«  Մայիս 2022  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031

Яндекс.Метрика

Կարծիք. Պետականություն և Լևոն Տեր-Պետրոսյան․ Առավոտ

Կարծիք. Պետականություն և Լևոն Տեր-Պետրոսյան․ Առավոտ

aravot.am. «Հավաքական ինքնասպանության ներկայացումը, որին մենք թերահավատությամբ ականատես ենք լինում պարզապես աննախընթաց է, այն ամոթալի է և վիրավորական բանականության համար։ Անկախ պետության կորստի վտանգն իրական է, մինչդեռ ամեն ինչ ընթանում է այնպես, կարծես ոչինչ էլ չի պատահել։ 5000 սպանված, 10 000 վիրավոր՝ զոհասեղանին դրված մի ողջ սերունդ։ Դժվար բուժման ենթակա վախ և ճակատագրապաշտություն։ Եվ վարչապետ, որ կառչում է իշխանությանը՝ որպես միակ փաստարկ նշելով նախկին նախագահների, մասնավորապես Քոչարյանի վերադարձի սպառնալիքը։ Ու ոչ մի բառ մեզ այս վիճակին հասցրած մոլորությունների ու կոպիտ սխալների մասին։ Պատասխանատվություն ստանձնելը հեշտ բան չէ։

Armenian Mirror Spectator-ին տված իմ վերջին հարցազրույցից ի վեր, որում նշում էի, թե առանց քաղաքականության և քաղաքական թիմի փոփոխության յուրաքանչյուր օրն անդառնալի վնասներ է հասցնելու Արցախի հիմնախնդրին և Հայաստանի տարածքային ամբողջականությանը, ես լռություն եմ պահպանել։

Այդ ժամանակից ոչինչ չի փոխվել, չհաշված Ադրբեջանի կողմից Հայաստանի տարածքների մաս-մաս պոկելը։ Լրատվամիջոցները վերլուծաբանների, «փորձագետների», պարապ բանավեճերի պակաս չունեն, սակայն արտահայտված կարծիքները կոտորակված են, կիսատ-պռատ, կողմնակալ, հաճախ ուղղված անցյալին՝ մեղքը բարդելով մերթ մի ուժի, մերթ մի ուրիշի վրա։ Այդ կարծիքներն առկա քաղաքական հիմնախնդիրների լուծում չեն առաջարկում։ Իսկ հանրային դաշտում մտքերի փոխանակումը շշմեցուցիչ է․ ինչի ասես չես հանդիպի սոցիալական ցանցերում՝ զրպարտություններ, մատնություններ, հայհոյախառն խոսքեր, դավադրության տեսություններ։

Մինչդեռ հայտարարված աղետն արդեն վրա է հասել և ճշմարտության ժամն է հնչում։

Արդյո՞ք հայ ժողովուրդը կկարողանա իր հավաքականությամբ ճիշտ քայլեր կատարել և ամեն ջանք ներդնել՝ խույս տալու համար 20-րդ դարասկզբին ճգնաժամերի կառավարման ժամանակ թույլ տված սխալների կրկնությունից։ Ինքնիշխան պետության կորուստն անշրջելի կլինի հայության համար, քանի որ Հայաստանի քաղաքացիները գիտեն, որ գնալու տեղ ունեն՝ դա լավ կառուցված և հարուստ սփյուռքն է։

1990-ականներից սկիզբ առած արտագաղթը լայն թափ է ստանում։ Հատկապես բարեկեցիկ ընտանիքները, չցանկանալով իրենց զորակոչի տարիքի հասած որդիներին ուղարկել բանակ՝ հայրենիքին ծառայելու, նրանց ճանապարհում են արտասահման։ Զուգահեռաբար, վերջին արտագաղթից հետո սփյուռքում հայտնված երկքաղաքացիություն ունեցող հայերն ամեն ինչ անում են, որ իրենց զավակները զինվորական ծառայությունը Հայաստանում չանցկացնեն։ Իհարկե, ոչ ոք չի կարող այս պահվածքի համար նրանց մեղադրել, հատկապես սփյուռքում ծնված հայերը։ Սակայն այս իրողությունը վկայում է, թե ինչքան թերահավատ է հայ հասարակությունը երկրի ապագայի և ի վերջո այն բանի նկատմամբ, ինչ կարող է պատահել։ Ահա այս ճակատագրապաշտությունը պետք է շրջել։

Փաշինյանին սատարելը քաղաքական և բարոյական խանգարմունք է

Բնակչության մի մասը, իհարկե գնալով նվազող մասը, դեռևս կուրորեն սատարում է Փաշինյանին։ Այս մտայնությունը հավանաբար կարելի է բացատրել անտրամաբանական իրավիճակով։ Քաղաքական բանավեճերում որևէ գաղափար կամ ծրագիր առաջ չի քաշվում, մինչդեռ ռազմավարությունից զրկված այս երկրում այսօր հենց դրանց կարիքը կա։ Քաղաքական նոր խմբավորումները ձևավորվում են ինչ-որ առաջնորդների շուրջ՝ հանուն կամ ընդդեմ այլ առաջնորդների։ Ի դեպ, ընդդիմությունը ներկայացնող ուժերը չեն կարողացել համոզիչ լինել հասարակության համար։ Ընդդիմությունը ընտրությունների է գնում տարանջատված։ Մեկ այլ անհեթեթություն է 2․500 000 բնակիչ ունեցող այս երկրում քաղաքական կուսակցությունների թիվը։ Դա փոշիացնում է քվեարկության արդյունքները մի երկրում, որի բնակչությունը պառակտված է 2018-ից ի վեր։

Ոչ մի ժողովրդավարական երկրի ղեկավար ի վիճակի չէր լինի քաղաքականապես և բարոյապես գոյատևել նման զարհուրելի մարդկային կորուստներով ուղեկցված ռազմական պարտությունից հետո։ 2020 թ․ նոյեմբերի 9-ի զինադադարի հետևանքը եղավ երկրի ինքնիշխանության կորուստը։ Դրա տխուր վկայությունն է ադրբեջանցի զինվորականների ներխուժումը Հայաստանի տարածք այն դեպքում, երբ կառավարությունն ի վիճակի չէ որևէ կերպ նրանց խոչընդոտել։ Հարկ է նշել, որ այդ եռակողմ համաձայնությունը կնքվել է առանց խորհրդարանին կամ ժողովրդին դիմելու, այն դեպքում, երբ 2018 թ․ մայիսի 17-ին Երևանի Հանրապետության հրապարակում արտասանած իր հայտնի ելույթում վարչապետը հանդիսավորությամբ խոստացել էր «ժողովրդին» , որ երկրի ապագային առնչվող որևէ որոշում չի կայացնի առանց նրա կարծիքը հաշվի առնելու։

Եռակողմ համաձայնության ստորագրման հաջորդ օրն արված հայտարարությունը՝ «ի՞նչ կասեիք, ինչպե՞ս կարձագանքեիք, եթե ձեզ առաջարկած լինեի տարածքների մի մասը զիջել՝ այդպիսով խուսափելով պատերազմից» պետք է որ արատավորեր հեղինակին։ Այսօր էլ ես ցնցված եմ այն մեղմ արձագանքից, որ առաջ է բերել այդ խոսքը այն դեպքում, երբ զինվորների մարմինները դեռ հանգչում էին մարտադաշտերում, երբ դեռ հայտնի չէր սպանվածների և անհետ կորածների թիվը (այդ թիվն առ այսօր հայտնի չէ) և երբ հարյուրավոր ընտանիքներ դեռևս ապրում էին անորոշության տագնապի մեջ՝ չիմանալով՝ արդյոք իրենց զավակները սպանված են, թե գերի։ Ապիկարություն, թե այլ բան, այդ սոսկալի նախադասությունը մտածել է տալիս, որ մարդկային կյանքերը զոհաբերվել են հենց այդ պատճառով և որ այդ հարցը փակվել է հանուն անձնական քաղաքական գոյատևման։

Հայաստանի ներկան և ապագան․ պետական գործչի/ն վայել /մտածողություն

Վերջերս դրսևորված մի շարք նախաձեռնություններ վկայում են հայ ժողովրդի ապագայի վերաբերյալ հայ մասնագետների մտքի ճկունությունը և դինամիկան («Network state»-ի գաղափարը)։ Նրանք հավաքական քննարկումներ են սկսում և վաղվա Հայաստանի մասին առաջնահերթ նպատակներ ձևակերպում («The Future Armenian»)։ Սակայն որքան էլ կարևոր լինեն այդ նախաձեռնությունները, դրանք օգուտ կբերեն միայն հայկական պետության գոյատևման շարունակման դեպքում։ «Network State»- ը նույնիսկ խանգարող հասկացություն է, քանի որ կարող է մտածել տալ, որ վիրտուալ պետությունն ի վիճակի է փոխարինել իրական պետությանը։ Կարծում եմ, որ դեռ երկար ժամանակ կանցնի, մինչև միջազգային հարաբերությունների պրակտիկայում նման հասկացության մուտք գործելը։ Դա չի կարող զարգանալ առանց Հայաստանի Հանրապետության պահպանման։ Վերջապես, եթե նման վիրտուալ պետություն գոյություն ունենա, այն կգտնվի GAFA-ի և դրա նման այլ նոր քաղաքական գերտերությունների ազդեցության ներքո, որոնք ավելի հզոր են, քան իրական պետությունները և որոնք սկսում են պարտադրել իրենց սեփական կանոնները, մասնավորապես կարծիքի և խոսքի ազատության ոլորտում, միաժամանակ դուրս մնալով ցանկացած վերահսկողությունից, քանի որ ձեռնարկությանը վերաբերող իրավունքների ոլորտից են։

Նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի վերջին նախաձեռնություններն ինձ ստիպեցին մի կողմ դնել զգուշավորությունս, քանի որ համարում եմ, որ նա միակն է, որ խորհում և իրեն պահում է որպես պատասխանատու պետական գործիչ՝ առաջ քաշելով ողջ ազգի համար այս բախտորոշ ժամանակներին հարիր հարցեր, ինչպիսին էլ լինի մեր կարծիքն իր նախագահության շրջանի վերաբերյալ։ Իր նախագահության տարիներին նա նույնպես գործել է սխալներ, ինչպես սխալներ են գործել իր հաջորդները, սակայն միաժամանակ կարողացել է դիմակայել այնպիսի մարտահրավերների և ծանրագույն իրավիճակների, որոնց բախվում ենք այսօր։

Անիմաստ է անհատական սխալներ և վրիպումներ փնտրելը։ Սխալը բոլորինս է (սփյուռքն էլ դրանում իր պատասխանատվության մեծ բաժինն ունի), և այդ սխալն արդեն 30 տարի շարունակվում է։ Միակ գերնպատակը, որին պետք է հետևենք՝ այս ճահճից անվնաս դուրս գալն է՝ փրկելով Հայաստանի Հանրապետությունը։

Առաջ անցնելով այն բոլոր մարդկանց մեկնաբանություններից, որոնց կանհանգստացնի Լևոն Տեր-Պետրոսյանին տված իմ գնահատականը, ասեմ, որ նրա հետ անձնապես ծանոթացել եմ 1989-ին Փարիզում։ Այդ շրջանում ես նրա հետևորդը չեմ եղել։ Նույնիսկ 1995-ից 1998-ին հակադրվել եմ մարդու իրավունքների ասպարեզում։ Սակայն զուսպ և արդյունավետ պետական գործչի նրա հատկանիշները, որն ի վիճակի է կառուցել ռոմանտիզմից զերծ ռազմավարություն, անգնահատելի են։ Ինձ դեռևս չի հաջողվել համահայկական որոշ խնդիրների կարևորության հարցում նրան համոզել, սակայն մենք համամիտ ենք տվյալ պահի առաջնահերթությունների և դրանց լուծման ձևերի առումով։ Ժամանակին նա խոսել և նկարագրել է երբեմն անհանգստացնող բազմաթիվ իրողությունների մասին։ Նա ճիշտ հարցեր էր արծարծում (տես՝ նրա հոդվածների 2017 թ․ տպագրված ժողովածուն՝ Armenia’s Future, Relations with Turkey, and the Karabagh Conflict)։ Այդ իսկ պատճառով կարծում եմ, որ Լևոն Տեր-Պետրոսյանն այն մարդն է, որ կկարողանա այսօր համախմբել ընդդիմադիր քաղաքական ուժերին՝ վերջ դնելով ներկայիս փորձություններին և կառավարելով անցումային ժամանակահատվածի գործընթացները։

Միասնությունը որոշումով չի հաստատվում, այն փոխզիջման արդյունք է

Քաղաքականության մեջ երբեք ոչինչ լիովին թափանցիկ չէ, սակայն չի կարելի Լևոն Տեր-Պետրոսյանին կասկածել այն բանում, որ նա ցանկանում է պարզապես իշխանության գալ կամ նպատակ ունի զոհաբերելու պետության ինքնիշխանությունը, մի բան, որ համարձակվում են գրել որոշ ծայրահեղական լրագրողներ։ Նա իրատես և պրագմատիկ գործիչ է։ Ոչ Նիկոլ Փաշինյանի վերարտադրությունը, ոչ Ռոբերտ Քոչարյանի վերադարձը թույլ չեն տա Հայաստանին դուրս գալու ներկա պառակտված վիճակից։ Թե մեկի և թե մյուսի ընտրությունը երկիրը կնետի քաղաքացիական պատերազմի հորձանուտը կամ նվազագույնը երկրի քաղաքական և տնտեսական կաթվածահար վիճակը կշարունակվի։ Անմիաբան և թուլացած երկիրը ագրեսորի համար դյուրին զոհ կդառնա, իսկ մնացածը կանի արտագաղթը։

Ներքին առճակատումից առ այսօր հնարավոր է եղել խույս տալ, մի բան, որ բոլոր հայերը պետք է ընդունեն ի գիտություն և շնորհավորեն իրենց։ Դա լավ է Հայաստանի ժողովրդավարության համար։ Միասնությունը որոշումներով չի կայացվում։ Միասնությանը չի կարելի հասնել իր հետևից տանելով բոլորին, ինչպես փորձում է անել ընդդիմության առաջնորդների մեծ մասը կամ ներկայիս խորհրդարանական մեծամասնությունը։

Միասնության կարելի է հասնել մտքերի փոխանակության և հիմնական հարցերի շուրջ փոխզիջման միջոցով։ Իրավիճակը հարմար է իրական քննարկումների և դրանց արդյունքում ձևավորված համազգային նպատակների շուրջ համաձայնություն ձևավորելու համար։ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի՝ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ դաշինքով հանդես գալու մերժումը հիասթափեցնող է, սակայն ոչ վերջնական։

Բացառված չէ, որ համաձայնություն ձեռք բերվի հունիսի 20-ի ընտրություններից հետո, եթե ընտրությունները կայանան։ Ավելի խոհեմ կլիներ այդ հարցերի շուրջ քննարկումները սկսել այսօրվանից։ Շատ ավելի դժվար կլինի դա անել հրատապության պայմաններում և սահմանադրական ժամանակացույցի ճնշման ներքո։

Քաղաքական տարաձայնությունները

Քննարկման դրված խնդիրները չափազանց կարևոր են, և չեն կարող առանձին-առանձին սակարկությունների առարկա դառնալ, քանի որ հարկ է ապահովել դրանց միջև ռազմավարական կապակցվածությունը։ Չէ՞ որ խոսքն այն մասին է, թե մոտ ապագայում ինչպիսին պետք է և կարող է լինել հայկական պետականությունը։

Հարցը հետևյալն է․ ինչպե՞ս պատկերացնել տնտեսապես, դիվանագիտորեն և ռազմական առումով կենսունակ պետության գոյությունն ու զարգացումը, երբ այդ պետությունը շրջապատված է գրեթե 100 միլիոն թուրքերով և ադրբեջանցիներով, որոնք հայերի նկատմամբ իրականացնում են ատելության և խտրականության քաղաքականություն՝ ձգտելով նվաճել Հայաստանի տարածքի մեծ մասը՝ չհաշված ողջ Ղարաբաղը։ Այս հարցի պատասխանի համար պետք է անդրադառնալ ռազմավարական դաշինքներին, տնտեսական և ժողովրդագրական հոսքերին, առաջնահերթությունների աստիճանակարգմանը, հայ-թուրքական հարաբերություններին և համահայկական օրակարգերին։

Լևոն Տեր-Պետրոսյանն արդեն պատասխանել է՝ որպես խոչընդոտ մատնանշելով թեկնածու Ռոբերտ Քոչարյանի և նրա դաշնակից ՀՅԴ, ինչպես նաև «Սասնա ծռերի» ազգայնական նպատակները։ Ինչո՞վ են հայկական հարցը, մասնավորապես դրա մաս կազմող ցեղասպանության միջազգային ճանաչումը (Քոչարյանից մինչև Փաշինյան հայկական դիվանագիտության մշտառկա կետը) և այդ կուսակցությունների առաջ քաշած տարածքային պահանջները կարևոր անմիջական վեճերի և անվտանգային խնդիրների լուծման հարցում։ Պահի համահայկական գերակայությունը Հայաստանի գոյության փրկությունն է, և Թուրքիայի նկատմամբ տարածքային պահանջատիրության ռոմանտիզմը լոկ տարակուսանք է առաջացնում։ Խոսքը երազանքներից հրաժարվելու մասին չէ։ Ազգն առաջ ընթանալու համար նման երազանքների կարիք ունի։ Սակայն չպետք է դրանք դարձնել առաջնահերթ և անմիջական նպատակներ։ Հայերի դիվանագիտական և բարոյական հաղթանակը ինքնիշխան հայկական պետության ֆիզիկական գոյության մեջ է, քանի որ դա լավագույն ապացույցն է թուրքական ծրագրի ձախողման, որը եղել և մնում է այս տարածաշրջանում հայերի վերացումը։

Կարճ ասած, Լևոն Տեր-Պետրոսյանը և Քոչարյան/ՀՅԴ և այլ ուժերի դաշինքները պետք է խելամտորեն քննարկեն այս հարցերը՝ հասնելու համար համաձայնության ազգային շահի շուրջ։ Խնդիրը նաև իրավիճակի հրատապ լուծումներին է վերաբերում։

Այստեղ առանցքային հարցը հետևյալն է՝ ինչպե՞ս վերջ դնել Ադրբեջանի ագրեսիվ վարքագծին՝ խուսափելու համար նոր պատերազմից, որին Հայաստանը պատրաստ չէ այնպես, ինչպես պատրաստ չէր 2020 թ․ սեպտեմբերի պատերազմին։ Դրա լավագույն ապացույցն այն է, որ Հայաստանի տարածք վերջին ներխուժումից ի վեր ոչ Նիկոլ Փաշինյանը և ոչ էլ մեկ այլ քաղաքական առաջնորդ այլևս կոշտ և ռազմաշունչ արտահայտություններ չեն հնչեցնում։

Բանակցողի փոփոխությունը հրամայական է

Անցյալ տարվա դեկտեմբերին ես պնդել էի, որ չի կարելի թույլ տալ, որ Նիկոլ Փաշինյանը որևէ բանակցություն վարի Ադրբեջանի, Ռուսաստանի և Թուրքիայի հետ։ Նա այլևս բանակցող չի կարող լինել։ Սա ինքնըստինքյան հասկանալի պնդում է։ Նա դարձել է այդ պետությունների և նրանց ղեկավարների խաղալիքը։ Այս առումով ևս կարծում եմ, որ Հայաստանի և Ղարաբաղի նախկին նախագահների աջակցությամբ բանակցությունները լավագույնս կարող է վարել Լևոն Տեր-Պետրոսյանը։ Հենց այս առաքելությունն է նա իր առջև դնում որպես նպատակ, երբ բացատրում է 2-րդ և 3-րդ նախագահների հետ դաշինք կազմելու իր առաջարկությունը։

Այն դեպքում, երբ նոյեմբերի 9-ից սկսած ցանկացած պահի պատերազմը կարող է վերսկսվել, և երբ ռուս խաղաղապահ զորքերը ցանկացած պահի կարող են հեռանալ կողմերից մեկի պահանջով (ինչպես նախատեսված է համաձայնագրով) բանակի ղեկավարությանը հանիրավի պետական հեղաշրջման փորձի մեղադրանք ներկայացվեց, երբ բանակից առաջ այլ համապետական կառույցներ իրենց անհանգստությունն էին հայտնել երկրի անվտանգային ապագայի նկատմամբ՝ պահանջելով վարչապետի հրաժարականը։ Ինչպես նշել է Նախագահ Տեր-Պետրոսյանը, այդ հայտարարությունը ստորագրած բարձրաստիճան զինվորականները օրինական անհանգստություն էին արտահայտել, և նա ողջունել է սահմանադրական շրջանակներից դուրս չգալու նրանց զսպվածությունը։

Արտգործնախարարությունը տկարացած վիճակում է, մինչդեռ նոյեմբերի 9-ից ի վեր մենք հատկապես այդ կառույցի կարիքն ունենք։ Նախարարը բավարարվում է ընդամենը ընդունելություններ կազմակերպելով և հաղորդագրություններ հրապարակելով։

Ընդհանուր առմամբ հայկական դիվանագիտությունը շարունակում է այն նույն սխալները, որոնք հանգեցրին պատերազմին, այն է՝ կառչած մնալ Մինսկի խմբի սկզբունքներին, այն դեպքում, երբ այդ սկզբունքներից առաջինի խախտումը՝ ուժի դիմելու արգելքն է հօդս ցնդեցրել գործընթացի բանակցային պայմանները, գործընթաց, որն արդեն իսկ իրավա-դիվանագիտական փակուղում էր։

Եռանախագահության ձևաչափն ըստ երևույթին կարող է պահպանվել (ամեն դեպքում Ռուսաստանը կարծես ցանկանում է, որ այդպես լինի, քանի որ նրա համար Մինսկի խումբը Ղարաբաղում իր գործողություններն օրինականացնող օգտակար ծածկույթ է, սակայն անիմաստ է շարունակել պաշտպանել նախկինում ձեռք բերված համաձայնությունները։

Բացի այդ, նոյեմբերի 9-ի եռակողմ զինադադարի համաձայնագիրն այդ օրվանից ի վեր խախտված է, իսկ Հայաստանի գործող կառավարությունն այն պահպանելու հարցում ոչինչ չի ձեռնարկում։ Հրադադարի համաձայնագրի շարունակությանը վերաբերող ցանկացած բանակցություն ընդհանրապես չպետք է սկսվեր, քանի դեռ բոլոր ռազմագերիները չէին վերադարձվել։ Իսկ անցյալ շաբաթ ավելի քան 24 ժամ կառավարությունը նույնիսկ ժխտում էր ադրբեջանական զորքերի՝ Հայաստանի տարածքում առաջխաղացման լուրերը, նախքան ստիպված պիտի լիներ հրաժարվել սեփական պնդումներից, իսկ այնուհետև զոհի կերպարով հանդես գար «միջազգային հանրության» առջև...»։

Ֆիլիպ Րաֆֆի Գալֆայան, իրավաբան, քաղաքական վերլուծաբան, Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի նախկին գլխավոր քարտուղար

21 մայիսի 2021 թ.

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում: