Փոփոխվել են դպրոցականների ձմեռային արձակուրդի ժամկետները

Պաշտոնական 03.01.2021   09:35   136

Համաձայն ՀՀ ԿԳՄՍ նախարարի դեկտեմբերի 30-ի N 49-Ն հրամանի՝ 1-ին և 2-րդ դասարանցիների ձմեռային արձակուրդը կտևի մինչև հունվարի 10-ը, ինչպես սահմանված էր 3-12-րդ դասարանների սովորողների դեպքում, հայտնել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը:

«Այսինքն՝ բոլոր աշակերտների համար դասապրոցեսը կվերսկսվի հունվարի 11-ից՝ հաշվի առնելով աշնան ամիսներին ունեցած մեկ ամիս դադարը, կորոնավիրուսային հիվանդության դեպքերի՝ ներկայումս նվազող թվերը և առաջիկա ամիսներին կանխատեսվող հնարավոր նոր ալիքը:

Սահմանված ժամկետների փոփոխության նպատակն է խուսափել հունիս ամսվա ընթացքում առաջին և երկրորդ դասարանցիների դասապրոցեսի կազմակերպումից, ինչը կարող է խնդրահարույց լինել շոգ եղանակին դիմակների կրման պարագայում։ Նշենք, որ այս հարցով դպրոցների շրջանում իրականացվել է առցանց հարցում:

Գարնանային արձակուրդի ժամկետը մնում է անփոփոխ. 1-ին դասարանցիների համար սահմանված է 2021 թ. մարտի 22-ից ապրիլի 4-ը ներառյալ, 2-րդ դասարանցիների համար՝ մարտի 22-ից 28-ը ներառյալ, 3-12-րդ դասարանցիների համար գարնանային արձակուրդ նախատեսված չէ:

Հավելենք, որ համաձայն նույն հրամանի՝ այն դպրոցներին, որտեղ դասարաններում աշակերտների թիվը մինչև քսան է, և դասապրոցեսն ընթանում է առանց խմբերի բաժանելու, հնարավորություն է տրվել ուսումնական գործընթացն իրականացնել հնգօրյա ռեժիմով, այսինքն՝ պետական ուսումնական հաստատություններում շաբաթվա 5-օրյա կամ 6-օրյա տևողությունը սահմանում է ուսումնական հաստատությունը, իսկ ոչ պետական ուսումնական հաստատություններում՝ հիմնադիրը», նշել է նախարարությունը:

Իսկ ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը պարզաբանել է, թե որ դպրոցները կարող են անցնել հնգօրյա ռեժիմի․

«Որպեսզի թյուրըմբռնումներ չլինեն, առանձին գրառմամբ ևս մեկ անգամ հստակեցնեմ՝ այն դպրոցները, որտեղ դասարաններում աշակերտների թիվը չի գերազանցում 20-ը և դասարանները չեն բաժանվում խմբերի, կարող են անցնել հնգօրյա ռեժիմի»,- գրել է Ժաննա Անդրեասյանը։


 

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         ԿԳՄՍՆ

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon