունն է, դա մերժված թեկնածուն չէր կարող լինել, դա պետք է նոր անձ լինի»,- նշել է գերմանացի պրոֆեսորը։

Fip.am-ը պարզել է, որ Օտտո Լուխտերհանդթը Հայաստանում սահմանադրական փոփոխությունների ժամանակ պարբերաբար դրանց կողմ է արտահայտվել, բացի այդ՝ պարգևատրվել է նախորդ իշխանությունների կողմից ու ՍԴ գործող նախագահ Հրայր Թովմասյանի հետ համահեղինակությամբ ձեռնարկ է հրատարակել։ Սահմանադրության այն նախագծերը, որոնց վերաբերյալ գերմանացի պրոֆեսորը դրական է արտահայտվել, հետագայում, պարզվել է, որ նպատակ են ունեցել երկարաձգել այդ պահի վարչախմբի իշխանավարման ժամկետը։ Այս հարցում Լուխտերհանդթը խնդիրներ չի տեսել՝ ոչ ՀՀ և ոչ էլ ԼՂՀ Սահմանադրությունների փոփոխությունների դեպքում։ 

 Սահմանադրական փոփոխությունների մասով 

Պրոֆեսոր Լուխտերհանդթը ակտիվ մասնակցություն է ունեցել Հայաստանում 2013 թ. նախաձեռնված սահմանադրական փոփոխությունների գործընթացում, մասնակցել է նաև փոփոխությունների նախագծի մշակման աշխատանքներին։ Հանրաքվեից առաջ դոկտոր-պրոֆեսորը հայտարարում էր, որ ընդդիմության մտահոգությունները՝ կապված սահմանադրական փոփոխությունների հետ, անհիմն են։ Նա կարծիք էր հայտնում, որ ընդդիմության դերակատարումը սահմանադրական փոփոխություններից հետո կբարձրանա, նաև վստահեցնում էր․ «Նոր Սահմանադրության դրական կողմերից մեկն այն է, որ դատարանների անկախությունն էականորեն կբարձրանա»։

 «Մխիթար Գոշ»՝ Սերժ Սարգսյանից

Դեռ 2014-ի փետրվարի 17-ին Լուխտերհանդթը պարգևատրվել էր Սերժ Սարգսյանի կողմից «Մխիթար Գոշ» մեդալով՝ «անկախությունից հետո ՀՀ-ում ակտիվ իրավախորհրդատվական գործունեության համար»։

 Ուղեցույց՝ ոստիկանության համար 

Լուխտերհանդթի աջակցությամբ է մշակվել «Հավաքների ժամանակ ոստիկանության գործողությունների ուղեցույցը», որով սահմանվում էին ոստիկանության հիմնական խնդիրները հավաքների իրավունքի ապահովման առնչությամբ ու հավաքի մասնակիցների փոխհարաբերությունների հիմնական սկզբունքները։ Այս ուղեցույցն ավելի ուշ ներդրվեց ոստիկանության կրթահամալիրում։ Չնայած ուղեցույցի առկայությանը՝ մի շարք քաղաքացիական շարժումների ընթացքում խաղաղ ցուցարարների նկատմամբ կիրառվել է անհամաչափ ուժ, որը փաստվել է տարբեր իրավապաշտպան կազմակերպությունների ու դիվանագիտական ներկայացուցչությունների հայտարարություններում ու զեկույցներում։

Գերմանացի պրոֆեսորը Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի հետ համահեղինակությամբ նաև հասցրել է ուսումնական ձեռնարկ տպագրել՝ «ՀՀ ընդհանուր վարչական իրավունքը»։

ԼՂՀ Սահմանադրական փոփոխությունների մասով

Օտտո Լուխտերհանդթը բարձր է գնահատել նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Սահմանադրության նախագիծը, որը հանրաքվեով ընդունվեց 2017-ին։ Նա հայտարարել էր․ «Արցախի Հանրապետության նոր Սահմանադրության նախագիծը համապատասխանում է ժողովրդավարական իրավական պետության սահմանադրությանը ներկայացվող բարձր ու բարձրագույն պահանջներին»։

Հայաստանում սահմանադրական փոփոխություններից հետո Արցախի նախագահ Բակո Սահակյանը ձեռնամուխ եղավ սահմանադրական փոփոխություններ ձեռնարկել ԼՂՀ-ում՝ կիսանախագահական կառավարման մոդելից անցում կատարելով նախագահականի։ Հանրաքվեի արդյունքում նախագահի լիազորություններն էականորեն ընդլայնվեցին։ Ու թեև 2017-ին լրանում էր Բակո Սահակյանի նախագահության երկրորդ ժամկետը, ընդունված Սահմանադրության անցումային դրույթներով 2017-ի հուլիսին նա Ղարաբաղի խորհրդարանի կողմից ընտրվեց ԼՂՀ նախագահ, եզրափակում է fip.am-ը: