«  Մարտ 2019  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Яндекс.Метрика

«Իսագուլյանի գնահատմամբ, մարտի 1-ին հային պետք էր անմիջապես գնդակահարել»

«Իսագուլյանի գնահատմամբ, մարտի 1-ին հային պետք էր անմիջապես գնդակահարել»

«Իշխանությունները ամենևին էլ խեղճ չեն եղել, եթե խեղճ լինեին՝ 10 հոգու տեղը 1000 հոգի կզոհվեին Մարտի 1-ին»:
Միտքը Գառնիկ Իսագուլյանինն է, նրա գնահատմամբ հանրահավաք անցկացնող հայը շարքային սադրիչ էր, որին պետք էր անմիջապես գնդակահարել:

11 տարի անց մնում է ծնկաչոք գնալ ու շնորհակալություն հայտնել Իսագուլյանի իշխանություններին, որ 10 զոհով են սահմանափակվել, թե չէ՝ մի ջրցանի ազգ չէ՞ինք, կտրորեին, առանց աչք թարթելու բոլորիս կգնդակահարեին:

Ստացվում է ՝ ողջ մնալու համար պարտական ենք «բարեգութ և մեծահոգի» վոյինին ու ցողունված ղումարբազին, մնում է պարզել՝ ու՞մ փառաբանենք 20 տարիների հետապնդումների, մեր նկատմամբ սկիզբ առած անվերջանալի ատելության, ավելի ահանգնացող ու չմարող վրեժխնդրության, ընդդիմադիրի խարանը վաստակածներիս հանդեպ մինչ օրս իրագործվող սանձարձակությունների և անօրինությունների համար:

Իսկ ու՞մ երախտապարտ լինենք մեր կյանքի լավագույն տարիները զավթելու ու մեր ունեցածը մեզանից խլելու համար՝ նախորդների՞ն, թե՞ նախորդների մնացորդներին, որ պակասելու փոխարեն ավելանում, հաստատվում են Նոր Հայաստանում՝ առավել կատաղած ու անկառավարելի:

Հայրենիքը չեն ընտրում, հայրենիքը պաշտում են, շենացնում, հայրենիքն է ապահովում իր զավակի բարօրությունը, մատնանշում երազանքներին հասնելու ուղիները, պաշտպանում, հետո միայն պահանջում է պահել և պահպանել ստեղծածը:

Մեզ ստիպեցին հեռանալ, իսկ մենք ավելի ամուր կառչեցինք մեր հողին, ահաբեկեցին հնարավոր բոլոր միջոցներով, սակայն չհանձնվեցինք, մենք ցնծացինք հեղափոխությունով, իսկ հակահեղափոխականները ավելի ամրացան, զինվեցին նորանոր հնարքներով՝ մեզ վերջնականապես ոչնչացնելու վաղեմի երազանքները արագընթաց կերպով իրականացնելու հսկայական փաթեթը գործի դրած:

«Մերժիր Սերժին»-ը պետք է լիներ մերժումը բոլոր նրանց, որոնք բուծվել էին հենց սերժի ու իր նախորդի օրոք, մերժումը՝ ամբողջ համակարգի, բոլոր արատավոր ու ազգակործան երևույթների:

Իսագուլյանների համար Մարտի 1-ի 10 զոհերն ու վիրավորները, խեղված հոգիներով տասնյակ հազարավորները յուրային չեն. նրանց հետ կարելի էր ավելի դաժան դատաստան տեսնել, իսկ ի՞նչ փույթ՝ իրենք այսօր էլ շարունակում են նախկիններից վաստակած «բարի ավանդույթները», որովհետև իրենց լծակները ամենևին էլ չեն պակասել, իրենք լայն ասպարեզ ունեն ու ոչ մի սաստող, գործելու տարատեսակ սարսափազդու միջոցների են տիրապետում, որոնք անարգել կիրառում են:

«Մերժիր Սերժին»-ը քոչարյանասերժական ամբողջի մերժումն է, իսկ քանի դեռ Նոր Հայաստանում ամենուր վխտում են նրանց մնացորդները, ամենևին էլ չի բացառվում, որ մի օր էլ կվերադառնան Աղվան Հովսեփյանները, Գևորգ Կոստանյանները, գոնսալեսներն ու մանվելները, իսկ Իսագուլյանները չեն զլանա հուշել, որ Մարտի 1-ի պես բարյացակամ և հանդուրժող չլինեն ու չբավարարվեն 10 զոհով:

Լուսինե Խաչատրյան