Նորընտիր Ազգային ժողովի անդրանիկ նիստը (ուղիղ)

Քաղաքական 02.08.2021   10:01   836

Մեկնարկել է  ութերորդ գումարման Ազգային ժողովի առաջին նստաշրջանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  առաջին նստաշրջանի օրակարգում ընդգրկված է 7 հարց:

ԱԺ կանոնակարգ օրենքի համաձայն՝ առաջին նստաշրջանի նիստերը բացում և մինչև Ազգային ժողովի նախագահի ընտրվելը նախագահում է տարիքով ավագ պատգամավորը: Այս խորհրդարանի տարիքով ավագ պատգամավորն է «Քաղաքացիական պայմանագիր»-ից Կնյազ Հասանովը:

Հունիսի 20-ին անցկացված արտահերթ խորհրդարանական ընտրություններով ձևավորված Ազգային ժողով է անցել երեք քաղաքական ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքները: Ընդհանուր առմամբ խորհրդարան է անցել 107 պատգամավոր. 71 մանդատ ստացել է «ՔՊ» կուսակցությունը, 29 մանդատ՝ «Հայաստան» դաշինքը և 7 մանդատ՝ «Պատիվ ունեմ» դաշինքը։

Առաջին նստաշրջանի ընթացքում ԱԺ-ում կստեղծվի հաշվիչ հանձնախումբ, խորհրդարանը կընտրի ԱԺ նախագահ, նախագահի երեք տեղակալներ: Օրակարգում են նաև ԱԺ մշտական հանձնաժողովների ստեղծման և դրանց նախագահների ընտրության հարցերը:

Առաջին նստաշրջանի օրակարգում ընդգրկված են նաև կառավարության առաջարկությամբ՝ Կառավարության կառուցվածքի փոփոխության վերաբերյալ օրենքի նախագծի քննարկումը, կառավարության ծրագրին հավանություն տալու հարցը:

Չորս քաղաքական ուժ, այդ թվում խորհրդարան անցած «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքները, թեև ՍԴ-ում վիճարկել էին ընտրությունների արդյունքները, սակայն Սահմանադրական դատարանն անփոփոխ թողեց ընտրությունների արդյունքների վերաբերյալ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումը:

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         ԱԺ նիստ

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon