Հայաստանում կարանտինը երկարաձգվել է ևս 6 ամսով

Պաշտոնական 10.07.2021   10:30   67

Հայաստանի Հանրապետությունում կարանտինը երկարաձգվել է ևս 6 ամսով: Այս մասին ասվում է Կառավարության ընդունած որոշման մեջ, ըստ որի կարանտինը կտևի մինչև դեկտեմբերի 20-ը:

Հիշեցնենք՝ կառավարության որոշմամբ՝ կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարի շրջանակներում Հայաստանում կարանտինը սահմանվել էր 2020 թվականի սեպտեմբերի 11-ից: 4-ամսյա կարանտինը մինչև 2021թ. հունվարի 11-ն էր սահմանվել, բայց կառավարությունը այն երկարաձգեց մինչև այս տարվա հուլիսի 11-ը:

Առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը հուլիսի 9-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսել է կորոնավիրուսային հիվանդության, պատվաստանյութերի ու պատվաստումների ընթացքի վերաբերյալ:

Մինչև 2021 թվականի հուլիսի 7-ը Հայաստանի Հանրապետություն է ներկրվել COVID-19-ի դեմ 279460 դեղաչափ պատվաստանյութ, որից 26,6%` 74400 դեղաչափ անգլո-շվեդական արտադրության «ԱստրաԶենեկա» (37200 անձի համար՝ յուրաքանչյուրին 2 դեղաչափ, 8-12 շաբաթ միջակայքով), 37,5%` 105060 դեղաչափ ռուսական արտադրության «Սպուտնիկ-ՎԻ» (52530 անձի համար՝ յուրաքանչյուրին 2 դեղաչափ, առնվազն 21 օր միջակայքով), 35,7%` 100000 դեղաչափ չինական արտադրության «ԿորոնաՎակ»՝ (50000 մարդու համար՝ յուրաքանչյուրին 2 դեղաչափ, 28 օր միջակայքով):

Նշենք, որ հուլիսի 7-ին ստացվել է ևս 15000 դեղաչափ «Սպուտնիկ-ՎԻ»  պատվաստանյութի առաջին բաղադրիչ՝ 15000 անձի համար:

Հանրապետության մարզերի և Երևանի բոլոր առողջության առաջնային պահպանման կազմակերպություններն ապահովված են բավարար քանակության նշված 3 պատվաստանյութերով:

COVID-19-ի դեմ կարող են պատվաստվել 18 և բարձր տարիքի անձինք` ըստ դիմելիության, կամավորության սկզբունքով, անվճար: Պատվաստումներն իրականացվում են առողջության առաջնային պահպանման կազմակերպություններում շաբաթվա բոլոր օրերին: Շաբաթ և կիրակի սահմանվել են հերթապահություններ՝ ժամը 10։00-16։00-ը:

Պատվաստումներ են իրականացվում նաև շարժական պատվաստումային կետերում, որոնք տեղակայված են Երևանի Հյուսիսային պողոտայում, Դալմա Մոլի, Մեգա Մոլի, Ռոսիա Մոլի և Կասկադի հարակից տարածքներում, ինչպես նաև Գյումրիում և Վանաձորում:

Հայաստանում COVID-19-ի դեմ անվճար կարող են պատվաստվել նաև օտարերկրյա քաղաքացիները կամ քաղաքացիություն չունեցող անձինք: 2021 թվականի հուլիսի 15-ից նշված անձանց շրջանում, ովքեր ցանկություն կունենան պատվաստվելու, պատվաստումներն կիրականացվեն միայն, եթե վերջիններիս 10 օր և ավելի գտնվելու են Հայաստանի Հանրապետությունում: Պատվաստումը կիրականացվի անգլոշվեդական  «ԱստրաԶենեկա» պատվաստանյութով, 2021 թվականի հուլիսի 9-ից` միայն Երևանում ծավալված շարժական պատվաստումային կետերում:


 

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         կորոնավիրուս, պատվաստում, կարանտին

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon