Մարդու իրավունքների եվրոպական դատարանը մերժեց Հրայր Թովմասյանին

Կարևոր 08.07.2020   22:19   562

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը մերժեց Հրայր Թովմասյանի և մյուսների բողոքը ընդդեմ Հայաստանի հանրապետության:

Թովմասյանը և պաշտոնանկ եղած դատավորները պահանջում էին կասեցնել Սահմանադրական փոփոխությունները մինչև ՄԻԵԴ-ը կքններ իրենց իրավունքների խախտման հարցը և վերջնական վճիռ կկայացաներ:

Կարլեն Ասլանյանի ֆեյսբուքյան էջից:

Թարմացված.

Եվրադատարանը հաղորդագրություն է տարածել, որի համաձայն՝ «Գյուլումյանը և մյուսներն ընդդեմ Հայաստանի» գործով հայցվորներն ակնկալում էին, որ ՄԻԵԴ-ը Հայաստանի կառավարությունից կպահանջի սառեցնել սահմանադրական փոփոխությունները, որոնցով Թովմասյանն ազատվել է ՍԴ նախագահի, իսկ մյուս երեք հայցվորները՝ դատավորների պաշտոններից:

ՄԻԵԴ-ը մանրամասնում է, որ 2015 թվականին փոփոխված Հայաստանի Սահմանադրությամբ սահմանված է ՍԴ դատավորների պաշտոնավարման 12-ամյա և ՍԴ նախագահի պաշտոնավարման 6-ամյա ժամկետ: Այդուհանդերձ, անցումային դրույթներով նախատեսված էր, որ մինչև սահմանադրական փոփոխությունների ուժի մեջ մտնելը նշանակված ՍԴ դատավորները պաշտոնավարելու են հին կարգով՝ մինչև կենսաթոշակի անցնելը, նմանապես՝ ՍԴ նախագահն էլ մինչև կենսաթոշակի անցնելը պետք է պահպաներ իր մանդատը: Հետևաբար՝ որոշվել է փոփոխություններ կատարել Սահմանադրությունում և ՍԴ դատավորների համար սահմանել պաշտոնավարման 12-ամյա ժամկետ՝ անկախ նրանից, թե երբ են նրանք նշանակվել, ինչպես նաև սահմանափակել ՍԴ նախագահի պաշտոնավարումը 6 տարով: Նշանակվել էր հանրաքվե, որը, սակայն, չկայացավ համաճարակի պատճառով, և փոփոխություններն ընդունվեցին խորհրդարանի կողմից ու հունիսին մտան ուժի մեջ, նշված է հաղորդագրությունում:

Եվրադատարանն այսօր որոշել է մերժել հայցվորների վերոհիշյալ պահանջը որպես Դատարանի՝ միջանկյալ միջոցին վերաբերող 39-րդ կանոնի կիրառման շրջանակից դուրս գտնվող, քանի որ այն չի պարունակում Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայում ամրագրված որևէ առանցքային իրավունքի լուրջ ու անդառնալի վնաս հասցնելու վտանգ, ասված է ՄԻԵԴ հաղորդագրությունում:

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ


 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon