Կապիտոլիումում անկարգությունների ժամանակ 4 մարդ է մահացել

Աշխարհ 07.01.2021   12:00   204

Կապիտոլիումում անկարգությունների ժամանակ 4 մարդ է մահացել: Այս մասին հայտնել է մայրաքաղաքի Կոլումբիայի օկրուգի ոստիկանության վարչության պետ Ռոբերտ Քոնթին, հաղորդում է CBS-ը:

Նրա խոսքով, մեկ կնոջ գնդակահարել են ոստիկանները, եւս երեքը մահացել են «բժշկական բնույթի արտակարգ իրավիճակի հետեւանքով»:

Քոնթին հավելել է, որ ոստիկանության 13 սպա վիրավորում է ստացել բռնության հետևանքով: Նրա խոսքով, տեղի ժամանակով 21.30-ի դրությամբ ավելի քան 52 մարդ ձերբակալվել է, որոնցից 47-ը կապված է պարետային ժամը խախտելու հետ:

Վաշինգթոնի քաղաքապետ Մյուրիել Բաուզերը հայտարարել է, որ երկարաձգում է նախապես հայտարարված արտակարգ դրության ռեժիմը եւս 15 օորով, մինչեւ հունվարի 21-ը:

Նրա խոսքով, ակցիայի մասնակիցները, որոնք ներխուժել են Կոնգրեսի շենք, «օգտագործել են քիմիական գրգռիչներ, աղյուսներ, շշեր եւ ատրճանակներ»:

«Նրանք խախտել են Կապիտոլիումի անվտանգությունը, նրանց ապակառուցողական եւ խռովարարական վարքը կարող է դուրս գալ Կապիտոլիումի սահմաններին: Նրանց մոտիվացիան շարունակվում է»:

Նախագահ Թրամփը շարունակում է ցասում եւ բռնություն հրահրել՝ հայտարարելով, որ նախագահական ընտրությունները վավեր չեն: Մարդիկ դժգոհ են դատակն որոշումներից եւ ընտրական հանձնաժողովների եզրակացություններից, եւ կարելի է սպասել, որ որոշ մարդիկ կշարունակեն իրենց բռնի բողոքի ցույցերը մինչեւ պաշտոնակալման արարողությունը»,- ասված է Բաուզերի հայտարարության մեջ:

Նշվում է, որ վերջին իրադարձությունները և հիմնավոր մտավախությունները, որ արտակարգ իրավիճակը կշարունակվի, հանրային անվտանգության եւ օկրուգի բնակիչների բարեկեցության սպառնալիք են:

ԱՄՆ-ում խոշոր կորպորացիաներն ու բիզնես խմբերը դատապարտել են անկարգություններն ու բռնությունները Կապիտոլիումի բլուրում, հայտնում է AFP-ն:

«Այս օրը նշանավորեց մեր երկրի պատմության տխուր եւ ամոթալի գլուխը,- գրել է Apple-ի գործադիր տնօրեն Թիմ Քուքը Twitter-ում:- Այս ապստամբության համար պատասխանատուները պետք է պատասխանատվության ենթարկվեն, եւ մենք պետք է ավարտենք անցումը նորընտիր Նախագահ Բայդենի վարչակազմին: Մեր իդեալներն ամենամեծ նշանակությունն ունեն, հատկապես երբ դրանց մարտահրավեր են նետում»:

Business Roundtable կազմակերպությունը հայտարարություն է տարածել` կոչ անելով «նախագահին եւ բոլոր համապատասխան պաշտոնյաներին դադարեցնել քաոսը եւ նպաստել իշխանության խաղաղ փոխանցմանը»:

ԱՄՆ Առեւտրի պալատի գլխավոր տնօրեն Թոմաս Ջ. Դոնոհյուն ասել է. «Հարձակումները մեր երկրի Կապիտոլիումի եւ մեր ժողովրդավարության վրա պետք է ավարտվեն, եւ Կոնգրեսը պետք է կատարի իր սահմանադրական պարտականությունները` նախագահական ընտրություններում հաղթողին հաստատելու համար»:

Արտադրողների ազգային ասոցիացիայի նախագահ եւ գործադիր տնօրեն Ջեյ Թիմոնսը փոխնախագահ Մայք Փենսին կոչ է արել «լրջորեն մտածել» 25-րդ փոփոխության կիրառման մասին, որը թույլ կտա նրան ժամանակավորապես նախագահ դառնալ Թրամփի անգործունակ ճանաչվելուց հետո: «Հեռացող նախագահը բռնություն էր հրահրում` փորձելով պահպանել իշխանությունը, եւ նրան պաշտպանող ցանկացած ընտրված ղեկավար խախտում է իր երդումը Սահմանադրության առջեւ եւ մերժում ժողովրդավարությունը` հօգուտ անիշխանության»,- ասել է նա:

Հիշեցնենք, որ Վաշինգտոնում՝ ԱՄՆ կոնգրեսի շենքի մոտ, ժամեր շարունակ Թրամփի կողմնակիցների բողոքի ակցիա էին անցկացնում այն ժամանակ, երբ Կոնգրեսի 2 պալատների համատեղ նիստում պետք է քննարկվեին նոյեմբերի 3-ին կայացած նախագահական ընտրությունների արդյունքները։

Նիստի մեկնարկից քիչ անց սենատն ընդհատել էր աշխատանքը հանրապետական սենատորների առարկության պատճառով, որոնք դեմ են արտահայտվել Արիզոնայի նահանգի ձայները հաստատելուն։

Կապիտոլիումի մոտ հավաքված ցուցարարները ներխուժել էին շենք ու շրջապատել սենատի դահլիճը։ Ոստիկանների ու ցուցարարների միջև բախումներ են տեղի ունեցել։ Ուժայիններն արցունքաբեր գազ ու լուսաձայնային նռնակներ են օգտագործել։ Կան տուժածներ, այդ թվում՝ ոստիկանների շարքում։ 

Ազգային գվարդիայի ջոկատները շարժվել են դեպի մայրաքաղաք Վաշինգտոն, որտեղ պարետային ժամ է հայտարարվել։

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Կապիտոլիում, Վաշինգտոն, արտակարգ դրություն

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon