Մալաքյան եղբայրներն ազատ արձակվեցին (տեսանյութ)

Պաշտոնական 03.09.2020   09:30   90

«Արարատ» և «Փյունիկ» ֆուտբոլային ակումբների ֆուտբոլիստներ Էդգար և Գոռ Մալաքյանները սեպտեմբերի 2-ին ուշ երեկոյան ազատ արձակվեցին Երևան քաղաքի ձերբակալվածների պահման վայրից։

Մալաքյանները լրագրողների հետ զրույցում նշեցին, որ այս պահին դեպքի վերաբերյալ ոչինչ ասել չեն կարող։

«Նոր ենք դուրս եկել, շատ բան հիմա չենք կարող ասել։ Ուզում ենք շնորհակալություն հայտնել բոլորից` Ֆեդերացիայից և բոլոր այն անձանցից, որոնք իրենց զորակցությունն են հայտնել։ Գիտենք, որ շատերն են իրենց զորակցությունը հայտնել»,- ասացին նրանք։

Նշենք, որ եղբայրների դեմքին վնասվածքներ, սալջարդերի հետքեր կային։ Նրանք նշեցին, որ այդ հետքերի ու ոստիկանների հետ տեղի ունեցած միջադեպի մասին մանրամասն կխոսեն հետո։

Ըստ տեղեկությունների`միջադեպի պատճառը եղել է այն, որ «Փյունիկ» ՖԱ-ի խաղացող  Արաս Օզբիլիսը որոշել է մեքենան կայանել Կասկադի հարակից տարածքում։ Երբ ոստիկանները ցանկացել են տուգանել նրան ոչ ճիշտ տեղում կայանելու համար, նույն մեքենայից դուրս են եկել Մալաքյան եղբայրները, որոնք սկսել են վիճաբանել ոստիկանների հետ և հայհոյանքներ հնչեցնել։ Տղաները ոստիկաններից պահանջել են չտուգանել Հայաստանի ամենահայտնի ֆուտբոլիստներից մեկին։ Այդ պահին միջադեպին ականատես է եղել մեկ այլ ոստիկան, որն իր կնոջ հետ է եղել։ Նա փորձել է կարգի հրավիրել եղբայրներին, բայց նրանք վիճաբանությունը շարունակել են նաև վերջինիս հետ։

«Արարատը» և «Փյունիկը» Մալաքյանների մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ պաշտոնական հայտարարությամբ էին հանդես եկել:

«Էդգարը «Արարատի» ֆուտբոլիստ է: Խիստ մտահոգիչ ենք համարում, որ միջադեպի վերաբերյալ տրվել է թռուցիկ նկարագրություն, ինչի հետևանքով տեղի ունեցածի մասին թյուր կարծիք է ստեղծվել հասարակության մոտ: Հույս ունենք, որ իրավապահները օբյեկտիվ քննություն կվարեն և կներկայացնեն ողջ եղելությունը: «Արարատ» ակումբը մշտապես կապի մեջ է ֆուտբոլիստների փաստաբանների հետ և մեծ ուշադրությամբ կհետևի իրադարձությունների հետագա զարգացմանը»,- ասված էր «Արարատի» պաշտոնական հայտարարության մեջ: 

Հիշեցնենք`օգոստոսի 30-ին տեղի ունեցած դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Կենտրոնական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի (իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը) 1-ին մասով և 258-րդ հոդվածի (խուլիգանություն) 1-ին մասով, որը նախաքննության կատարման համար ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին և ընդունվել վարույթ։

Քրեական գործով ոստիկանության 4 ծառայող ճանաչվել են տուժող, հարցաքննվել են մի շարք անձինք, առգրավվել են տուժողների հագուստները, նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ:

 

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Ոստիկանություն, «Արարատ», Մալաքյան եղբայրներ, «Փյունիկ», ՀՖՖ

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon