Ստեփանավան համայնքի ղեկավարը կատարել է ապօրինություններ

Պաշտոնական 26.12.2019   10:00   274

Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում ստացված օպերատիվ տեղեկությունների հիման վրա կատարված ստուգումներով ու նախապատրաստված նյութերով փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ Ստեփանավան համայնքի ղեկավարը, հանդիսանալով «Ստեփանավան» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ, կատարել է ապօրինություններ։

«Պարզվել է, որ «Բավարիայի երկրամասի Կարմիր խաչ» կազմակերպությունը 2013-ից 2019 թվականների ընթացքում հիշյալ բարեգործական հիմնադրամին հատկացրել է ընդհանուր 316 հազար եվրոյից և 32 միլիոն դրամից ավելի արժեցող կենցաղային ու տնտեսական իրեր՝ որպես անապահով ընտանիքներին մարդասիրական օգնություն։ Ըստ ձեռք բերված փաստական տվյալների՝ համայնքի ղեկավարը, հափշտակություն կատարելու դիտավորությամբ, համայնքի անապահով ընտանիքներին օգնություն տրամադրելու անվան տակ, անհասցե ապրանքագրեր ու կեղծ հանձնման-ընդունման արձանագրություններ կազմելու եղանակով յուրացրել է առանձնապես խոշոր չափերի՝ 89 միլիոն դրամից ավելի կազմող տարբեր իրեր։ Պարզվել է նաև, որ Ստեփանավան համայնքի ղեկավարը չարաշահել է պաշտոնեական դիրքը և, ձևական աճուրդներ է կազմակերպելով ու կեղծիքներ կատարելով, իր որդուն է օտարել համայնքին պատկանող հողամասեր՝ համայնքի օրինական շահերին պատճառելով էական վնաս։ Բացի այդ, պարզվել է, որ համայնքի ղեկավարը, հաստատապես իմանալով, որ որդուն պատկանող հողամասում բարձրաստիճան պաշտոնատար անձանցից մեկը առանց համապատասխան թույլտվության առանձնատուն է կառուցում, ոչ միայն չի կասեցրել ապօրինի շինարարությունը, այլև կազմել և տրամադրել է պաշտոնական կեղծ փաստաթղթեր, որոնց հիման վրա կադաստրի պետական կոմիտեի Ստեփանավանի գրասենյակում 2015 թվականին կատարվել է սեփականության իրավունքի պետական գրանցում։

Դեպքերի առթիվ ոստիկանությունում քրեական գործ է հարուցվել, որն ուղարկվել է քննչական կոմիտե։ Հանգամանքները պարզվում են»,- նշվում է ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության հաղորդագրության մեջ։

 

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Ոստիկանություն, Ստեփանավան

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon