Վեհափառ. Ցեղասպանության աղետալի դեպքերից հարյուրամյակ անց, նոր ցեղասպան գործողություններով հայաթափվեց Արցախը. ուղերձ (տեսանյութ)
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ուղերձը Հայոց Ցեղասպանության նահատակների հիշատակի օրվա առիթով
«Սիրելի բարեպաշտ ժողովուրդ,
Այսօր Հայաստանում և սփյուռքի համայնքներում ոգեկոչում ենք Օսմանյան կայսրությունում իրականացված Հայոց ցեղասպանության մեր սուրբ նահատակների հիշատակը, ովքեր անմահացան՝ իրենց հոգիներում անմար պահելով սերն առ Քրիստոս և առ հայրենին։
Ապրիլի 24-ը խորհրդանշորեն ամփոփում է մեր ժողովրդի հավաքական տառապանքը, որի մեջ խտացված են մեկ և կես միլիոն մարտիրոսացյալ հայորդիների, հայրենակորույս, տարագիր ազգիս զավակների, մշակութային եղեռնի ենթարկված մեր վանքերի ու եկեղեցիների, ավիրված բնակավայրերի հիշողությունները։ Այդ ողբերգությունը, սակայն, չկոտրեց մեր ազգի ոգին։ Մեր ժողովուրդը վերապրեց ցեղասպանությունը, ամենուր նոր կյանք վերընձյուղեց, վերահաստատեց հայոց անկախ պետականությունը։
Ապրիլի 24-ն ուխտի օր է՝ միահյուսված աշխարհասփյուռ մեր ժողովրդի պահանջատիրությանը, որը զերծ է թշնամանքից ու ատելությունից, ուղղված է արդարության ու ճշմարտության վերականգնմանը և ցեղասպանության արհավիրքի ուրացման բացառմանը։
Ցեղասպանության աղետալի դեպքերից հարյուրամյակ անց, երբ թվում էր, թե նման սոսկալի հանցագործությունները մնացել են անցյալում, ցավոք, նոր ցեղասպան գործողություններով հայաթափվեց Արցախը, բռնությամբ տեղահանվեցին ավելի քան 120.000 արցախցիներ։ Այս ծանր կացության և առկա սպառնալիքների հանդիման, մեր նահատակների զոհողությունը մեզ պարտավորեցնում է ամրապնդել մեր միաբանությունն ու համերաշխությունը և հզորացնել հայոց պետությունը։ Հիրավի, համազգային միասնականությամբ է, որ կարող կլինենք արդյունավորելու ջանքերը Հայոց ցեղասպանության համընդհանուր ճանաչման և արգասավորելու քայլերն ու նախաձեռնությունները՝ հանուն ազգային առաջընթացի և խաղաղ ու անվտանգ կյանքի։
Աղոթենք և հայցենք, որ մեր նահատակ սրբերի բարեխոսությամբ խաղաղության երկնային շնորհները և մեր Տեր Հիսուս Քրիստոսի ողորմությունն ու սերը բաշխվեն համայն աշխարհին, մեր հայրենիքին և ժողովրդին այսօր և միշտ. ամեն»:
Նշենք՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանների ուղեկցությամբ այցելեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, որտեղ կատարվում է Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների բարեխոսական կարգ:
Այս առիթով հուշահամալիր է բերվել Հայոց Ցեղասպանության սրբոց նահատակաց մասունքարանը:
Նշենք, որ Հանրային հեռուստատեսությունը, որը այս ողջ ընթացքում ուղիղ եթեր է ապահովում Ծիծեռնակաբերդի հուշահամալիրից, Կաթողիկոսի այցի ժամանակ, ըստ էության բոյկոտել է, ընդամենը մի քանի կադր է ցուցադրել հեռվից՝ Անմար կրակի մոտ կանգնած։
Ընդ որում, ընդհանրապես Կաթողիկոսի ձայնը չի լսվել, միայն երաժշտություն է լսվել, մինչդեռ այնտեղ արարողություն էր կատարվում։ Իսկ այդ ընթացքում կամ անմար կրակն էին ցուցադրում, կամ մարդկանց հոսքը։ Իսկ այլ պաշտոնյաների դեպքում այցերը մանրամասն լուսաբանվել են։


