«  Սեպտեմբեր 2019  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30

Яндекс.Метрика

«Պրիվետ, Ռոբ». Պողոս Պողոսյանի մահվան դեպքով հարուցվել է քրեական գործ սպանության հոդվածով

«Պրիվետ, Ռոբ». Պողոս Պողոսյանի մահվան դեպքով հարուցվել է քրեական գործ սպանության հոդվածով

2001 թվականի սեպտեմբերի 25-ի լույս 26-ի գիշերը Ռոբերտ Քոչարյանի թիկնապահների կողմից «պրիվետ Ռոբ» արտահայտության համար «Առագաստ» սրճարանում դաժանաբար սպանված Պողոս Պողոսյանի սպանության գործով նոր երեւան եկած հանգամանքի հիմքով վարույթ է հարուցվել։ Այս մասին ՀԺ-ի հարցին ի պատասխան ասաց ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։

Նա նշեց, որ 2019 թվականի սեպտեմբերի 12-ին ՀՀ գլխավոր դատախազությունից քրեադատավարական կարգով քննարկելու նպատակով Երեւան քաղաքի դատախազություն է ուղարկվել Սթիվեն Ջոն Նյուտոնի ներկայացուցիչների դիմումը, դրան կից ներկայացված ու թարգմանված փաստաթղթերը, ինչպես նաեւ Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում քննված՝ 2001 թ. սեպտեմբերի 24-ի լույս 25-ի գիշերը «Առագաստ» սրճարանում Պողոս Պողոսյանի սպանության վերաբերյալ քրեական գործը: Ըստ այդմ՝ Երեւան քաղաքի դատախազությունում փաստաթղթերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ 25.09.2001 թ. ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 100-րդ հոդվածով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցված քրեական գործով ՀՀ ԱԱ նախարարության աշխատակից Աղամալ Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 103-րդ հոդվածով:

Մեղադրանքն առաջադրվել է այն բանի համար, որ 25.09.2001 թ.՝ ժամը 00:30-ի սահմաններում, Երեւանի «Առագաստ» սրճարանի զուգարանում վերջինիս եւ ոգելից խմիչք օգտագործած վիճակում գտնվող Պ. Պողոսյանի միջեւ տեղի է ունեցել փոխադարձ քաշքշուկ, հասցվել են փոխադարձ հարվածներ, որոնց ընթացքում Պ. Պողոսյանը մեջքի ուղղությամբ վայր է ընկել, գլխի հետեւի մասով հարվածել զուգարանի սալիկապատ հատակին, որի հետեւանքով ստացած գանգուղեղային ծանր մարմնական վնասվածքից մահացել է:

Այսինքն՝ ըստ մեղադրանքի՝ Աղամալ Հարությունյանը դրսեւորել է հանցավոր անփութություն, որով կատարել է անզգույշ սպանություն: Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 2002 թ. փետրվարի 21-ի դատավճռով ամբաստանյալ Աղամալ Հարությունյանը մեղավոր է ճանաչվել նշված հոդվածով եւ դատապարտվել է 2 տարի ժամկետով ազատազրկման, միաժամանակ նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվել եւ սահմանվել է փորձաշրջան՝ 1 տարի ժամանակով:

Դատավճռի դեմ տուժողի իրավահաջորդի կողմից դատական ակտի դեմ տարվել է վերաքննիչ բողոք, որը, սակայն, թողնվել է առանց քննության: Երեւան քաղաքի դատախազությունում ուսումնասիրվել է նշված դեպքի վերաբերյալ Սթիվեն Ջոն Նյուտոնի ներկայացուցիչների կողմից ՀՀ գլխավոր դատախազին հասցեագրված դիմումը եւ դրան կից՝ վերոնշյալ դեպքի առնչությամբ Ս. Ջ. Նյուտոնի հայտարարությունը:

Գոռ Աբրահամյանն ասաց՝ պարզվել է, որ հայտարարությունն էական նշանակություն ունեցող տեղեկություններ է պարունակում դեպքի մասին, քան այն, ինչը հաստատված է համարվել քրեական գործի քննությամբ: Մասնավորապես տեղեկություններն առերեւույթ վկայում են այն մասին, որ Պ. Պողոսյանը կյանքից զրկվել է ոչ թե անզգուշությամբ, այլ Աղամալ Հարությունյանի եւ գործով չպարզված այլ անձանց կողմից՝ դիտավորությամբ եւ խուլիգանական դրդումներով:

«Այսինքն՝ առերեւույթ ի հայտ են եկել այնպիսի հանգամանքներ, որոնք գործով մինչ այդ պարզված հանգամանքների հետ համակցությամբ կարող են ապացուցել, որ Աղամալ Հարությունյանն առերեւույթ կատարել է ավելի ծանր հանցանք՝ սպանություն ծանրացուցիչ հանգամանքներում, քան այն, որի համար վերջինս դատապարտվել է: Բացի այդ, դրանք առերեւույթ վկայում են հանցանքի կատարմանը նաեւ այլ անձանց մասնակցության վերաբերյալ: Նշված հանգամանքների մասին հայտնի չի եղել քրեական գործի քննության ընթացքում:

Ելնելով վերոգրյալից՝ Պ. Պողոսյանի մահվան փաստի առթիվ հարուցված քրեական գործով նոր երեւան եկած հանգամանքների հետեւանքով ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ եւ 10-րդ կետերով նախատեսված առերեւույթ հանցագործության հատկանիշներով Երեւան քաղաքի դատախազությունում հարուցվել է վարույթ եւ քննություն կատարելու հանձնարարությամբ ուղարկվել ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժին:

Վարույթ հարուցելու որոշում կայացնելիս հաշվի է առնվել նաեւ այն հանգամանքը, որ Ա. Հարությունյանի եւ գործով չպարզված անձանց կողմից առերեւույթ կատարված՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ եւ 10-րդ կետերով նախատեսված հանցագործության համար քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետներն անցած չեն, քանի որ նշված արարքի համար նախատեսված է պատիժ՝ ցմահ ազատազրկում: Իսկ ՀՀ քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածի համաձայն՝ վաղեմության ժամկետի կիրառման հարցն այն անձի նկատմամբ, որը ցմահ ազատազրկմամբ պատժվող հանցանք է կատարել, լուծում է դատարանը»,- մանրամասնեց Աբրահամյանը: 

Պողոս Պողոսյանի եղբորորդին՝ Սամվել Պողոսյանը ՀԺ-ի հետ զրույցում ավելի վաղ նշել էր, որ հայրը՝ Անդրանիկ Պողոսյանը օգոստոսի 2-ին դիմել է ՀՀ գլխավոր դատախազություն եւ Ազգային անվտանգության ծառայություն, որպեսզի վերաբացվի գործը, նոր քննություն կատարվի եւ բացահայտվի նաեւ Ռոբերտ Քոչարյանի մեղսակցությունը դրանում, որի հրամանով է սպանությունը կատարվել: 

Պողոսյանի հարազատները ավելի քան 18 տարի է պնդում են, որ Պողոսյանին ծեծելով սպանել են: Ընդ որում, նրա կինը՝ Զոյա Պողոսյանը, դեպքից 1 տարի հետո ծանոթանալով դատաբժշկական փորձաքննության արդյունքներին դաժան մանրամասներ է պատմել «Առավոտ»-ին: