Անահիտ Օհանյան. Այն, ինչ նա երբեք չի ունեցել և այլևս երբեք չի կարող ձեռք բերել
Մաքիավելին պնդում էր, որ իդեալական կառավարիչը պետք է կարողանա համատեղել և սերը, և վախը։ Բայց եթե ընտրությունն անխուսափելի է, ապա, նրա կարծիքով, ավելի անվտանգ է վախ ներշնչելը, քան սիրված լինելը։ Մաքիավելին այս միտքը ձևակերպելիս երևի առաջին հերթին նկատի ուներ ամբոխին, ոչ թե պետական գիտակցություն ունեցող հասարակությանը։
Օրինակ ես, երբեք չեմ «սիրել» Լևոն Տեր-Պետրոսյանին այն պարզ իմաստով, որով մարդիկ սիրում են հարազատներին։ Լևոնին թող սիրեն իր կինը, երեխաները, թոռները, բարեկամները։ Ես գնահատում ու հարգում եմ նրա գործը. անկախ պետականության կառուցումը, պատերազմի հաղթանակը, դիվանագիտական մտածողությունը, քաղաքական ճկունությունը, իրականությունը տեսնելու կարողությունը...
Քաղաքական գործչին նորմալ հասարակություններում սիրում են ոչ թե աչքերի գույնի, ժպիտի կամ հռետորական շոուների, այլ նրա ստեղծած արժեքների, թողած ժառանգության համար:
Եվ այստեղ է փաշինյանի ֆենոմենի ամբողջ ողբերգությունը։
Նրա աջակիցները չեն կարող սիրել նրան որևէ մնայուն պետական արդյունքի համար։
Ի՞նչը սիրեն. սադրած պատերազմը, հազարավոր զոհերը, հայաթափված Արցախը, պետականության նվաստացո՞ւմը։ Որևէ լուրջ քաղաքական ձեռքբերում չկա, որի շուրջ կարող էր ձևավորվել հարգանք կամ պետական վստահություն։
Ուրեմն ինչի՞ վրա է կառուցված այդ կապը։
Երբ փաշինյանը ընդդիմադիր էր, նույնիսկ հարյուր մարդ չէր կարողանում հավաքել իր կողքին։ Այդ դեպքում բնական հարց է առաջանում, թե ինչպե՞ս ստացվեց, որ նույն արհամարհված ու ծաղրված մարդը հանկարծ մի ամբողջ զանգվածի համար վերածվեց կուռքի։
Խնդիրը երբեք նրա քաղաքական կշռի կամ պետական մտածողության մեջ չի եղել: Խնդիրը հասարակության հոգեբանական վիճակի, ամբոխի սեփական նմանակին իշխանության մեջ տեսնելու ցանկության մեջ է:
փաշինյանը իր ընտրազանգվածի զգալի մասի համար դարձել է հայելի, որտեղ մարդիկ տեսնում են իրենց նմանակին նույն սահմանափակումներով, նույն անորակությամբ, նույն մակարդակով, նույն արժեհամակարգային ու ինքնության ճգնաժամով, նույն ներքին բարդույթներով, բայց արդեն իշխանության գագաթին։ Եվ այդ պահին փաշինյանի հաջողությունը նրանց թվում է սեփական հնարավորության ապացույց։
Բայց այստեղ էլ գործում է Մաքիավելիի մյուս հայտնի միտքը․ «Սերը անկայուն զգացում է և մարդիկ կարող են այն հեշտությամբ փոխարինել դավաճանությամբ, երբ դա իրենց շահերին է համապատասխանում»։
փաշինյանը, կարծում եմ, դա շատ լավ հասկանում է։ Չէ՞ որ ինքն ու իր շրջապատի մեծ մասը ժամանակին նույն այդ սիրով սիրում էին Տեր-Պետրոսյանին, մինչև քաղաքական շահերն ու անձնական կարիերան նրանց տարան այլ ուղղությամբ։ Նրանք սեփական փորձով գիտեն, թե որքան արագ կարող է սերը վերածվել դավաճանության։
Եվ հենց այդ պատճառով է, որ փաշինյանը ուսապարկերից մինչև դատական ու ուժային համակարգ, աստիճանաբար սիրո լեզվից անցում կատարեց վախի լեզվին։
Բայց այստեղ էլ կա մի լուրջ բացթողում։
փաշինյանի ամենահավատարիմ միջուկի զգալի մասը նրան ներքուստ չի ընկալում որպես իրական ղեկավար։ Նրանց ու փաշինյանի հարաբերություններում բացակայում է անգամ տարրական քաղաքական կուլտուրան և վարչապետի ինստիտուտի հանդեպ հարգանքը։
Իսկ փաշինյանն այստեղ չի կարող իրեն ճոխություն թույլ տալ, որ սեփական էլեկտորատից պահանջի դիստանցիայի կարգապահություն ու հարգանք, որովհետև այդ դեպքում նիկոլականը հայելու մեջ այլևս իրեն չի տեսնի։
Եվ հենց այստեղ է, որ նրա իշխանության միակ իրական հենարանը ստիպված մնում է այդ էմոցիոնալ, գրեթե պլատոնական կապի պահպանումը իր ընտրազանգվածի հետ։ Հակառակ դեպքում նա շատ արագ կկորցնի իր աջակիցների զգալի մասը:
Նրանք կարող են փաշինյանին ծափահարել, պաշտպանել, հայհոյել նրա հակառակորդներին, բայց խորքում չեն վախենում նրանից և չեն հարգում որպես պետական առաջնորդի։
Այդ հարաբերության հիմքում ոչ թե քաղաքական համոզմունքն է, այլ երախտագիտության զգացումը այն մարդու հանդեպ, ում միջոցով իրենք կարողացել են կարևորվել, բարձրացնել սեփական ինքնագնահատականը և իշխանությանը մոտ լինելու պատրանք ստանալ։
Սա նաև պատասխան է այն հարցին, թե ինչու է փաշինյանը ալենսիմոնյաններին փողոցներում պարեցնում և վարչաբենդերի ներկայացումներ կազմակերպում ժողովրդի համար, որպեսզի այդ իշխանամոտության պատրանքը մշտապես պահպանվի։
Առանց պետության համար իրական մնայուն գործի ոչ սերն է երկար ապրում, ոչ էլ վախը։ Մնում է միայն ամբոխի ժամանակավոր էմոցիան, որը քաղաքականության մեջ ամենաանկայուն հենարանն է։
Իսկ ընդհանուր վախ ներշնչելու համար նախ պետք է ունենալ ներքին հեղինակություն, պետական կշիռ, իսկ փաշինյանի համար ամենամեծ ողբերգություններից մեկն էլ այն է, որ նրա ընդդիմախոսները ոչ միայն չեն վախենում նրանից, այլ բացահայտ ատում են նրան։
Մաքիավելին ի վերջո ասում էր, որ ղեկավարի ամենամեծ ուժը ոչ ժողովրդի սերն է, ոչ վախը, այլ հեղինակությունը։
Այն, ինչ փաշինյանը երբեք չի ունեցել և այլևս երբեք չի կարող ձեռք բերել։


