Մոսկվան աշխատում է Բաքվի ու Երևանի հետ՝ հայ գերիներին հայրենիք վերադարձնելու համար

Պաշտոնական 12.02.2021   10:00   92

Ռուսաստանն աշխատում է Բաքվի ու Երևանի հետ՝ հայ գերիներին հայրենիք վերադարձնելու համար։ Այդ մասին երեկ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Նրա խոսքով, Ռուսաստանը շարունակում է գերիների հարցի լուծման օպտիմալ տարբերակ համարել «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքի կիրառումը։ Նա ընդգծել է, որ դա Ռուսաստանի դիրքորոշումն է, այդ մասին խոսել է նախագահն ու արտգործնախարարության ղեկավարը։

«Մենք աշխատում ենք թե հայ, թե ադրբեջանցի գործընկերների հետ, այդ թվում՝ հակամարտության գոտում ռուս խաղաղապահ անձնակազմի տեղակայման ուղղությամբ։ Վերջերս ռուսական խաղաղապահ անձնակազմի հրամանատարի միջնորդությամբ տեղի ունեցավ գերիների հերթական փոխանակումը, տուն վերադարձան մեկ ադրբեջանցի ու հինգ հայ»,-ասել է Զախարովան։

Հիշեցնենք, որ Արցախյան պատերազմից հետո Ադրբեջանում հայտնված հայ գերիների թվի վերաբերյալ պաշտոնական տվյալներ չկան։

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը նաև անդրադարձել է Արցախի Ասկերանի շրջանի Ավետարանոց գյուղում ադրբեջանցիների կողմից Հայրենական մեծ պատերազմում ընկածների հիշատակին նվիրված հուշարձանի պղծմանը:

Նա նշել է, որ հուշարձանի ցանկացած պղծում անթույլատրելի է, իսկ երբ խոսքը վերաբերում է Հայրենական մեծ պատերազմի հերոսներին նվիրված հուշակոթողի մասին, չի կարող այլ դիրքորոշում լինել:

«Երբ ստացել ենք այդ տեղեկությունը, կապ ենք հաստատել մեր ադրբեջանցի գործընկերների հետ, որոնք վստահեցրել են, որ վանդալիզմի դրսևորումը, հուշարձանների պղծումը արձանագրվել է Ադրբեջանի կողմից, հետաքննություն է անցկացվում, և վանդալիզմի դրսևորման մեղավորները պատասխանատվության կենթարկվեն:

Կցանկանայի, որ մենք միասնական լինեինք հուշարձանների պղծման և վանդալիզմի դեմ պայքարում: Կարծում եմ, որ ցանկացած նման երևույթ 21-րդ դարում պետք է դատապարտվի բոլոր պետությունների կողմից, որոնց ժողովուրդները տվել են իրենց կյանքը, որպեսզի մենք բոլորս ապագա ունենանք»,- շեշտել է Զախարովան:

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Մարիա Զախարովա, պատերազմ Արցախում, ՌԴ ԱԳՆ, ադրբեջան, Հայաստան, գերիներ

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon