Լևոն Զուրաբյան. «Հայ ժողովուրդը գտնվում է գերության մեջ այս իշխանության և այս ընդդիմության ձեռքերում». ԳԱԼԱ

Քաղաքական 01.11.2021   10:00   866

«Սահմանադրության համաձայն՝ պատգամավորը չի կարող իր արտահայտած կարծիքի համար հետապնդվել որևէ կերպ։ Սա սահմանադրական նորմ է, որը ապահովում է խոսքի ազատությունը պառլամենտական ժողովրդավարության մեջ։ Այս մասին, ԳԱԼԱ-ի հետ զրույցում նշեց Հայ ազգային կոնգրես կուսակցության (ՀԱԿ)  փոխնախագահ Լևոն Զուրաբյանը:

«Հիմա ես կարող եմ հիշել Սերժ Սարգսյանի կամ Ռոբերտ Քոչարյանի ռեժիմները, հատկապես Ռոբերտ Քոչարյանի… հրեշտակ չեն եղել։ Եղել են ապօրինի, ոչ լեգիտիմ, ավտորիտար իշխանություններ։ Ես եղել եմ պատգամավոր 2012-2017 թթ։ Կարող էին «դաղալություններ» անել, կարող էին խոսափողը մի տասը վայրկյան շուտ անջատել, կարող էին վարման կարգի վերաբերյալ խոսք չտալ, օրենքի խախտումով իբր վարողի իրավունքով ընդհատեին, ինչ-որ բան ասեին։ Նման չարաշահումներ եղել են։ Բայց ոչ ոք թույլ չի տվել իրեն, և մենք թույլ չէինք տա, որ ասեին՝ արգելում ենք նման բառապաշար օգտագործել, հիմա անվտանգության աշխատակիցները կգան, ձեզ կհեռացնեն և այլն… Ավելի ահավոր տեսարան, քան անվտանգության ուժերը, որոնք հեռացնում են պատգամավորին ամբիոնից, չէր կարող լինել»։

Լևոն Զուրաբյանն ընդգծում է՝ բացարձակապես կապ չունի պատգամավորն ով է, ինչպիսին են նրա քաղաքական հայացքները։

«Նրան, ում հեռացրել են, մեր քաղաքական հակառակորդն է։ Հազար անգամ մենք նրանց քննադատել ենք և շատ բաների համար հենց իրենց էլ պատասխանատու ենք համարում։ Բայց ժողովրդավարությունը գաղափարների պայքար է։ Այսինքն, դու թույլ չես տալիս, որ պատգամավորն արտահայտվի, ու խոսքը հայհոյանքի մասին չէ։ Դա կարծիք է, սուր քաղաքական բառապաշարով համեմված, բայց դա լեգիտիմ քաղաքական բառապաշար է։ Հիմա ստացվում է, որ այն մարդիկ, որոնք եկել են իշխանության իբր թե ժողովրդավարական ընտրություններով, որոնց օրակարգը եղել է ժողովրդավարության ամրապնդումն ու հաստատում, այսօր ամենամեծ հարվածներն են հասցնում ժողովրդավարությանը։

Ե՛վ Սերժ Սարգսյանը, և՛ Ռոբերտ Քոչարյանը շատ լավ գիտակցում էին, որ իրենք ընտրված չեն ժողովրդի կողմից, և դա իրենց ինչ-որ իմաստով նաև կոմպլեքսավորում էր։ Բացի դրանից, իրենք ունեին այլ լծակներ՝ ճնշելու ազատ խոսքը։ Բայց այս մարդիկ եկել են ազատ խոսքի և ժողովրդավարության ամրապնդման կարգախոսներով ու այսօր ժողովրդի անունից ամենատարրական և ֆունդամենտալ ժողովրդավարական նորմերը բռնաբարում են, ոչնչացնում։ Սա շատ վտանգավոր երևույթ է»։

Փաշինյանը և նրա թիմակիցները հատկապես զգայուն են, երբ քննադատությունն ուղղված է Արցախյան պատերազմին, հողերը հանձնելուն։ Զուրաբյանը հարց է հնչեցնում՝ «Եթե այդքան լեզվանի են, այդ ինչի՞ց են վախենում։ Հենց այդ բառերի՞ց եք վախենում։ Թողեք՝ ինչ ուզում են ասեն, եթե սուտ են ասում կամ սխալ, դա շատ հեշտությամբ կապացուցվի։ Ժողովրդավարության կանոնն է․ խոսքին պատասխանեք խոսքով, ոչ թե խոսքին պատասխանեք մուրճով։ Իրենք մուրճով են պատասխանում»։

Անդրադառնալով ընդդիմության գործունեությանը խորհրդարանում՝ Զուրաբյանը նշում է․

«Տեղի է ունեցել մեծագույն մանիպուլյացիա հայոց ժողովրդավարության պատմության մեջ։ Նիկոլի իշխանությունը, ժողովրդին վախեցնելով վարկաբեկված և կոռումպացված Քոչարյանով, ըստ էության, հասավ նրան, որ հենց դրա շնորհիվ ապահովեց իր հաղթանակը և ստեղծեց նաև գլխավոր հակառակորդ, որին շատ հեշտ է ջնջել։

Օրինակ, ի՞նչ տեղի կունենար, եթե մենք լինեինք պառլամենտում։ Մեր հարցերին Նիկոլ Փաշինյանը չէր կարողանալու պատասխանել, չէր կարողանալու ասել՝ այ դուք անեիք այն ժամանակ, էս բաները չեք արել և այլն… Նա մեր բերանը չի կարող փակել։ Հետևաբար, իր համար ավելի ճիշտ էր խորհրդարանում ունենալ մի ուժ, որն այնքան է թաղված մեղքերի մեջ, որ նրա բերանը ամեն րոպե կարող է փակել իրենց 5 միլիարդներով, արցախյան հարցում իրենց վարած ձախողված քաղաքականությամբ։ Շատ հարմար հակառակորդ է բերել պառլամենտ։ Ես ասել ու նորից կրկնում եմ՝ այսօր հայ ժողովուրդը, մեր հասարակությունը գտնվում է գերության մեջ այս իշխանության և այս ընդդիմության ձեռքերում»։

Լևոն Զուրաբյանը հավելում է, որ չնայած 2018-ին հասարակությունը ուներ շատ լուրջ սպասումներ՝ տնտեսական վերելքի, ժողովրդավարության ամրապնդման, սակայն դրա փոխարեն ստացավ նվաստացուցիչ պատերազմ, հազարավոր մարդկանց մահ, արյուն և զրկանքներ։

«Ժողովուրդը շոկի մեջ է։ Ժողովրդի դիմադրության, նաև ներքին քաղաքական դիմադրության պոտենցիալը շատ ճզմված է։ Եվ դրանից Փաշինյանը և իր թիմը օգտվում են՝ ոնց կարող են։ Հիմա եթե հարցը հետևյալն է, թե արդյոք հնարավո՞ր է հաղթահարել ստեղծված վիճակը, ես վստահ եմ, որ դա լինելու է, որովհետև մենք հո չենք մնալու մշտական շոկի մեջ։ Այս գերությունից, այս պատանդի կարգավիճակից պետք է դուրս գանք և դուրս ենք գալու»,-եզրափակեց ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը։

Արմենուհի Վարդանյան

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Լևոն Զուրաբյան

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon