Կառավարություն. Հայաստանում մինչև հունվարի 11-ը սահմանվում է կարանտին

Կարևոր 11.09.2020   16:45   175

ՀՀ կառավարությունն այսօր որոշում է կայացրել Հայաստանում սահմանված արտակարգ դրությունն այսօրվանից փոխարինելու կարանտինի ռեժիմով։

Կարանտինը Հայաստանում սահմանվում է 2020 թվականի սեպտեմբերի 11-ի, ժամը 17:00-ից մինչև 2021 թվականի հունվարի 11-ը ներառյալ:

Կառավարության ընդունած որոշմամբ`

  1. Ցամաքային սահմանի անցակետերով արգելվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն չունեցող անձանց մուտքը Հայաստանի Հանրապետություն՝  բացառություններով։   
  2. Տոնական և հիշատակի միջոցառումները, ներառյալ` ծննդյան (տարեդարձի), հարսանյաց (նշանադրության) միջոցառումներին, հոգեհանգստի և հուղարկավորության արարողություններին արգելվում են 60-ից ոչ ավելի անձանց մասնակցություն։
  3. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության զորամասերում արգելվում են տեսակցությունները։
  4. Հավաքներ կազմակերպել, անցկացնել և հավաքներին մասնակցել թույլատրվում է միայն անհատական պաշտպանության  միջոցների կիրառման և անձանց միջև նվազագույնը 1.5 մետր հեռավորության պահպանման դեպքում:
  5. Բնակության վայրի բնակելի տարածքից դուրս գտնվելիս և տեղաշարժվելիս անձը հաստատող փաստաթղթի առկայությունը պարտադիր է:

Սրանք որոշ կետեր են կառավարության այսօրվա որոշումից, որով չորս ամսով սահմանվում է կարանտին։

ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԱՅԻՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՄԲ (COVID-19) ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ ԿԱՐԱՆՏԻՆ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Հաշվի առնելով այն, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը 2020 թվականի մարտին հայտարարել է կորոնավիրուսային հիվանդությամբ (COVID-19) պայմանավորված համավարակ, և ամբողջ աշխարհում համաճարակային իրավիճակը շարունակում է մնալ լարված, այն, որ Հայաստանի Հանրապետությունում ևս հիվանդությունը ստացել է լայնածավալ տարածում, և երկրում առաջացել է համաճարակ՝ հիմք հանդիսանալով արտակարգ իրավիճակի առաջացման, հաշվի առնելով նաև Առողջապահության համաշխարհային կազմակերպության նախազգուշացումը համավարակի երկրորդ ալիքի վտանգի մասին, կարևորելով բնակչության առողջության պահպանման և առողջական վիճակի բարելավման նպատակով համապատասխան կանխարգելիչ և հակահամաճարակային միջոցառումների իրականացման անհրաժեշտությունը, հաշվի առնելով առողջապահության ոլորտի լիազոր մարմնի (այսուհետ՝ լիազոր մարմին) համապատասխան առաջարկությունը և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20.2-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 20.3-րդ հոդվածի 4-րդ մասով, «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի «թ» և «ժ» կետերով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1․ Սահմանել կարանտին Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում՝ 2020 թվականի սեպտեմբերի 11-ից, ժամը 17:00-ից մինչև 2021 թվականի հունվարի 11-ը ներառյալ:

2․ Սահմանել կարանտինի ընթացքում կիրառվող միջոցառումները և սահմանափակումները` համաձայն հավելվածի:

3․ Սահմանել, որ սույն որոշման 2-րդ կետով նախատեսված միջոցառումները և սահմանափակումները կիրառվում են «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» և «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված կարգով՝ այդ օրենքներով նախատեսված մարմինների կողմից:

Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակվելուց անմիջապես հետո:

Չորսամսյա կարանտինի ընթացքում ՊՆ զորամասերում տեսակցություններն արգելվում են:

Քրեակատարողական հիմնարկներում երկարաժամկետ տեսակցությունները թույլատրվում են բացառապես քրեակատարողական հիմնարկում կորոնավիրուսային  հիվանդության գործող դեպքերի բացակայության և տեսակցողի՝ ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքի դեպքում (վերջին 72 ժամ վաղեմությամբ):

Նշենք, որ կարանտինային ռեժիմը խախտելու համար տեղադրվում են տուգանքներ

Մանրամասներն՝  այստեղ  
 Նյութը հասանելի է նաև ռուսերեն
 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Հայաստան, կարանտին, կորոնագիրուս

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon