«  Մարտ 2019  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Яндекс.Метрика

«Ժողովուրդ» օրաթերթի խմբագիր. «Շարունակելու ենք Մարտի 1-ի գործով ցուցմունքներ հրապարակել»

«Ժողովուրդ» օրաթերթի խմբագիր. «Շարունակելու ենք Մարտի 1-ի գործով ցուցմունքներ հրապարակել»

«Ժողովուրդ» օրաթերթի գլխավոր խմբագիր Քնար Մանուկյանի խմբագրած թերթը մարտի 16-ի համարի առաջին էջում տպագրել է Հայաստանի երրորդ նախագահ, 2008-ին Պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցրած Սերժ Սարգսյանի ցուցմունքից հատվածներ 2008-ի մարտյան իրադարձությունների վերաբերյալ: Ավելի վաղ թերթը հրապարակել էր այս գործի շրջանակում որպես վկա հարցաքննված Սահմանադրական դատարանի անդամ Ֆելիքս Թոխյանի և 2008-ին Պաշտպանության փոխնախարարի պաշտոնը զբաղեցրած Գագիկ Մելքոնյանի հարցաքննություններից հատվածներ:

Դրանից հետո Հատուկ քննչական ծառայությունը զգուշացրել էր լրատվամիջոցներին, որ նախաքննական գաղտնիք պարունակող տվյալների հրապարակումը կարող է հանգեցնել քրեական պատասխանատվության, իսկ թերթի շաբաթօրյա համարի լույս ընծայումից հետո արդեն քրեական գործ հարուցեց:

«Ակնհայտ ճնշում լրատվամիջոցի նկատմամբ․ մինչ քրեական գործը հարուցելը հայտարարվեց զգուշացում: Սա սպառնալիք է, եթե ոչ ավել․․․ Քո գործունեությունը հնարավոր կերպ զսպելու, քո հետագա ընթացքը զսպելու ընթացք տեղի ունեցավ»,- ասել է Քնար Մանուկյանը «Ազատության» հետ զրույցում:

Օրաթերթի հրապարակած ծավալուն սղագրությունում Սերժ Սարգսյանը ասել է, որ եթե ինքն էլ լիներ պաշտպանության նախարար, ապա ինքը ևս կստորագրեր զորքը զորանոցային վիճակի բերելու հրաման:

«Ինչ կատարել են այդ ժամանակվա ՀՀ նախագահն ու պաշտպանության նախարարը, ես համարում եմ, որ կատարել են օրենքի և իրենց իրավասության շրջանակներում և ես չեմ պատրաստվում իրավական գնահատականներ հնչեցնել»,- ասել է Սերժ Սարգսյանը:

Նա  հաստատել է նաև, որ Ղարաբաղից բանակային ստորաբաժանումներ են բերվել․

«Վերջիններիս գալու անհրաժեշտության, նպատակի կամ դրդապատճառների մասին չեմ հետաքրքրվել և որևէ մեկին որևէ հարցադրում այդ կապակցությամբ չեմ արել»։ 

Քնար Մանուկյանը պնդում է, որ այս նյութերն իր ձեռքի տակ են հայտվել մինչև Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի և Արմեն Գևորգյանի մասով ՀՔԾ կողմից նախաքննության ավարտի մասին հայտարարելը, և ինքը ասել է, որ դրանք կհրապարակի ավարտից հետո: Այդպես էլ արել է։

Մանուկյանն ասել է, որ իրենք շարունակելու են Մարտի 1-ի գործով ցուցմունքներ հրապարակել, և անգամ դատարանի որոշումը աղբյուրը բացահայտելու մասին, իրենց չի կաշկանդի։

Ըստ ՀՔԾ հաղորդագրության, քրեական գործի նախաքննությունն ավարտվում է մեղադրական եզրակացություն կազմելով: Իսկ մինչև նախաքննության ավարտը քրեական դատավարության կողմերը չեն կարող նախաքննական գաղտնիքը բացահայտող տեղեկություններ հրապարակել կամ փոխանցել այլ անձանց, այդ թվում` լրատվամիջոցների ներկայացուցիչներին, քանի որ, համաձայն օրենքի, առանց քննիչի, դատախազի կամ հետաքննություն կատարող անձի թույլտվության, քրեական գործին առնչվող նախաքննության տվյալները հրապարակելը կարող է հանգեցնել քրեական պատասխանատվության:

«Ժողովուրդ» օրաթերթի գլխավոր խմբագիրը դեռ հարցաքննության չի կանչվել Հատուկ քննչական ծառայության կողմից նախաքննության տվյալները հրապարակելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակում։

Ավելին՝ տեսանյութում