Վարչապետը պատասխանել է ԼՂ հիմնախնդրի և հայ թուրքական հարաբերությունների մասին հարցերին

Արցախ 13.11.2019   20:56   428

ՀՀ կառավարությունը Մադրիդյան սկզբունքները բանակցային գործընթացի հիմք ընդունել-չընդունելու համար կարևորում է սկզբունքների պարամետրերի պարզաբանումը: Այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն՝ Ազգային ժողովում կառավարության անդամների հետ հարց ու պատասխանի ժամանակ՝ պատասխանելով պատգամավոր Արման Բաբաջանյանի հարցին:  

«Քանի դեռ Մադրիդյան սկզբունքների բոլոր պարամետրերը մեզ համար թափանցիկ չեն, մեզ համար դժվար է ասել՝ մենք դա ընդունում ենք որպես բանակցային գործընթացի հիմք, թե չենք ընդունում: Մադրիդյան սկզբունքներն, ըստ էության, հարցի լուծման ճանապարհն են: Մենք ուզում ենք հասկանալ՝ այդ ճանապարհը մեզ ինչ հնարավոր տեղեր կարող է հասցնել, որպեսզի նախապես իմանանք, թե այդ ճանապարհով գնում ենք, թե ոչ»,-ասաց վարչապետը:

Նա շեշտեց՝ պետք է պարզել, թե Մադրիդյան սկզբունքները որտեղ են տանում, հասկանալ, որ այսինչ իրավիճակն է ու գնալ առաջ: Վարչապետը նշեց՝ երբ պարզվի, որ տարբեր կողմեր տարբեր ճանապարհներով են ուզում գնալ, նշանակում է, որ Մադրիդյան սկզբունքների մեջ խնդիր կա, ինչ-որ մեկն ինչ-որ մեկին խաբում է:

«Իսկ մենք չենք ուզում բանակցային գործընթացում և ընդհանրապես հարաբերություններում որևէ մեկին խաբել»,-ասաց վարչապետը:

Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման նախադրյալների հարցում Հայաստանի պատկերացումները միջազգային գործընկերների կողմից դրական ընկալում են ստացել, որովհետև արձանագրվել է, որ ՀՀ դիրքորոշումը կառուցողական է: Այս մասին Փաշինյանն ասաց նոյեմբերի 13-ին Ազգային ժողովում, պատասխանելով «Իմ քայլը» խմբակցության անդամ Վիկտոր Ենգիբարյանի հարցին:

«Ես կարծում եմ, որ մեր բոլոր գործընկերները մեկուկես տարվա մեջ արձանագրել են, որ ոչ միայն մեր մտադրությունների մեջ չի բանակցային գործընթացը փակուղի մտցնելը, այլև ընդհակառակը, կան բազմաթիվ հարցեր, առանց որոնց կարգավորման արդյունավետ բանակցային գործընթաց տանելը հնարավոր չէ: Այս ըմբռնման առումով որոշակի ընդհանուր ընկալումներ են ձևավորվել նախադրյալների առումով, և կարծում եմ, որ հարցի լուծման նախադրյալների մասով մեր պատկերացումներն ավելի լավ ընկալում են ստացել, որովհետև արձանագրվել է, որ մեր դիրքորոշումները կառուցողական են: Ի հեճուկս ահազանգերի, բանակցային գործընթացը ոչ միայն փակուղի չի մտել, այլև աշխատանք է տարվում պայմաններ ստեղծելու համար, որ լինի հակամարտող բոլոր կողմերի համար լուծում գտնելուն ուղղված բանակցային միջավայր և մթնոլորտ»,- ասաց Փաշինյանը:

Անդրադառնալով ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի այն հայտարարությանը, թե ԼՂ հակամարտության լուծման հարցում որևէ համաձայնություն չի կարող լինել առանց Արցախի ժողովրդի, Փաշինյանը նշեց, որ դա բխում է բանակցությունների տրամաբանությունից, և լավ է, որ Ռուսաստանի արտգործնախարարի կողմից այդ հանգամանքն արձանագրվել է:

 

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         ԼՂ, Նիկոլ Փաշինյան, Հայաստան-Թուրքիա

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon