«  Դեկտեմբեր 2019  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031

Яндекс.Метрика

«Իշխանության անգործության պատճառով Սամվել Կարապետյանի ձեռքում կենտրոնանում է Հայաստանի էներգետիկան և կապը»

«Իշխանության անգործության պատճառով Սամվել Կարապետյանի ձեռքում կենտրոնանում է Հայաստանի էներգետիկան և կապը»

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը:

– Այսօր Մարտի 1-ի գործով հերթական դատական նիստն էր, ենթադրվում էր, որ միջնորդությունների փուլով կանցնի, և այդպես էլ եղավ: Ձեզ հասկանալի՞ է դատավարության ընթացքը:

– Շատ պարզ է. Ռոբերտ Քոչարյանը և իր թիմը անում են ամեն ինչ, որ հետաձգեն մեղադրական եզրակացության ընթերցումը: Երբ որ դատախազը կհրապարակի մեղադրական եզրակացությունը, և կսկսվեն ապացույցների, վկայությունների վերաբերյալ գնահատականները, մեր ժողովուրդը կտեսնի, թե ինչ սարսափելի բան է կատարվել Մարտի 1-ին: Քոչարյանը և իր թիմը խուսափում են սրանից՝ հույս ունենալով, որ ինչ-որ ժամանակ իրավիճակը կփոխվի՝ այս իշխանությունը ինչ-որ պահի կթուլանա կամ իրենք պրոբլեմներ կսարքեն և այդպես կկարողանան խուսափել պատասխանատվությունից:

– Ավելի ուշագրավ է դառնում ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի նոր հրապարակումը, որտեղ նկարագրվում է ՍԴ-ի և իշխանության համագործակցությունը կեղծարարության ինստիտուտը հիմնադրելու հարցում: Շատերի մոտ հարց է առաջանում, թե ինչու է ժամանակային այդ փուլն ընտրվել, քիչ է խոսվում 2003-ից առաջվա իշխանության մասին: Դուք այդ իշխանության ներկայացուցիչ եք, ճիշտ կլինի դուք պատասխանեք այդ հարցին:

– Վ. Գրիգորյանը շատ պարզ փաստարկները նշել է: Ընտրակեղծարարության այն ծավալը, որը ենթադրում է պետական իշխանության կողմից իրականացված, համակարգված կեղծում, տեղի է ունեցել 2003 թվականից սկսած… Սա առաջին սիմպտոմն է, որ պետական կեղծարարություն է իրականացվել, ընտրակաշառքի բաժանում, բռնություններ՝ սրանք այլ սիմպտոմներ են: Բացի սրանից, 2003թ., երբ Գագիկ Հարությունյանի գլխավորած ՍԴ-ն որոշում ընդունեց առաջարկել վստահության հանրաքվե անցկացնել, դրա պատճառով ՍԴ-ի վրա ծանր ճնշումներ գործադրվեցին. սա էլ է կարևոր ցուցիչ: 2005թ. փոփոխությամբ ՍԴ-ն լիազորված չէ լուծել ընտրական վեճերի հետ կապված հարցեր, այլ լիազորված է լուծել ընտրական վեճերի վերաբերյալ որոշումների հետ կապված հարցեր… Այսինքն՝ կապել են ՍԴ ձեռքերը:

– Կենտրոն վարչական շրջանի ղեկավար է նշանակվել ՀԱԿ ներկայացուցիչը:

– Խոսքն Ավետ Պողոսյանի մասին է, որը մինչև 2016թ. եղել է ՀԱԿ վարչության անդամ, բայց հետագայում, հավանաբար, նա կուսակցությունից դուրս է եկել:

– Քաղաքական շրջանակներում մեկնաբանություններ կան, որոնք ՀԱԿ-ՔՊ համագործակցության վրա են հիմնվում:

– Դա ես հերքում եմ, Կոնգրեսի և ՔՊ-ի միջև համագործակցության որևէ նշույլ չկա… Կոնգրեսի և ՔՊ-ի միջև իշխանության ձևավորման հարցում չկա որևէ համագործակցություն:

Կա մի ուղղություն, որի մասին կցանկանայի խոսել, որտեղ այս իշխանությունը շատ լուրջ խնդիրներ ունի. դա հակամենաշնորհային քաղաքականության խնդիրն է: Որպես օրակարգ հռչակել են, բայց ես հիմա կխոսեմ փաստերից. կա «Տաշիր գրուպի» Սամվել Կարապետյանը, որը միգուցե շատ լավ մարդ է… Ս. Կարապետյանին է պատկանում ՀԷՑ-ը, նրա կառավարմանն էր հանձնված ԲԷՑ-ը, նրան է պատկանում Հրազդանի ՋԷԿ-ը, որը արտադրում է Հայաստանի էլեկտրաէներգիայի 40 տոկոսը, մեկ շաբաթ առաջ գնեց Սևան-Հրազդան կասկադը: Տեղեկություններ կան, որ Ձորագես ՀԷԿ-ը, որը Ս. Սարգսյանի, Միշիկի ձեռքին էր, հիմա դա էլ է Ս. Կարապետյանի ձեռքում, այսինքն՝ էներգետիկան՝ ոչ միայն էլեկտրացանցերը, այլ նաև էներգիա արտադրող շատ լուրջ պոտենցիալ է կենտրոնացած նրա ձեռքում: Նախ՝ կա շահերի բախում. արտադրում է, ինքն իրենից գնում է, հետո բաշխում է հանրությանը. սա տարրական մենաշնորհ է: Նա նաև «Յուքոմի» ահռելի  բաժնեմաս ունի և բանակցություններ է տանում «Բիլայնը» գնելու համար: Այսինքն՝ կա նպատակ Հայաստանի ստրատեգիական ռեսուրսները՝ էներգետիկան և կապը մի մարդու ձեռքը վերցնելու… Ո՞ւր է պետությունը:

Մենաշնորհացումը քանդում է ցանկացած պետություն… Չի կարելի երկրի ողջ ռեսուրսը կենտրոնացնել Սամվել Կարապետյանի ձեռքում, դա կարող է դառնալ չարիք երկրի համար, մամուլում արդեն հրապարակումներ կան այն մասին, որ Վանեցյանի հետ ուզում է կուսակցություն ստեղծել: Ինչ է նշանակում ունենալ քաղաքական նպատակներ և ունենալ այդ ռեսուրսները քո ձեռքում: Նիկոլ Փաշինյանը մի պարզ բան պետք է հասկանա, ոչ միայն ինքը, այլ նաև ամբողջ քաղաքական համակարգը կարող է ակամա վերածվել մարիոնետի այդ մարդու ձեռքում:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում: