Պայթյուն Արմավիրի կոնյակի գործարանում. կան զոհեր և վիրավորներ (տեսանյութ)

Պաշտոնական 01.09.2020   14:00   151

Արմավիր գյուղի «Պռոշյան կոնյակի գործարանի» մասնաճյուղում տեղի ունեցած հրդեհի հետևանքով նախնական տվյալներով կա առնվազն 2 զոհ՝ հայտնում է ՀՀ առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը։

«Տարբեր աստիաճանի այրվածքներով 4 քաղաքացի տեղափոխվել է Արմավիրի բժշկական կենտրոն` վերակենդանացման բաժանմունք: Այս պահին իրականացվում են հակաշոկային առաջին օգնության միջոցառումներ: Պացիենտների վիճակը կայունացնելուց հետո վերջիններս կտեղափոխվեն Այրվածքաբանության ազգային կենտրոն»:

Դեպքի վերաբերյալ հայտարարություն է տարածել նաև ՀՀ արտակարգ իրավիճակների նախարությունը։ ԱԻՆ-ը հայտնում է, որ Արմավիր գյուղի «Պռոշյան կոնյակի գործարանում» տեղի ունեցած հրդեհը բռնկվել է պայթյունի հետևանքով։

Նշվում է, որ այսօր`սեպտեմբերի 1-ին, ժամը 12:08-ին Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արմավիր գյուղի «Պռոշյան կոնյակի գործարան»-ում։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Արմավիրի մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ:

«Պայթյունից վնասվել են 30 տոնանոց ապակյա մեկ տարա, մեկ կառ և 30 գծամետր տախտակամած»,–նշված է հաղորդագրության մեջ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 12։44-ին, մարվել՝ 13:12-ին: Պայթյունի պատճառը կպարզի նախաքննությունը:

Արմավիրի մարզային փրկարարական վարչության պետ, փրկարարական ծառայության գնդապետ Մարգարյանը լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ պայթյունը տեղի է ունեցել գինու ռեզերվուարում.

«Պայթել է 1-ը, ինչի արդյունքում հրդեհ է բռնկվել: Կանխվել է հրդեհի տարածումը դեպի մյուս ռեզերվուարներ ու հարակից շինությունում գտնվող սպիրտի տարաներ, ինչպես նաև այլ շինություններ»:

 

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ


 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon