Վերին Լարսի անցակետում մնացած ՀՀ քաղաքացիների հետ տարվող աշխատանքների մասին (տեսանյութ)

Պաշտոնական 08.09.2020   12:30   55

Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոս Վարդան Ասոյանը «Sputnik զրույց» հաղորդաշարի շրջանակներում ներկայացրել է ներկա պահին Վերին Լարսի անցակետում մնացած ՀՀ քաղաքացիների հետ տարվող աշխատանքները։

Գլխավոր հյուպատոսն անդրադարձել է նաև ՌԴ հարավային հատվածում բնակվող ու արտագնա աշխատանքի մեկնող հայաստանցիների ներկա վիճակագրությունն ու իրավիճակը։

«Մեր քաղաքացիների պահանջը եղել է կազմակերպել անվճար վերադարձ, և իրենց մեքենաների վերադարձը ևս կազմակերպել անվճար»,– ասաց նա։

Ասոյանի խոսքով` ՀՀ քաղաքացիները պարբերաբար կազմակերպվող կանոնավոր չվերթերով Ռուսաստանից Հայաստան հասնելու հնարավորություն ունեն ՌԴ հարավային տարածաշրջանի 4 օդանավակայաններից` Սոչի, Կրասնոդար, Դոնի Ռոստով, Մինվոդի։

Կորոնավիրուսի համավարակի ամբողջ ժամանակահատվածում մինչ օրս հատուկ չվերթերով Ռուսաստանի հարավային տարածաշրջանից Հայաստան է տեղափոխվել շուրջ 6000 քաղաքացի, որոնցից 700–ը` անվճար։

Վարդան Ասոյանը հայտնեց, որ համավարակի բռնկման ու Ռուսաստանում հայտարարված կարանտինի հետևանքով այս մարդիկ մարտ–ապրիլ ամիսներին ուղղակի մնացել էին փողոցում` մեկ օրում զրկվելով աշխատանքից ու ապրուստի միջոցներից։

Ինչ վերաբերում է Հայաստանից Ռուսաստան մեկնել ցանկացող քաղաքացիներին, Ասոյանը հիշեցնում է, որ օտարերկրյա  քաղաքացիների մուտքի արգելքը Ռուսաստան դեռ պահպանվում է, բայց հայկական կողմը տարբեր ձևաչափերով բանակցում է ՀՀ քաղաքացիների մասով  արգելքը վերացնելու ուղղությամբ։
Թե երբ բանակցություները կտան սպասված արդյունք, Վարդան Ասոյանը դժվարացավ ասել` հավելելով, որ դա կախված է կորոնավիրուսի համավարակի ընդհանուր վիճակից։

Հիշեցնենք` սեպտեմբերի 1-ին Հայաստանի 23 քաղաքացիներ հայրենիք հասնելու համար որպես ավելի էժան տարբերակ ընտրել էին ցամաքային ճանապարհը, բայց բախվել էին կորոնավիրուսի համավարակի պատճառով փակված Վրաստանի  սահմաններին` մնալով Վերին Լարսի անցակետի տարածքում։

Ավելին՝ տեսանյութում

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Վարդան Ասոյան, կորոնավիրուս, Վերին Լարս, Հայաստան-Ռուսաստան

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon