ԿԳՄՍ. Աշակերտների գնահատումը կսկսվի 5-րդ դասարանի երկրորդ կիսամյակից

Պաշտոնական 04.02.2021   12:32   178

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը կրճատում է հայաստանյան դպրոցներում դասավանդվող առարկաների քանակը` փոփոխություններ կատարելով 2010թ-ին հաստատված ու մինչ օրս գործող հանրակրթության պետական չափորոշիչներում։

ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ՀՀ կառավարության նիստում, ներկայացնելով նոր չափորոշիչները, ասաց, որ փոփոխությունները հնարավորություն կտան խուսափել տարբեր առարկաներում հանդիպող կրկնություններից, ավելի արդյունավետ օգտագործել դպրոցում երեխայի ծախսած ժամանակը։

«Այս փոփոխության միջոցով մենք փաստորեն նվազեցնում ենք դպրոցականների ծանրաբեռնվածությունը` չկրճատելով բովանդակային ծավալը և հասնել ավելի մեծ արդյունքների»,- ասաց փոխնախարարը։

Ավագ դպրոցներում գործող հոսքային ուսուցման համակարգն առաջարկվում է փոխարինել անհատական դասացուցակով, որը, Անդրեասյանի խոսքով, կազմվելու է աշակերտի կարիքների ու նախընտրությունների հիման վրա։

Իսկ մարզերի ավագ դպրոցների աշակերտներին դասավանդվելու է նաև հարազատ մարզին վերաբերող գիտելիքներ։ ԿԳՄՍ փոխնախարարի խոսքով` դա թույլ կտա աշակերտին տեսնել իր բնակավայրի խնդիրներն ու սեփական պատասխանատվությունը դրանք լուծելու հարցում։

«Միավորային գնահատումը պետք է գործի 5-րդ դասարանի երկրորդ կիսամյակից, ինչը նշանակում է, որ մենք հրաժարվում ենք տարրական դպրոցում միավորային գնահատումից ու առաջարկում կիրառել ավելի գնահատող ու խթանող ձևեր»,- ասաց Անդրեասյանը` հավելելով, որ նախարարությունն առաջարկում է նաև հրաժարվել «անբավարար» գնահատականից ու 10 միավորանոց գնահատման համակարգում յուրաքանչյուր առանձին միավոր դիտարկել որպես առաջընթացի ցուցիչ։

Բացի այդ , առաջարկվող նոր չափորոշչով վերանայվել են նաև ուսումնական բնագավառները։ Դրանք առաջարկվում է սահմանել հետևյալ կերպ` հայոց լեզու և գրականություն, հայրենագիտություն, օտար լեզուներ, բնագիտություն, տեղեկատվական հաղորդակցական տեխնոլոգիաներ, ճարտարագիտություն, մաթեմատիկա, հասարակություն, հասարակական գիտություններ, արվեստ և արհեստ, ֆիզիկական կրթություն և անվտանգ կենսագործունեություն:

Նոր չափորոշիչները դեռ չեն ներդրվի։ Դրանք 2021թ.-ի սեպտեմբերի 1-ից միայն կփորձարկվեն։ Իսկ հաջող փորձարկում անցնելուց հետո 2023թ.-ից կներդրվեն դպրոցներում։

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Ժաննա Անդրեասյան, ԿԳՄՍ, դպրոցներ

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon