Վարչապետի և ընդդիմադիր ուժերի հանդիպումը նախագահականում չի կայանա

Քաղաքական 13.03.2021   10:30   126

Նիկոլ Փաշինյանի և ընդդիմադիր ուժերի հանդիպումը նախագահականում չի կայանա։ Տեղեկությունը հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը։ Նախատեսվող հանդիպման չեղարկման պատճառն այն է, որ ոչ բոլոր հրավիրյալ ուժերն են համաձայնել հանդիպել։

«Հաշվի առնելով, որ մարտի 13-ին Հանրապետության նախագահի նստավայր հանդիպման հրավիրվածներից «Իմ քայլը» և «Լուսավոր Հայաստան» խորհրդարանական խմբակցություններն ընդունել են հրավերը, «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցությունը և Հայրենիքի փրկության շարժումը հանդիպման համար առաջարկել են իրենց օրակարգն ու պայմաններ ներկայացրել, այս պահին մեկ սեղանի շուրջ հանդիպման ձևաչափը դառնում է անիրագործելի:

Նախագահ Արմեն Սարգսյանը շարունակելու է իր ջանքերը և պատրաստ է առանձին հանդիպումներ ունենալ ինչպես հրավիրվածների, այնպես էլ Ազգային ժողովի խմբակցություններում չընդգրկված պատգամավորների և արտախորհրդարանական տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ:

Այդ հանդիպումները հնարավորություն կտան ևս մեկ անգամ լսել բոլորի տեսակետները, ավելի հստակեցնել դիրքորոշումները և դրանց հիման վրա ձևավորել աշխատանքային օրակարգ:

Հանրապետության նախագահը վերահաստատում է իր այն համոզմունքը, որ տարաձայնությունների կարգավորման միակ ուղին բանակցություններն ու երկխոսությունն են, և պետք է անել ամեն ինչ` երկիրը զերծ պահելու ցնցումներից»,- նշվում է հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք՝ Արմեն Սարգսյանն առաջարկել էր ընդդիմադիր ուժերին ու Նիկոլ Փաշինյանին հանդիպել նախագահականում։ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբկցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի խոսքով՝ ինքը համաձայն է Հայրենիքի փրկության շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանի հայտնած տեսակետի հետ՝ հանդիպմանը կհամաձայնեն, եթե այն անցկացվի իրենց օրակարգով՝ Ազգային ժողովի նիստերի դահլիճում և ուղիղ հեռարձակմամբ։ Ընդգծում է՝ իրենք հանրությունից թաքցնելու բան չունեն։

«Նախագահը հրավերն ուղարկել է մեզ, բայց տվյալ հրավերի մեջ ծրագրային պարզաբանում, թե ինչի մասին պետք է խոսենք, չկա․․․Եթե հարցադրումները կդնի, կետերը կդնի, ծրագիրը, որ այս հարցն է, այս հարցն է, կհանդիպենք, կքննարկենք՝ կասենք․․․»,- նշել էր Ծառուկյանը։ Նա հավելել էր, որ հակառակ դեպքում հանդիպման մեջ իմաստ չի տեսնում։

Վարչապետը պետք է հրաժարական տա, որից հետո պետք է տեղի ունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ, համոզված է Գագիկ Ծառուկյանը: Ըստ նրա` ինչքան շուտ ձևավորվի նոր կառավարություն, այնքան ավելի շուտ խնդիրները կլուծվեն:

 

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Գագիկ Ծառուկյան, Արմեն Սարգսյան

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon