Նախատեսվում է հանգստի, ուսման և այլ ծախսերի հայտարարագրում

Պաշտոնական 18.09.2020   10:32   86

Հայաստանում նախատեսվում է ներդնել ծախսերի հայտարարագրման ինստիտուտ, որը հնարավորություն կտա Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին հավաքագրել, ստուգել և վերլուծել պաշտոնատար անձանց ծախսերը, որոնք մինչ այդ չէին արտացոլվում հայտարարագրում։  Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Հակակոռուպցիոն և քրեակատարողական քաղաքականության մշակման վարչության պետ Մարիամ Գալստյանը:

Խոսելով ծախսերի հայտարարագրման ինստիտուտի ներդրման անհրաժեշտության մասին, Գալստյանը ասաց, որ շատ հաճախ անօրինական ճանապարհով ստացված միջոցները հնարավոր է օգտագործել այնպիսի եղանակով, որ այն  չարտացոլվի հայտարարագրում, օրինակ՝ մի շարք ծառայություններից օգտվելիս, հանգստյան, ուսման համար վճարումներ կատարելիս, ուստի, հայտարարատու անձի ֆինանսական շարժի վերաբերյալ համապարփակ տեղեկատվություն ստանալու նպատակով անհրաժեշտ է ստանալ տեղեկություններ նաև վերջինիս կողմից կատարված ծախսերի վերաբերյալ:

«Գույքային դրության ստուգման ամբողջական տեղեկատվության հավաքագրումը, դրա հրապարակումը և հանրային վերահսկողության համար անհրաժեշտ գործիքակազմի ներդրումը մեծապես կնպաստի կոռուպցիայի կանխարգելմանը և հնարավոր խախտումների, այդ թվում՝ հանցագործությունների բացահայտմանը»,- ընդգծեց Գալստյանը:

Հակակոռուպցիոն և քրեակատարողական քաղաքականության մշակման վարչության պետի խոսքով` նախագծերի փաթեթով առաջարկվում է նաև ընդլայնել հայտարարատուների շրջանակը՝ ներառելով համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարների, 15 000 և ավելի բնակչություն ունեցող համայնքների ավագանու անդամների, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի, Երևան համայնքի ավագանու անդամների պաշտոն զբաղեցնող անձանց:

« Որոշակի կոնկրետ ծախսերի դեպքում, որոնք են՝ հանգստի համար կատարված ճանապարհածախսը (ավիատոմս, գնացքի, ավտոբուսի, նավի տոմսեր), կեցության  ծախսը, շարժական կամ անշարժ գույքի վարձակալության համար վճարվող վարձավճարը, ուսման կամ այլ դասընթացների համար վճարվող վարձավճարը, գյուղատնտեսական գործունեության իրականացման հետ կապված ծախսերը, վարկի մարմանն ուղղված վճարումները, անշարժ գույքի վերանորոգման համար կատարված ծախսերը, անձը պարտականություն է կրում դրանք հայտարարագրելու, եթե այդպիսի ծախսի միանվագ արժեքը գերազանցում է երկու միլիոն ՀՀ դրամը  կամ դրան համարժեք արտարժույթը կամ հաշվետու ժամանակահատվածում նույն տեսակի ծախսերի հանրագումարը գերազանցում է երեք միլիոն ՀՀ  դրամը կամ դրան համարժեք արտարժույթը»,- նշեց Գալստյանը, հավելելով, որ ծախսերի հայտարարագրման վերահսկողությունը  իրականացնելու է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը:

 Նախագծով նաև սահմանվել է դրույթ, առ այն, որ հայտարարագրման է ենթակա նաև ցանկացած այլ ծախս, եթե դրա  միանվագ արժեքը գերազանցում է երկու միլիոն ՀՀ դրամը կամ դրան համարժեք արժույթը:

Ավելին՝ այստեղ
 

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         հայտարարագրում, ԿԿՀ

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon