Պիեռլուիջի Կոլինան հայ երեխա չի որդեգրել. հերքում

Պաշտոնական 06.12.2019   19:00   701

Իտալացի աշխարհահռչակ մրցավար Պիեռլուիջի Կոլինան երբեք չի դիմել հայ երեխա որդեգրելու համար: Այս մասին հայտնում է ՀՀ Արդարադատության նախարարությունը: Վերջին շրջանում մամուլում տեղեկություններ էին տարածվել, ըստ որոնց, ճանաչված իտալացին հայ երեխա է որդեգրել, սակայն նախարարությունն ընդգծում է, որ խոսակցությունները չեն համապատասխանում իրականությանը:

«Վերջին ժամանակաշրջանում որոշ լրատվական միջոցներ, խախտելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ հռչակված անմեղության կանխավարկածը, իրենց հրապարակումներում կամ քննարկումներում իրենց թույլ են տալիս մեղադրել օտարերկրյա քաղաքացիներին այն հանցավոր արանքների մեջ, որոնց քննարկումը դեռեւս գտնվում է իրավապահ մարմինների քրեական վարույթում:

Ընդ որում, լրատվական որոշ միջոցներ իրենց իրավունք են վերապահում ներկայացնել կոնկրետ անձանց անուններ՝ մեղսագրելով վերջիններիս հանցավոր արարքների կատարում՝ առանց դատարանի վճռի հրապարակման:

Ստեղծված իրավիճակը Արդարադատության նախարարությունը համարում է անթույլատրելի եւ բարոյական եւ իրավական տեսանկյունից:

Հիմք ընդունելով 2019 թվականի դեկտեմբերի 6-ին Հայաստանի լրատվության միջոցներով հրապարակված ֆուտբոլային նախկին մրցավար, ներկայում ՖԻՖԱ-ի մրցավարական կոմիտեի նախագահ եւ Իտալական մրցավարների ասոցիացիայի խորհրդատու Պյեռլուիջի Կոլինայի վերաբերյալ հայտարարությունը՝ առ այն որ վերջինս երեխա է որդեգրել Հայաստանի Հանրապետությունից եւ այն էլ հանցավոր ճանապարհով, պաշտոնապես տեղեկացնում ենք.

Արդարադատության նախարարությունը երբեւէ Իտալիայի Հանրապետության կենտրոնական մարմնից չի ստացել Պյեռլուիջի Կոլինայի դիմումը Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող երեխա որդեգրելու մտադրությամբ: «Պյեռլուիջի Կոլինա» անուն, ազգանունով որեւէ Իտալիայի քաղաքացի չի որդեգրել Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող երեխա:

Նման ապատեղեկատվության տարածումը հարիր չէ քաղաքակիրթ իրավական պետությանը եւ կարող է վնասակար բնույթ կրել միջպետական հարաբերությունների համար: Հետեւաբար, բոլոր լրատվական միջոցներին խնդրում ենք հնարավորինս զգոն վերաբերմունք ցուցաբերել երեխաների որդեգրման գործընթացը քննարկելիս կամ լուսաբանելիս:

Միաժամանակ, Արդարադատության նախարարությունը տեղեկացնում է, որ երեխայի որդեգրման գաղտնիքը որդեգրողի կամքին հակառակ հրապարակելու համար Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով նախատեսում է քրեական պատասխանատվություն»,- գրված է հայտարարությունում:

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Պիեռլուիջի Կոլինա, ԱՆ, որդեգրում

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon