Անահիտ Օհանյան. Չմիավորված ընդդիմությունը երկարացնում է հենց այն իշխանության կյանքը, որի դեմ պայքարում է
Այսօր արդեն չկա Արցախի հարցը, որի շուրջ կարելի էր տարաձայնություններ ունենալ։ Արցախը չկա։ Ուրեմն չկա նաև այդ պատրվակը։
Ընդդիմադիր դաշտն այլևս չի կարող իր չմիավորվելը բացատրել «Արցախի հարցով տարբեր մոտեցումներով»։
Չկա Արցախ, չկա դրա շուրջ տարաձայնություն, չկա նույնիսկ դրա վերադարձի շուրջ ձևակերպված քաղաքական օրակարգ։
Բայց պառակտվածությունը մնացել է։ Սա արդեն գաղափարական խնդիր չէ։ Սա պատասխանատվության խնդիր է։
Հայաստանյան ընդդիմությունը միաբերան հայտարարում է, որ գործող իշխանությունը չարիք է և պետք է հնարավորինս արագ հեռացվի։ Թվում է կա լիակատար կոնսենսուս։
Բայց այդ «միաձայնությունը» գոյություն ունի միայն բառերի մակարդակում։
Գործողությունների մակարդակում ամեն մեկը առանձին «փրկում է» Հայաստանը իր սահմանափակ քաղաքական տարածքում։
Արդյունքը նույնն է. չմիավորված ընդդիմություն, որը փաստացի երկարացնում է հենց այն իշխանության կյանքը, որի դեմ պայքարում է:
Իսկ իրական պատճառը շատ ավելի պարզ է և անհարմար. վախ։
Վախ իշխանություն ստանձնելուց հետո լիարժեք պատասխանատվություն կրելուց։
Վախ աշխարհաքաղաքական խաղում սխալ կողմում հայտնվելուց։
Վախ սպասելու, թե մեծ տերություններից ո՞վ կհաղթի, և հետո միայն «ճիշտ» դիրքավորվելու։
Եթե այս ուժերը կարողանային ժամանակին հաղթահարել իրենց այդ վախը և 2021-ին միավորվեին Լևոնի կոչի շուրջ,գուցե այսօր այլ իրականություն ունենայինք։
Գուցե դեռ Արցախ ունենայինք։
Այսօր, չմիավորվելով, նրանք նույն տրամաբանությամբ տանում են արդեն ոչ թե Արցախի, այլ Հայաստանի կորստի ռիսկը։
Մինչ դուք սպասում եք ԱՄՆ–Ռուսաստան խաղի ավարտին, գործընթացը գնում է իր ճանապարհով։
Եվ այդ ճանապարհը տանում է դեպի մեկ բան. պետության սուբյեկտության լիարժեք կորուստ։
Եվ այս անգամ խոսքը արդեն ոչ թե Արցախի, այլ հերթը արդեն Հայաստանի «թոկից» ազատվելուն է հասել։


