«  Փետրվար 2019  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728

Яндекс.Метрика

Զուրաբյան. «Ճանաչեք սեփական ճակատագրի տեր լինելու Ղարաբաղի իրավունքը, և հայերի մեծամասնությունը կողմ կլինի արագ և խաղաղ կարգավորմանը»

Զուրաբյան. «Ճանաչեք սեփական ճակատագրի տեր լինելու Ղարաբաղի իրավունքը, և հայերի մեծամասնությունը կողմ կլինի արագ և խաղաղ կարգավորմանը»

Փետրվարի 2-ին ես հանդիպեցի «Թուրան» լրաատվական գործակալության թղթակից Շահին Գաջիևի հետ, որը գտնվում էր Հայաստանում, հավատարմագրվելով Հայաստանի Հանրապետության ԱԳՆ-ում, և նրան հարցազրույց տվեցի: Մեր զրույցը տևեց 1 ժամ 20 րոպե: Փետրվարի 8-ին հարցազրույցը հրապարակվեց turan.az-ում` կրճատումներով: Թեեւ հիմնականում կատարվել է բարեխիղճ աշխատանք, ցավոք, որոշ կրճատումներ հանգեցրել են իմ ասածներում տրամաբանական կապերի խզմանը և անհստակությունների, ինչպես նաև Ադրբեջանի հասարակությանն ուղղված, ըստ իս, կարևոր մտքերի հեռացմանը: Ձեր ուշադրությանն եմ ներկայացնում հարցազրույցի ավելի ամբողջական և ճիշտ տեքստը` ձեր լրատվական ռեսուրսում այն հրապարակելու խնդրանքով: Առաջարկում եմ նաեւ այնպիսի վերնագիր, որն ավելի ճշգրիտ է ներկայացնում ադրբեջանական հասարակությանն ուղղված իմ գլխավոր ուղերձը։

ԼԵՎՈՆ ԶՈՒՐԱԲՅԱՆ. «ՃԱՆԱՉԵՔ ՍԵՓԱԿԱՆ ՃԱԿԱՏԱԳՐԻ ՏԵՐ ԼԻՆԵԼՈՒ ՂԱՐԱԲԱՂԻ ԻՐԱՎՈՒՆՔԸ, ԵՎ ՀԱՅԵՐԻ ՄԵԾԱՄԱՍՆՈՒԹՅՈՒՆԸ ԿՈՂՄ ԿԼԻՆԻ ԱՐԱԳ ԵՎ ԽԱՂԱՂ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆԸ»

Հարցազրույց «Թուրան» լրատվական գործակալությանը

- Ադրբեջանում կարծիք կա, որ Նիկոլ Փաշինյանը Լևոն Տեր-Պետրոսյանի թիմից է, և նա շարունակելու է անել այն, ինչ անում էր Տեր-Պետրոսյանը:

- Պնդումը, որ Հայաստանում իշխանության եկած Նիկոլ Փաշինյանի թիմը` Լևոն Տեր-Պետրոսյանի թիմի անդամներն են, ճիշտ չէ: Այսօր դրանք երկու անկախ քաղաքական ուժեր են, որոնք ավելի վաղ՝ 2008 թվականին, բարիկադի մի կողմում էին:

-Ինչպիսի՞ն է Փաշինյանի կառավարության ծրագիրը և ինչպե՞ս եք վերաբերվուն դրան:

-Ընտրությունները նոր են անցկացվել, ձևավորվել է նոր խորհրդարան և կառավարությունը դեռ պետք է ներկայացնի իր ծրագիրը: Համեմատել, քննադատել կամ աջակցել մենք կարող ենք միայն ծրագիրը տեսնելուց հետո: Իշխանության գալու պահից Փաշինյանի թիմը զբաղվում էր ոչ այնքան պետական կառավարման հարցերով, որքան քաղաքական պայքարով, քանի որ խորհրդարանը հիմնականում բաղկացած էր հին ռեժիմի ներկայացուցիչներից: Նման երկիշխանության պայմաններում երկիրը կառավարելու որևէ ծրագրի մասին խոսելն ավելորդ էր: Այժմ, խորհրդարանում մեծամասնություն դառնալուց հետո, Փաշինյանը ծրագիր առաջարկելու և գործելու հնարավորություն ստացավ: Այնուհետ կտրվեն գնահատականներ:

-Ո՞րն էր «թավշյա հեղափոխության» և Փաշինյանի թիմի հաջողության պատճառը: 

-Աշխարհում ոչ մի ժողովուրդ կոռուպցիա, ազատության սահմանափակում չի սիրում: Բոլորն ուզում են ժողովրդավարություն, հավասար հնարավորություններ, ստեղծելու հնարավորություն: Դա հենց այն է, ինչը չկար Հայաստանում: Հենց դա էր բողոքների և «թավշյա հեղափոխության» գլխավոր պատճառը: Սկսած 1988 թվականից, մենք ավանդաբար սիրում ենք ցույցեր անել, և երբ մեզ որևէ բան դուր չի գալիս, մենք դա արտահայտում ենք, և այդ բողոքները միշտ խաղաղ են եղել, միակ բացառությունը` 2008 թվականի մարտի 1-ն է: Այդ ժամանակ, առաջին անգամ Հայաստանի պատմության ընթացքում, իշխանությունները ուժ կիրառեցին սեփական ժողովրդի դեմ: Եվ վերջերս տեղի ունեցած իշխանափոխությունը ապացուցեց, որ ժողովուրդը դա չէր ընդունել և փողոց դուրս եկել, երբ կրկին ուժ կիրառելու սպառնալիք հնչեց, ինչպես դա եղել է 2008 թվականի մարտին:

-Ո՞րն էր նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի և Հայաստանի նախկին ռազմական ղեկավարության քրեական հետապնդման պատճառը:

-Սա համարում եմ իմ երկրի ներքին հարցը, և չէի ցանկանա քննարկել այս թեման ադրբեջանական մամուլի հետ:  Կարող եմ միայն ավելացնել. տեղի է ունենում առողջացման գործընթաց, որը պետք է ցույց տա, որ պետական գործիչներից և պաշտոնատար անձանցից ոչ մեկը չպետք է անցնի որոշակի սահմանագիծը:

-Որքանո՞վ են արդարացված այն պնդումները, որ կա հակամարտություն կամ հակասություններ Երևանի հայերի և ղարաբաղցիների միջև:

-Ոչ մի հակամարտություն չկա: Այդ թեման շահարկում են որոշ անձինք` դա իրենց քաղաքական նպատակներով օգտագործելու համար: Հայաստանում և Ղարաբաղում մարդիկ հասկանում են, որ դրանք անիմաստ և վնասակար խոսակցություններ են:

-Որքանո՞վ են այսօր արդիական Լևոն Տեր-Պետրոսյանի մտքերն, որոնք նա արտահայտել է 1997 թվականին իր հայտնի «Պատերազմ, թե՞ խաղաղություն. լրջանալու պահը» հոդվածում:

-Այնտեղ արտահայտված մտքերն արդիական են, բայց աշխարհը փոխվել է: Հայաստանի ռազմավարական շահերի այն ժամանակվա գիտակցումը ճիշտ էր, բայց հիմա իրավիճակը փոխվել է: Ուստի ճիշտ չէր լինի ասել, որ այն ամենն, ինչ ասված է այդ հոդվածում, կիրառելի է այսօր: Տեղի է ունեցել աշխարհաքաղաքական իրավիճակի փոփոխություն և ամենից առաջ, հարաբերությունների սրում Արևմուտքի և Ռուսաստանի միջև, ընդհուպ մինչև սառը պատերազմի վերսկսումը: 1997 թվականին Ադրբեջանը չուներ այն նավթային եկամուտները, որ ունի այսօր, և այդպիսի սպառազինություն:

-Արդյո՞ք դա նշանակում է, որ Հայաստանի համար իրավիճակը վատացել է:

-Իրավիճակը չի կարելի գնահատել միայն այդ գործոնով: Եվ իրավիճակը վատացել է ոչ միայն Հայաստանի, այլ նաև Ադրբեջանի համար:

-Կարո՞ղ եք հստակեցնել, ինչն է վատացել Ադրբեջանի համար:

-Ժամանակն անցնում է, իսկ ստատուս քվոն պահպանվում, և շատերն արդեն ստատուս քվոյի փոփոխությունը ընկալում են որպես խնդիր, որը հնարավոր չէ լուծել:

-Տեր-Պետրոսյանի վերոհիշյալ հոդվածում կար մի թևավոր խոսք. «Այն, ինչ մերժում ենք այսօր, ապագայում խնդրելու, բայց չենք ստանալու»: Արդյո՞ք Հայաստանը մտավախություն չունի, որ նոր պատերազմի դեպքում կկորցնի գրավված տարածքները: Ավելի լավ չէ՞ր լինի հիմա համաձայնության գալ և փոխարենն ինչ-որ բան ստանալ:

-Բայց Տեր-Պետրոսյանն նաեւ ասել է, որ նոր պատերազմի դեպքում Ադրբեջանը կարող է նոր տարածքներ կորցնել, և թող չմտածի, որ հաղթելու է: Պետք է պատրաստ լինել զիջումների, փոխզիջումների: Ադրբեջանը պետք է գիտակցի, որ առանց դրա ոչինչ հնարավոր չէ:

-Բայց մի՞թե դուք պատրաստ չէիք կարգավորմանը «տարածքներ խաղաղության դիմաց» բանաձևի հիման վրա, չէ՞ որ 1997 թվականին Տեր-Պետրոսյանի կառավարությունը ընդունեց փուլային կարգավորման տարբերակը: Հնարավո՞ր է արդյոք այսօր այդ ծրագրի կիրառումը:

-Մենք երբեք չենք ընդունել «տարածքներ խաղաղության դիմաց» բանաձևը: 1997 թվականի փուլային տարբերակը «տարածքներ խաղաղության դիմաց» բանաձևի հետ ոչ մի կապ չունի, այն պարունակում էր Ղարաբաղի կարգավիճակի ճանաչման լուրջ առաջընթաց: Այդ փաստաթղթից, որը հրապարակվել է, հետևում է, որ պայմանավորվում են երեք կողմեր՝ Ադրբեջանի Հանրապետությունը, Հայաստանի Հանրապետությունը և Լեռնային Ղարաբաղը: Այդ նույն փաստաթղթում ասված է, որ Ղարաբաղի կարգավիճակը կորոշվի այդ երեք կողմերի միջև հետագա բանակցությունների ընթացքում: Դա նշանակում է, որ Ղարաբաղն ըստ էության ստանում է իրեն չգոհացնող ցանկացած տարբերակի նկատմամբ վետոյի իրավունքը: Ուստի 1997 թվականի տարբերակը իրականում նշանակում էր Լեռնային Ղարաբաղի միջազգայնորեն ճանաչված կարգավիճակ: Այն ժամանակ այդ տարբերակին համաձայնվել էին Ադրբեջանը, Հայաստանը, բայց ոչ Լեռնային Ղարաբաղը:

-Կարելի՞ է դա համարել կարգավորման բաց թողնված հնարավորություն:

-Իհարկե:

-Ո՞րն է Ղարաբաղի կողմից այդ տարբերակից հրաժարվելու պատճառը:

Նրանք իրենց դիրքորոշումն ունեն, որը պետք է հարգել և փորձել բանակցել նրանց հետ: Մենք չենք կարող խոսել իրենց փոխարեն, քանի որ ընկալում ենք այդ խնդիրը որպես ինքնորոշման հարց: Մենք երբեք չենք խոսել Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջների մասին: Տեր-Պետրոսյանի բանաձևը այսպիսին էր. այն, ինչ բավարարում է Ադրբեջանին և Ղարաբաղին, բավարարում է նաև Հայաստանին: Ղարաբաղի հետ պայմանավորվելը Բաքվի խնդիրն էր: Վերցրեք Շոտլանդիան. որոշ ուժեր անկախություն են ուզում, և Լոնդոնը նրանց հետ բանակցություններ է վարում, փորձելով համոզել, կամ ինչ-որ բան է առաջարկում, և շոտլանդացիները որոշում են` մնալ, թե դուրս գալ Միացյալ Թագավորությունից: Ցավոք, Բաքուն չգնաց երկխոսության ճանապարհով: Ադրբեջանից առանձնանալու քաղաքակիրթ ձևակերպված ցանկությանը Բաքուն պատասխանեց Սումգայիթյան ջարդերով, Գետաշենի գործողությամբ, «Օղակ» գործողությամբ, խաղաղ բնակիչների սպանություններով և ռազմական ագրեսիայով: Տեղի ունեցած պատերազմը բազմաթիվ ավերածություններ և զոհեր, տնտեսական կորուստներ բերեց և թունավորեց ամբողջ տարածաշրջանի մթնոլորտը:

-Հայաստանում տարբեր քաղաքական ուժերի հայտարարություններից  այնպիսի տպավորություն է, որ նույնիսկ եթե Ադրբեջանը համաձայնվի ճանաչել Ղարաբաղի անկախությունը, միևնույն է, հայերը պատրաստ չեն ոչինչ զիջելու և համաձայն չեն խաղաղ կարգավորմանը:

-Իսկ ես հայտարարում եմ ձեզ. տվեք Ղարաբաղին անկախություն, և ես երաշխավորում եմ, որ հայերի մեծամասնությունը խաղաղ կարգավորմանը կողմ կլինեն:

-Պակասին համաձայն չե՞ք: Նույնիսկ ամենաբարձր կարգավիճակի՞ն:

-Մենք արդեն սակարկո՞ւմ ենք: Իմ հարցը, իհարկե, կատակ էր: Իսկ եթե լուրջ, նույնիսկ ամենաբարձր կարգավիճակը Ադրբեջանի կազմում անընդունելի է: Եթե առայժմ անկախություն չեք կարող առաջարկել, ապա առաջարկեք ղարաբաղցիներին այնպիսի քաղաքական գործընթաց, որի ցանկացած փուլում ղարաբաղցիները իրավունք կպահպանեն տնօրինել իրենց ճակատագիրը:

-Ինչո՞վ կարելի է բացատրել Հայաստանի ու Ղարաբաղի քաղաքական ուժերի բուռն արձագանքը Հայաստանում նախկին ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլզի խոսքերին, որին զարմացրել էր, որ հայերը հրաժարվում են վերադարձնել Ղարաբաղի շրջակա տարածքները կարգավիճակի դիմաց:

-Հայաստանի պաշտոնական իշխանությունների կողմից նման կարծիք չի արտահայտվել: Ինչ վերաբերվում է նրանց, ովքեր կանգնած են մաքսիմալիզմի դիրքերում, ապա նման ազգայնականներ ամենուրեք կան, նաև Ադրբեջանում: Արդյո՞ք Ադրբեջանում չկան նման մարդիկ, որոնք Մեծ Ադրբեջանի քարտեզներ են գծում, որոնց վրա Հայաստանը տեղ չունի և որոնք ներառում են Իրանական Ադրբեջանը:

-Ի՞նչ պետք է աներ Բաքուն, որպեսզի ղարաբաղցիները հանեին անջատման հարցը:

-Ցանկացած կենտրոնական իշխանություն այն շրջանների համար, որոնք իրենն է համարում, պետք է ապահովի մի շարք կարևոր պայմաններ. անվտանգություն, ժողովրդավարության իրավունք, քաղաքացիական իրավունքներ: Եթե դա լիներ, և ղարաբաղցիները իմանային, որ իրենք կարող են հանգիստ ապրել և զարգանալ, իրենք ունեն բոլոր հնարավորությունները, ապա ինչո՞ւ պետք է անջատվեին: Հիմա ղարաբաղցիները համարում են, որ իրենք Ադրբեջանում տեղ չունեն, որ իրենք կաքսորվեն կամ խտրականության կենթարկվեն: Միջազգային օրենքը նախատեսում է իրավունքների վերականգնման նպատակով անջատվելու իրավունքը: Անգլերեն դա հնչում է այսպես. remedial right to secede: Դա նշանակում է, որ ցանկացած ժողովուրդ ունի անջատման իրավունք, եթե տեղի է ունենում այդ ժողովրդի քաղաքացիական իրավունքների համակարգված խախտում, ոտնահարվում է անվտանգությունը, ազատությունը և ժողովրդավարությունը: Այն ամենից հետո, ինչ եղել է Ղարաբաղում` էթնիկ զտումներ, Ստեփանակերտի ռմբակոծություն, ռազմական ճանապարհով հակամարտություն լուծելու մշտական փորձերը, Ղարաբաղն իրեն Ադրբեջանի կազմում չի տեսնում: Կարելի է լինել այն պետության մի մասը, որը հարգում է քո ազատության և անվտանգության իրավունքը: Արդյո՞ք կարող է հիմա Ադրբեջանը  այդպիսի հնարավորություններ տալ:  Այն, ինչ ես ասում եմ, կարող է ընկալվել որպես միջամտություն ձեր ներքին գործերին, բայց ես այդ ասում եմ Ղարաբաղի համատեքստում. այդպիսի երաշխիքներ դուք չեք տալիս նույնիսկ սեփական քաղաքացիներին: Մենք տեսնում ենք, ինչպես են երաշխավորված Ադրբեջանի քաղաքացիների ազատություններն ու իրավունքները: Եթե դուք ի վիճակի չեք իրավունքներ ապահովել կամ տալ նույնիսկ ազգությամբ էթնիկ ադրբեջանցի ձեր քաղաքացիներին, ինչպե՞ս կարող եք ապահովել ղարաբաղի հայերի իրավունքները: Այդ ֆոնին ոչ ոք երբեք չի համաձայնվի Ադրբեջանի կազմում որևիցէ բարձր կարգավիճակի:

-Հենց հակամարտության սկզբում՝ 1988 թվականին, ընդունվել են Լեռնային Ղարաբաղի սոցիալ-տնտեսական զարգացման, ղարաբաղցիների և Բաքվի հայերի բոլոր իրավունքների ապահովման և երաշխավորման նպատակային, բազմամիլիոնանոց ծրագրեր, սակայն հայկական կողմը մերժեց այդ ամենը և գնաց Բաքվի հետ բաց հակամարտության: Հայերի համար ամենակարևորը Հայաստանի հետ վերամիավորումն էր՝ միացման գաղափարը, ոչ թե տնտեսությունն ու իրավունքները: Եվ հարցը այսպես էր դրված. պայքարել մինչև վերջ և գնալ ցանկացած  զոհողությունների, անկախ ամեն ինչից: 

-Այն 400 միլիոն ռուբլին, որ Գորբաչևը տվել էր ԼՂԻՄ սոցիալ-տնտեսական զարգացման համար, իրականում տվել էին Ադրբեջանին, ոչ թե Ղարաբաղի իշխանություններին: Ընդ որում, Բաքուն այդ միջոցներն օգտագործել է Ղարաբաղի ադրբեջանական բնակավայրերի զարգացման և ժողովրդագրական իրավիճակի փոփոխության համար:

-Բայց չէ՞ որ հայկական կողմը հրաժարվել էր Բաքվից միջոցներ ընդունել, քանի որ չէր ընդունում Ադրբեջանի իշխանություններին: 

-Եթե ձեզ որևէ մեկը չի ընդունում, ձեր խնդիրը համոզելն է, վստահություն ձեռք բերելը: Եթե օգնություն չէին ընդունում, ուրեմն քիչ էիք խոստանում, բավականաչափ համոզիչ չէիք, անվստահելի:

-Ո՞րն էր այստեղ Հայաստանի էմիսարների դերը, որոնք խանգարում և արգելափակում էին նման շփումները, վախեցնում և սպառնում էին նրանց, ովքեր համաձայն էին երկխոսությանը:

-Ուլտրա-ազգայնականներ և ծայրահեղականներ ամենուրեք կան, Ադրբեջանում նույնպես, և նրանք միշտ խանգարելու են: Նման զգայուն խնդիրների լուծման ժամանակ պետք է քաղաքակիրթ երկխոսության գնալ, ոչ թե բռնություն կիրառել: Ես համոզված եմ, որ ապագայում, երբ հակամարտությունը կարգավորվի, մենք Ադրբեջանի և Թուրքիայի հետ հրաշալի հարաբերություններ կունենանք: Դրանք Հայաստանի ամենամոտ և բնական տնտեսական գործընկերներն են: Պետք է հրաժարվել գերիշխող լինելու գաղափարից և այլ ազգը կուլ տալու ցանկությունից:

-Այդ դեպքում ինչո՞ւ 90-ական թվականների կեսերին հայկական կողմը հրաժարվեց Հայաստանով նավթամուղ կառուցելու գաղափարից, որը կարող էր փոխադարձ վստահության և կարգավորման սկզբի հիմք դառնալ:

-Մենք չենք մերժել Հայաստանով նավթամուղ անցկացնելու առաջարկը, մենք մերժեցինք միայն նավթամուղը հակամարտության կարգավորման հետ կապելու գաղափարը, քանի որ հայկական կողմը չէր կարող կարգավորման խնդիրը նավթամուղից կախման մեջ դնել: Նույնիսկ եթե Տեր-Պետրոսյանը մնար իշխանության, այդ ծրագիրը չէր իրականացվի առանց կարգավորման: Նավթամուղի կառուցման հարցը սերտորեն կապված էր Ղարաբաղի հակամարտության կարգավորման հետ: Սակայն քաղաքական երաշխիքները տնտեսական շահերից կարևոր են: Մենք չէինք կարող խաղաղության հարցը դնել ինչ-որ նավթամուղից կախման մեջ: Կարգավորման հարցը սակարկության հարց չէ:

-Հրաժարվելով Բաքու-Ջեյհան նավթամուղից, Հայաստանը կորցրեց իր տարածքով  Բաքու-Էրզրում գազատարը, այնուհետև` Բաքու-Կարս երկաթուղին անցկացնելու հնարավորությունը: Այսպիսով, հայկական կողմը ոչ միայն մեծ տնտեսական շահ, այլև Ադրբեջանի վրա ազդեցության լծակներ կորցրեց: Նման դիրքորոշումը հանգեցրեց Ադրբեջանի տնտեսական և ռազմական ներուժի ամրապնդմանը և կարգավորման հարցում նրա դիրքորոշման խստացմանը: Հայերին չի՞ թվում, որ նրանք պարտվողի դերում են հայտնվել:

-Բայց այդ նույն հարցը կարելի է տալ Ադրբեջանին, որն այդ նույն պատճառով կորցրել է Հայաստանի վրա ազդեցության լծակները: Հիմա դեռ ուշ չե որոշ քայլեր ձեռնարկել. ճանապարհներ բացել, շփումներ և առևտուր հաստատել ղարաբաղցիների հետ: Այդ դեպքում Ադրբեջանը Ղարաբաղի և Հայաստանի վրա ազդելու որոշ լծակներ կստանար:

-Իսկ ինչպե՞ս են արտաքին մասնակիցները ազդում հակամարտության կարգավորման վրա:

-Հակամարտության կարգավորումը չի սահմանափակվում Հայաստանի, Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի միջև համաձայնություն ձեռք բերելով: Կարգավորումը պետք է նաև համապատասխանի գերտերությունների շահերին: Եվ այդ շահերը ազդում են կարգավորմանը հասնելու գործընթացի վրա: Այդ գործընթացը սկսվեց անմիջապես հակամարտության սկզբում. մի կողմից Արևմուտքն էր` ի դեմս ԵԱՀԽ (այժմ ԵԱՀԿ) միջնորդական նախաձեռնության, մյուս կողմից՝ Ռուսաստանը: Նրանց միջև մրցակցություն կար: Ձևականորեն այդ հարցը հաջողվեց լուծել 1994 թվականին հայկական կողմի նախաձեռնությամբ, երբ Արևմուտքը և Ռոուսաստանը միավորեցին իրենց ուժերը տվյալ հարցում, ստեղծելով Մինսկի համանախագահությունը: 1997 թվականին այդ գործընթացին միացավ նաև Ֆրանսիան: Բայց որքանով է այսօր հաջողվում Մինսկի ԵԱՀԿ խմբին հավասարակշռել այդ շահերը, դժվար է ասել: Խոսքերով նրանք հանդես են գալիս մեկ դիրքից, բայց միևնույն ժամանակ կուլիսների ետևում այլ գործընթացներ են տեղի ունենում:

-Կարելի՞ է արդյոք 1992 թվականի մայիսի 7-ին Թեհրանում Երևանի և Բաքվի միջև ձեռք բերված պայմանավորվածությունների ձախողումը, երբ հաջորդ օրը հայերը գրավեցին Շուշին,  արտաքին միջամտության դրսևորում համարել: Ճի՞շտ են արդյոք ղարաբաղյան ուժերի հրամանատար Արկադի Տեր-Թադևոսյանի պնդումները, որ Երևանը դեմ էր Շուշիի գրավմանը, և ղարաբաղցիները այդ գործողությունը իրականացրեցին հակառակ Երևանի պահանջներին:

-Դա արտաքին միջամտության արդյունք չէր, և ես չեմ պատրաստվում բացել ձեր առաջ հայկական քաղաքականության գաղտնի ներքին մեխանիզմները: Կարող եմ միայն ասել, որ Տեր-Թադևոսյանի պնդումները ճիշտ չեն: Ամեն ինչ այլ կերպ էր: Դա հակամարտության տրամաբանությունն է. Շուշիի կողմից Ստեփանակերտի համար իրական սպառնալիք կար, անընդհատ ռմբակոծություն, զանգվածաբար մարդիկ էին զոհվում, պետք էր ապահովել նրանց անվտանգությունը:

-Ի՞նչ է սպասվում հայ-ադրբեջանական հարաբերություններում մոտ ապագայում:

-Ոչ մի լավ բան: Ես կարգավորման հարցում ռեալ առաջընթաց չեմ տեսնում: Գլխավոր խնդիրը վստահության պակասն է: Այդ իսկ պատճառով ցանկացած զիջում վտանգավոր է: Դրա համար, անհրաժեշտ են կտրուկ քայլեր. պետք է գնալ սահմանների բացմանը, ուղիղ շփմանը: Դա շատ կարևոր է վստահության հաստատման համար: Պետք է բանակցել: Ի՞նչն է խանգարում Իլհամ Ալիևին հանդիպել Բաքո Սահակյանի հետ: Չէ՞ որ դուք ղարաբաղցիներին համարում եք ձեր քաղաքացիները: Խոսեք նրանց հետ, ում համարում եք ձեր քաղաքացիները, նրանց հետ ուղիղ բանակցությունների մեջ մտեք: Թեկուզ այսօր համաձայնության չգաք կարգավիճակի, որևէ երաշխիքների վերաբերյալ: Գուցե արդեն այսօր ապագա կարգավիճակից ինչ-որ շատ կարևոր մի բան տալ, որպեսզի համոզեք Ղարաբաղի ժողովրդին, որ նրանք են իրենց ճակատագրի կերտողը: Ճիշտ է, Ադրբեջանը կարող է ասել. այսօր սա կուզեն, իսկ վաղը ավելին, բայց այլընտրանք չկա:

Հ.Գ. Շահին Հաջիեւը կարծում է, որ ես բավականաչափ չեմ ճշգրտել, թե ինչն է դեպի վատը փոխվել Ադրբեջանի համար 1997-ից ի վեր։ Օգտվելով այս հրապարակումից բացատրեմ։ Էականորեն մեծացել է հնարավոր նոր պատերազմի կործանարարության ծավալը, հետեւաբար, անհամեմատելիորեն ավելի դժվար են ստատուս քվոն ռազմական միջոցով փոխելու փորձերը։ Ճակատի երկու կողմում էլ կուտակված է չափազանց շատ մահաբեր զենք։ Ադրբեջանը ունի հնարավորություն մեզ հասցնելու մեծ վնաս, մարդկային կորուստներ եւ ավերածություններ։ Բան այն է, սակայն, որ նույնը ի վիճակի ենք անել նաեւ մենք։ Եւ ավերածությունների ծավալով 1991-1994 թվականների պատերազմը ուղղակի խաղ կթվա հնարավոր ապագա պատերազմի համեմատ։
Նման պատերազմում հաղթողը, եթե այդպիսին լինի, «հաղթանակի» դիմաց անտանելի գին կվճարի, իսկ նա, ով սկսի այդ պատերազմը, կդառնա պատմության մեջ ամենամեծ ռազմական հանցագործը հայերի եւ ադրբեջանցիների համար։ 

Լևոն Զուրաբյան

Նյութը հասանելի է նաև ռուսերեն