ՀԱԿ-ը վերահաստատում է Լևոն Զուրաբյանի տարիների փորձը պետական կառավարման համակարգում
Այսպես կոչված «Փաստերի ստուգման հարթակը» (fip.am) իր վերջին հրապարակումով փորձ է արել «սխալ» որակել մեր էջում զետեղված այն տեղեկությունը, որ Լևոն Զուրաբյանը 1991-1998 թվականներին «զբաղեցրել է բարձր պետական պաշտոններ ՀՀ կառավարությունում»:
Հատկանշական է, որ նույն հրապարակման մեջ ներկայացված կենսագրական տվյալները ամբողջությամբ հաստատում են այն, ինչ Հայ Ազգային Կոնգրեսը հրապարակել է մասնավորապես՝ Լևոն Զուրաբյանը 1991–1998 թվականներին զբաղեցրել է ՀՀ Գերագույն Խորհրդի նախագահի խորհրդականի, ՀՀ նախագահի օգնականի, իսկ 1994 թվականից՝ նաև ՀՀ նախագահի մամուլի քարտուղարի պաշտոնները։
Ուղղակի պարզունակ տառակերություն անելով՝ fip.am-ը հայտնում է, որ այդ պաշտոնները կապ չունեն ՀՀ Կառավարության հետ: «Ֆիպականները» երևի չգիտեն, որ ամբողջ աշխարհում «կառավարություն» բառը օգտագործվում է երկու իմաստով. լայն` դրա տակ հասկանալով երկրի բարձրագույն կառավարման համակարգը, ներառյալ նախագահական վարչակազմերը, եթե այդպիսիք կան, և նեղ իմաստով, դրա տակ հասկանալով բացառապես վարչապետին և նախարարներին: «Ֆիպականները», ենթադրում ենք, բավարար կրթություն ու գիտելիք ունեն այս պարզ ճշմարտությունը հասկանալու համար, բայց գերադասել են տարածել հերթական ապատեղեկատվությունը:
Սրանով ևս մեկ անգամ հաստատվեց, որ Դանիել Իոաննիսյանի ղեկավարած հարթակը հանդես է գալիս ոչ թե որպես փաստերի ստուգման անկախ մեխանիզմ, այլ որպես գործող իշխանության շահերը սպասարկող պրոպագանդիստական գործիք։
Ի դեպ, օգտվելով առիթից, տեղեկացնենք, որ ՀՀ նախագահի աշխատակազմում Լևոն Զուրաբյանը ունեցել է հետևյալ գործառույթները՝
- պատրաստել է ռազմավարական վերլուծություններ և զեկույցներ Ռուսաստանի Դաշնության և ԱՊՀ երկրների հետ հարաբերությունների վերաբերյալ,
- համակարգել է քաղաքական կուսակցությունների և հասարակական կազմակերպությունների հետ փոխգործակցությունը,
- մասնակցել է միջազգային բանակցություններին
- ղեկավարել է ՀՀ նախագահի աշխատակազմի հանրային կապերի գործունեությունը,
- մամուլի ասուլիսների, հարցազրույցների և հրապարակումների միջոցով ներկայացրել է ՀՀ նախագահի պաշտոնական դիրքորոշումները,
- Ղեկավարել է նախագահի մամուլի ծառայության աշխատանքը։
Վերոնշյալ գործառույթները ոչ միայն վարչական, այլ քաղաքական, արտաքին քաղաքական և ռազմավարական բնույթի լիազորություններ են, որոնք իրականացվում են պետական կառավարման բարձրագույն մակարդակում։
Այսպիսով, Լևոն Զուրաբյանը տարբեր ժամանակահատվածներում զբաղեցրել է պետական կառավարման համակարգում բարձր պետական պաշտոններ, որոնց լիազորությունների ծավալը, բնույթը և ազդեցությունը պետական քաղաքականության վրա որևէ կասկած չեն թողնում և ևս մեկ անգամ վերահաստատում են Լևոն Զուրաբյանի տարիների փորձը պետական կառավարման համակարգում:


