Լևոն Զուրաբյան. Վահե Գրիգորյանի նամակը, ըստ էության, հայտարարություն է հանցագործության մասին

Քաղաքական 11.07.2019   20:00   546

ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը կարծում է, որ ՍԴ նորընտիր դատավոր Վահե Գրիգորյանի նամակը, ըստ էության, հայտարարություն է հանցագործության մասին:

«Պարզվում է և դեպքերի շարադրանքը հստակ ցույց է տալիս, որ եղել է կոնկրետ դավադրություն, այն առումով, որ Հրայր Թովմասյանը դառնա ցմահ ՍԴ նախագահ: Բանն այն է, որ եթե այդ գաղափարի հեղինակները, այսինքն՝ Հրայր Թովմասյանին ՍԴ նախագահ դարձնելու գաղափարի հեղինակները, շարժվեին ըստ օրենքի, նրանք պետք է օրինական ընթացակարգով հասնեին նրան, որ Հրայր Թովմասյանը դադարեր լինել պատգամավոր, սակայն, եթե այդպես շարժվեին, կստացվեր, որ նա պետք է ընտրվի ՍԴ նախագահ ընդամենը 6 տարվա ժամկետով: Պետք էր արագացնել այդ ժամկետը, որպեսզի գործեին հին լիազորություններով՝ մինչև ցմահ այդ պաշտոնում մնալու Սահմանադրության անցումային դրույթներով: Ապօրինաբար կրճատելով ԱԺ պատգամավորի մանդատից ազատելու ընթացակարգը՝ կատարվել է հանցագործություն»,- ասում է ՀԱԿ փոխնախագահը:

Լևոն Զուրաբյանը համակարծիք է Վահե Գրիգորյանի հետ, որ ՍԴ-ում կա ճգնաժամ: Դրանից դուրս գալու Վահե Գրիգորյանի առաջարկած ելքերից երրորդի հետ է համաձայն, այն է՝  ՍԴ դատավորները պետք է հրաժարական տան:

«Ելքը միակ, որը ընդհանրապես չեղարկում է որևէ խնդիր և մեկնաբանությունների պատերազմը դարձնում է անտեղի, դա այն է, որ ՍԴ բոլոր անդամները հրաժարական տան, սա միակ ելքն է»,- կարծում է Լևոն Զուրաբյանը:

Հիշեցնենք, որ իր նամակում Վահե Գրիգորյանը հայտարարել էր, որ ՍԴ-ում կա ճգնաժամ և առաջարկել էր այդ ճգնաժամից դուրս գալու երեք տարբերակ՝ պահպանվում է ներկա իրավիճակը, 7 թափուր հաստիքների համար նախագահը, Դատավորների ընդհանուր ժողովն ու կառավարությունը Ազգային ժողով թեկնածուներ են ներկայացնում կամ օրենսդիր իշխանությունը պետք է նախատեսի վաղ կենսաթոշակային սխեմայի գործարկումը Դատարանի անդամների համար բոլոր երաշխիքներով (ըստ էության ակնարկվում է ՍԴ դատավորների հրաժարականի մասին):

 

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         ՍԴ, ՀԱԿ, Լևոն Զուրաբյան, Վահե Գրիգորյան

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon