Հուլիսի 1-ից ֆիզիկական անձի անվամբ ավտոմեքենան հաշվառվում է ըստ նրա հաշվառման վայրի
ՀՀ կառավարության 26.09.2019թ. N 1335-Ն որոշման 2-րդ կետի համաձայն 2020թ. հուլիսի 1-ից ուժի մեջ են մտնում ՀՀ կառավարության 2010 թ. սեպտեմբերի 9-ի N 1251-Ն որոշման մեջ կատարված հետևյալ փոփոխությունները եւ լրացումները՝
Ֆիզիկական անձի անվամբ տրանսպորտային միջոցը գրանցվում-հաշվառվում է ըստ նրա՝ բնակչության պետական ռեգիստրում առկա հաշվառման վայրի: Բնակչության պետական ռեգիստրում հաշվառված չլինելու դեպքում տրանսպորտային միջոցը չի հաշվառվում՝ բացառությամբ ժամկետային ծառայության զինծառայողների, որոնց դեպքում տրանսպորտային միջոցը գրանցվում-հաշվառվում է ըստ նրանց՝ բնակչության պետական ռեգիստրում առկա վերջին հաշվառման վայրի:
Պետական գրանցման եւ պետական հաշվառման գործողությունների կատարումը մերժվում է, եթե ներկայացված չեն Հայաստանի Հանրապետության կառավարության վերոնշյալ որոշմամբ նախատեսված փաստաթղթերը, կամ անձը, որի անվամբ պետք է հաշվառվի տրանսպորտային միջոցը, հաշվառված չէ բնակչության պետական ռեգիստրում եւ (կամ) չի հատկացվել հանրային ծառայությունների համարանիշ կամ չի տրամադրվել հանրային ծառայությունների համարանիշ չստանալու վերաբերյալ տեղեկանք: