Լրագրող. Նարեկ Շահնազարյանն ընդամենը գործիք է, որով փորձել են ինձ սպառնալ

Հասարակություն 16.04.2021   10:34   130

Lրագրող Անի Գեւորգյանը իր եւ անչափահաս որդու նկատմամբ սպառնալիքների առթիվ ապրիլի 15–ին, ոստիկանություն է հրավիրվել եւ հաղորդում ներկայացրել: Այս մասին news.am-ի հետ զրույցում ասաց Անի Գեւորգյանը։

«Նախօրեին խորհրդարանում ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի հետ  ճեպազրույցից հետո,  Ֆեյսբուքում իմ նկատմամբ գրոհ էր սկսվել Նարեկ Շահնազարյան անունով օգտատիրոջ կողմից, որը մեկնաբանություններ էր արել իմ գրառումների տակ, որոնք ես, իհարկե,  ջնջել եմ։ Դրանք պարունակում էին լկտի արտահայտություններ, հայհոյանքներ եւ սպառնալիքներ»,– նշեց Գեւորգյանը։

Հրապարակման ներքո այլ օգտատերեր եւս անպարկեշտ եւ վիրավորական արտահայտություններ են արել լրագրողի եւ նրա որդու հասցեին։ Իր հետ տեղի ունեցածը Անի Գեւորգյանը դիտարկում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի քաղաքականության տիրույթում, քանի որ ըստ նրա՝  լրագրողների դեմ ճնշումները հենց վարչապետի ցանկությունն է։

«Հաշվի առնելով այն, որ մամուլում գրվում է, թե ֆեյքային եւ ըստ էության,  նաեւ ոչ ֆեյքային գրոհները այս կամ այն անձի շուրջ համակարգում է Ալեն Սիմոնյանը, ես պատահական չեմ համարում, որ երեկ էլ Ալեն Սիմոնյանը նման վարքագիծ դրսեւորեց։ Սա ուղիղ դրա հետ եմ կապում։ Պարզ է, որ սա արվում է խոսքիս ազատությունը ճնշելու նպատակով։ Ես վստահ եմ, որ Նարեկ Շահնազարյանն ընդամենը գործիք է, որով փորձել են ինձ սպառնալ, ցույց տալ, որ գիտենք որդի ունես, տես, այս անգամ որդուդ նկարն ենք հրապարակել եւ այլն։ Եթե այդ պատգամավորներն են պատվիրել, ուզում եմ հստակ իրենց ասել՝ եթե դուք այդքան դուխով եք ու այդ «դուխով» արտահայտությունը ընդամենը ձեր գլխարկին գրված չէ միայն, եկեք, իմ դիմացը կանգնեք, եւ այդ ամենն ասեք։ Ի՞նչն է ձեզ խանգարում, թե՞ մտածում եք, որ ձեր իրական դեմքը եւս մեկ անգամ ցույց եք տալու»,- ասել է  Անի Գեւորգյանը։

Լրագրողի հաղորդման հիման վրա ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում։

Ավելի վաղ Դատախազությունն արձանագրել է լրագրող Անի Գեւորգյանի նկատմամբ սպառնալիքներ հնչեցվելու վերաբերյալ ԶԼՄ հրապարակումները եւ դրանք ուղարկել Ոստիկանություն։

Լրագրողի եւ նրա երեխային սպառնալու կապակցությամբ հայտարարությամբ էր հանդես եկել նաեւ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, որն ասել էր՝ գրություն կուղարկի ոստիկանություն։

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         . Նարեկ Շահնազարյան, սպառնալիք, Անի Գևորգյան, լրագրող

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon