Սեպտեմբերի 12-ից Հայաստանում կարանտին կհայտարարվի

Կարևոր 04.09.2020   19:00   4239

ԱԺ-ն արտահերթ նստաշրջանում 70 կողմ, 19 դեմ և 0 ձեռնպահ ձայներով երկրորդ ընթերմամբ և ամբողջությամբ ընդունեց կառավարության ներկայացրած արտակարգ դրությունը կարանտինային ռեժիմով փոխարինելուն վերաբերող նախագծերի փաթեթը։

Նախագծի ներկայացման ժամանակ ՀՀ արդարադատության նախարար Ռաֆիկ Գրիգորյանն այսօր ԱԺ–ում հայտարարեց, որ սեպտեմբերի 12-ից հետո Հայաստանում հայտարարված արտակարգ դրությունը կփոխարինվի կարանտինով։

Կառավարության հեղինակած օրենսդրական փաթեթով նախատեսվում է կարանտինային գոտում կիրառել մուտքի ու ելքի սահմանափակումներ` ընդհուպ մինչև պետական սահմանի փակում, տվյալ տարածքից ապրանքների ներմուծման ու արտահանման սահմանափակումներ, ինչպես նաև կրթական հաստատությունների փակում։

Տնտեսական գործունեությունը կարող է սահմանափակվել միայն այն դեպքերում, երբ այդ ձեռնարկությունները հանդիսանում են համաճարակի աղբյուր։

Կարանտինի ռեժիմի սահմանումը վերապահվում է կառավարությանը, մարզպետերին ու համայնքների ղեկավարներին`կախված վարակի տարածման տարածքի մեծությունից։

Օրենսդրական նոր փաթեթով փոփոխություններ են առաջարկում նաև վարչական ու քրեական օրենսգրքերում։ Պատասխանատվության միջոցներ են նախատեսված կարանտինի, մեկուսացման ու ինքնամեկուսացման ռեժիմների խախտման, անհատական պաշտպանության միջոցների չկիրառման համար։

Առավելագույն պատժաչափը` 500 000 դրամ, նախատեսվում է ձեռնարկության աշխատանքը կասեցնելու որոշումը երկրորդ անգամ խախտելու համար, այն դեպքում, երբ առաջին անգամ նույն խախտման համար նախատեսված է մինչև 300 000 դրամ տուգանք։

Առանց բժշկական դիմակի հանրային տարածքում լինելու համար տուգանքը կշարունակի մնալ 10 000 դրամ։

Զանգվածային միջոցառումների արգելքը խախտելը կարժենա 50-200 հազար դրամ։ Նույն չափով կտուգանվեն նաև ինքնամեկուսացման կարգը խախտողները։ Մուտքի-ելքի սահմանափակումները խախտողները կտուգանվեն 50–70 հազար դրամով։

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         կարանտին, կորոնավիրուս, ԱԺ, Հայաստան

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon