ՍԺ նիստ. պայմանագրային զինծառայության տարիքային շեմը կբարձրանա (տեսանյութ)

Քաղաքական 19.04.2021   11:30   72

Խորհրդարանն այսօր երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության առաջարկած «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը։ Դրանով առաջարկվում է բարձրացնել պայմանագրային զինվորական ծառայության տարիքային շեմը:

Եթե գործող օրենքով պայմանագրային զինծառայության կարող են անցնել առավելագույնը մինչև 45 տարեկան անձինք, ապա նախագծով առաջարկող շեմը 63 տարեկանն է։

Միաժամանակ սահմանվում է նաև զինվորական կոչումների տարիքային սանդղակ։ Այս փոփոխությունը ԼՀԿ–ի նախագծում առաջարկել է կառավարությունը։

Դրանով շարքային, կրտսեր ենթասպայական և ավագ ենթասպայական կազմի առավելագույն տարիքային շեմ է սահմանվել 53 տարեկանը, կրտսեր սպայական կազմինը` 55, ավագ սպայական կազմի` մայոր և փոխգնդապետ` 58, իսկ գնդապետի համար 63 տարեկան:

«ԼՀ» խմբակցության առաջարկած օրինագծով նախատեսվում է քոլեջների և ուսումնարանների վերջին կուրսերի ուսանողներին մինչև ուսումնառության ավարտը զորակոչից տարկետման իրավունք տալ։

Նոր օրենքը, սակայն, ուսանողի վրա կազդի մինչև նրա 20 տարին լրանալու օրը:

Նշենք, որ ՀՀ պաշտպանության նախարարությունն ու կառավարությունը դրական եզրակացություն էին ներկայացրել ԼՀԿ–ի առաջարկած նախագծի վերաբերյալ:

Այսպիսով՝ Ազգային ժողովն այսօր 103 «կողմ» և 2 «ձեռնպահ» ձայներով երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը։

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ


 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon