Նախարար. Հայաստանը հավանություն է տվել կորոնավիրուսի դեմ 3 պատվաստանյութի ձեռքբերմանը
Մասնագիտական հանձնաժողովը հավանություն է տվել Sputnik V, AstraZeneca և Pfizer պատվաստանյութերի կիրառմանը Հայաստանում։ Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ ավելացնելով, որ պատվաստումները կիրականացվեն կամավոր հիմունքներով, իսկ դեղամիջոցը ռիսկային խմբերի քաղաքացիների համար կլինի անվճար:
«Հայաստանում փոքր թվով պատվաստանյութեր արդեն օգտագործվել են. մասնավորապես, մի քանի մարդ պատվաստվել է Ռուսաստանի Դաշնությունից նվեր ստացած «Sputnik-V» դեղամիջոցով: Մոտ ապագայում Հայաստանն ավելի շատ դեղամիջոցներ կստանա ու կկարողանա սկսել պատվաստումները բնակչության ավելի լայն շրջանակների համար: Ռիսկային խմբերի մարդիկ կկարողանան պատվաստանյութն անվճար ստանալ, իսկ թե որքան կարժենա պատվաստանյութը մյուս քաղաքացիների համար, դեռ հայտնի չէ: Կորոնավիրուսի դեմ պետպատվերի շրջանակներում հնարավորություն կունենան պատվաստվել խոցելի խմբում գտնվողները։ Արդեն իսկ հաստատվել է այդ քաղաքացիների ցանկը` խոսքը 65 տարին լրացած անձինք են, խրոնիկ հիվանդություններ ունեցողները, բուժաշխատողները, փակ հաստատություններում գտնվողներն ու փակ հաստատությունների աշխատակիցները»,–ասաց նախարարը։
Նշենք, որ փետրվարի 18-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 169820 դեպք, որոնցից 161577-ն` առողջացած, 3156-ը` մահվան ելքով: