«Քաղաքաշինության կոմիտեի հայտարարությունը կարող է ստեղծել քաոսային իրավիճակ»

Պաշտոնական 16.01.2020   11:30   296

ՀՀ ճարտարապետների պալատի հայտարարությունը.

«ՀՀ քաղաքաշինության կոմիտեն  հունվարի 14-ին հանդես է եկել հայտարարությամբ, որում, մասնավորապես նշվել է. «ՀՀ քաղաքաշինության կոմիտեն սույն թվականի հունվարի 14-ին հանդես է եկել հայտարարությամբ, որում մասնավորապես նշվել է. «Եթե կառուցապատողը տեղական ինքնակառավարման մարմնին կառուցապատման նպատակով ներկայացրել է քաղաքաշինական փաստաթղթեր, որոնցում առկա է միայն ճարտարապետական մասը կամ կոնստրուկտորական մասը (կամ երկուսը միասին), ապա սահմանված դեպքերում և կարգով բավարար է ներկայացնել նրանց վերաբերյալ դրական փորձաքննության եզրակացությունը: Ուստի «Ճարտարապետական գործունեության մասին» ՀՀ օրենքի համաձայն ճարտարապետների պալատի կողմից տրվող արտոնագրի առկայությունը կամ բացակայությունը չի կարող հիմք հանդիսանալ շինարարության թույլտվության տրման կամ մերժման համար»

ՀՀ ճարտարապետների պալատ ինքնակարգավորվող կազմակերպությունը, որպես «Ճարտարապետական գործունեության մասին» ՀՀ օրենքով շրջանակում ճարտարապետների և ճարտարագետ-կոնստրուկտորների արտոնագրման համար պատասխանատու մարմին, անթույլատրելի է համարում նման հայտարարությունը, որը կարող է ստեղծել քաոսային իրավիճակ նախագծման և կառուցապատման գործընթացներում։

Համաձայն 2017 թվականի դեկտեմբերի 6-ին Ազգային ժողովի կողմից ընդունված «Ճարտարապետական գործունեության մասին» ՀՀ օրենքի անցումային դրույթների (հոդված 24, կետ 2) կառավարությունը օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ վեցամսյա ժամկետում, պետք է ապահովեր քաղաքաշինության բնագավառում քաղաքաշինական փաստաթղթերի մշակման գործունեության լիցենզավորման կարգի համապատասխանությունը նշված օրենքով սահմանված պահանջներին: ՀՀ քաղաքաշինության կոմիտեն, որպես քաղաքաշինության ոլորտում ՀՀ կառավարության պետական լիազոր մարմին, ձախողելով իր անմիջական պարտականությունների կատարումը, փորձում է ստեղծված իրավիճակի պատասխանատվությունը վերագրել ՀՀ ճարտարապետների պալատին՝ միաժամանակ փորձելով նաև վարկաբեկել կայացման փուլում գտնվող ինքնակարգավորման ինստիտուտը։ Մինչդեռ այդ ինստիտուտի և առհասարակ արտոնագրման գործընթացի ներմուծումը նախեւառաջ նպատակ ունի բարձրացնել ճարտարապետների և ճարտարագետ-կոնստրուկտորների անհատական պատասխանատվությունը՝ մեր քաղաքացիների համար որակյալ և անվտանգ կենսամիջավայր ստեղծելու գործում։

ՀՀ ճարտարապետների պալատը կոչ է անում բոլոր տեղական ինքնակառավարման մարմիններին և Երեւանի քաղաքապետարանին չանսալ ՀՀ քաղաքաշինության կոմիտեի վերոնշյալ հայտարարությանը և օրենսդրության համաձայն կառուցապատման նախագծային փաստաթղթերի (քաղաքաշինական փաստաթղթերի) համաձայնեցման համար պահանջել ՀՀ ճարտարապետների պալատի և ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահների ստորագրությամբ վավերացված ճարտարապետների և ճարտարագետ-կոնստրուկտորների արտոնագրերի պատճեները, որպես տվյալ գործունեությամբ զբաղվելու իրավունքը հավաստող փաստաթուղթ։ Իսկ նախագծային փաստաթղթերի փորձաքննությունը առանձին կարգավորված գործընթաց է և վերը նշված իրավունքի ճանաչմանը փոխարինել չի կարող»:

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         քաղաքաշինության կոմիտե, ճարտարապետների պալատ

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon