«  Սեպտեմբեր 2019  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30

Яндекс.Метрика

ՀՊՏՀ անձնակազմի ժողովի ընդունած միաձայն որոշման մասին

ՀՊՏՀ անձնակազմի ժողովի ընդունած միաձայն որոշման մասին

Նոր ուսումնական տարվա անելիքների, ՀՊՏՀ-ում ստեղծված իրավիճակի, կրթության բոլոր շահառուների միջև ստեղծված անջրպետը հաղթահարելու, բարոյահոգեբանական մթնոլորտը բարելավելու նպատակով, ինչպես նաև բուհի գլխավոր նպատակի՝ կրթության որակի բարելավման հարցերով մտահոգ ՀՊՏՀ ղեկավարությունը՝ ռեկտորի պաշտոնակատար Դիանա Գալոյանի գլխավորությամբ, այսօր հրավիրեց կոլեկտիվի ընդհանուր ժողով, որին մասնակցում էին համալսարանի պրոֆեսորադասախոսական և վարչական անձնակազմերի ներկայացուցիչներ:

Բացելով հանդիպումը՝ Դիանա Գալոյանը նախ շնորհավորեց ՀՊՏՀ աշխատակիցներին նոր ուսումնական տարվա առթիվ, ապա ընդգծեց, որ իր համար հավասարապես կարևոր են ՀՊՏՀ  բոլոր շահառուները՝ թե՛ բուհի պրոֆեսորադասախոսական և վարչական անձնակազմը, թե՛ պետությունը, թե՛ գործատուները, թե՛ շրջանավարտները, թե՛ ուսանողները: Նրա խոսքով՝ անընդունելի է այս շահառուների միջև անջրպետը: Բուհի ղեկավարը հորդորեց՝ ուսանողների հետ պետք է գնալ երկխոսության, ականջալուր լինել նրանց մտահոգություններին, հետամուտ լինել նրանց բարձրացրած խնդիրների լուծմանը: «Ինձ համար այս իրավիճակում շատ կարևոր է բարոյահոգաբանական մթնոլորտի բարելավումը, հատկապես կարևոր է, որ մենք կարողանանք մեր բուհում ստեղծված խնդիրները լուծել մեր պատերի ներքո: Ես շատ եմ ցանկանում, որ մենք բոլոր խնդիրները քննարկենք բաց, հայտնենք քննադատական կարծիքներ, ազատորեն մերժենք անընդունելի երևույթները և համատեղ ուժերով հանգենք որոշումների, որոնք կլինեն ներառական և մասնակցային կառավարման արդյունք»,- հայտարարեց ռեկտորի պաշտոնակատարը:

Հանդիպումը վերածվեց լայն քննարկման, կարծիքներով և առաջարկներով հանդես եկան շուրջ  երկու տասնյակ աշխատակիցներ, որոնց թվում դասախոսներ Արմեն Հակոբյանը, Գագիկ Ասլանյանը, Աշոտ Սալնազարյանը, Դավիթ Հախվերդյանը, Մհեր Աղալովյանը և այլոք: Ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Արմեն Գրիգորյանն իր հերթին շեշտադրեց՝ բուհի կառավարումը շարունակելու է լինել ուսանողակենտրոն, բայց աշխատակազմի հետ տարվող աշխատանքը կլինի մարդակենտրոն: Աշխատակից Լիանա Բաղդասարյանը շնորհակալություն հայտնեց բուհի նոր ղեկավարին՝ համալսարանում ստեղծված իրավիճակը համախմբման և փոխադարձ հարգանքի մթնոլորտում լիցքաթափելու մոտեցման համար:

Այնուհետև բուհի ղեկավարը նշեց, որ ստեղծված իրավիճակի բարելավման ճանապարհային քարտեզ է առաջարկում, որում կան նախ օպերատիվ լուծման խնդիրներ, ապա նաև՝ միջնաժամկետ ռազմավարական նպատակներ: Օպերատիվ անելիքների շարքում ռեկտորի պաշտոնակատարի ներկայացրած քայլերը հետևյալն էին.

  • խստորեն պահպանել կարգապահությունը` բացառելով դասաձախողումները, ուշացումները, ուսանողներին դասերից շուտ բաց թողնելու արատավոր բոլոր երևույթները
  • բացառել 80 րոպե թելադրություններով դասերի անցկացումը, միաժամանակ ուսանողներին պետք է տրամադրել հայալեզու նյութեր և գրականություն
  • դասավանդման գործընթացների նկատմամբ սահմանել վերահսկողություն՝ դասալսումների, ուսանողների պարբերական հարցումների անցկացման, ամբիոնային քննարկումների միջոցով,
  • բաց մրցույթի միջոցով ձևավորել փորձագիտական խումբ՝ ներառելով նաև ուսանողների, որը կմշակի մասնագիտական ատեստավորման և պաշտոնների տեղակալման մրցութային կարգ,
  • ձևավորել հետազոտական բունուսային հիմնադրամ, որը հնարավորություն կտա ակադեմիական կազմին ներգրավվել հետազոտական աշխատանքում,
  • մշակել KPI-երի համակարգ՝ պրոֆեսորադասախոսական և վարչական անձնակազմի համար, որը հետագայում կդրվի աշխատավարձերի և պարգևավճարների տարբերակման հիմքում:

Դիանա Գալոյանի ներկայացրած առաջարկները կոլեկտիվի միաձայն քվեարկությամբ հաստատվեցին և ընդունվեցին որպես կոլեկտիվի որոշում: Հանդիպումը, որն ընթացավ փոխըմբռնման մթնոլորտում, ավարտվեց՝ երկուստեք խոստանալով սրտացավ ու համատեղ աշխատանք՝ հանուն կրթության որակի բարձրացման, հանուն Տնտեսագիտական մայր բուհի հեղինակության և կրթական ու գիտական լավագույն ավանդույթների արժևորման և պահպանման:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին