Անահիտ Օհանյան. Հայաստանի նորագույն պատմության մեջ ժողովրդին ամենամեծ հարգանքը ցուցաբերած ղեկավարը Տեր-Պետրոսյանն է
Պետության ղեկավարների պահվածքը, խոսույթը, անգամ հագ ու կապը պատահական մանրուքներ չեն։ Դրանք ուղիղ ցուցիչ են, թե որքան են նրանք հարգում, գնահատում իրենց ժողովրդի մակարդակը, մտավոր կարողությունը:
Հայաստանի նորագույն պատմության մեջ ժողովրդին ամենամեծ հարգանքը ցուցաբերած ղեկավարը եղել է Տեր-Պետրոսյանը:
Լևոն Տեր-Պետրոսյանին հաջորդած ոչ մի ղեկավար ժողովրդին այնպիսի հարգանքով չի վերաբերվել, ինչպես նա։ Ոչ մեկը լրջորեն չաշխատեց սեփական խոսույթի, վարքի, քաղաքական կուլտուրայի վրա հասկանալով, որ պետության ղեկավարն առաջին հերթին օրինակ է։
Որովհետև ղեկավարի յուրաքանչյուր բառ, յուրաքանչյուր ժեստ, յուրաքանչյուր պահվածք դառնում է հասարակական նորմի մի մաս։
Տեր-Պետրոսյանը ոչ մի հաղթանակ իրեն չվերագրեց, ոչ մի ձեռքբերում սեփական անձի շուրջ չկենտրոնացրեց։
Անկախության պայքարը, պատերազմում տարած հաղթանակները, պետականության կառուցումը ներկայացրեց որպես ժողովրդի հավաքական նվաճում։
Նույնիսկ այն ժամանակ, երբ իրեն հայհոյում էին, դավաճանում, մեջքից հարվածում, նա չուրացավ ուրիշների ներդրումը։
Երբեք չնսեմացրեց Վազգեն Մանուկյանի, Վազգեն Սարգսյանի անկախության ու բանակաշինության մեջ ունեցած դերը:
Նա քաղաքական պայքարը չվերածեց անձնական վրեժի, չփորձեց սեփական ինչ որ ձախողումներ փրկել ուրիշներին վարկաբեկելով։ Անգամ այն դեպքերում, երբ մեղավորությունը իրենը չէր, պատասխանատվության զգացում ունեցավ ու ներողություն խնդրեց ժողովրդից։
Իսկ ո՞վ է ասում, թե Լևոն Տեր-Պետրոսյանին Ռուսաստանը կամ Արևմուտքը մեջքից չեն հարվածել:
Գուցե շատերը նույնիսկ չկարողանան դա հասկանալ, որովհետև նա երբեք չբղավեց այդ մասին, երբեք իր անհաջողությունները ուրիշների ուսերին չբարդեց, երբեք հարաբերություններ չփչացրեց գերտերությունների հետ պահի էմոցիաներով:
Ներքին սպառման համար երբեք չփորձեց դժվարությունները վերածել «միջազգային դավադրության» պատմության:
Նա իշխանությունը հասկանում էր որպես պատասխանատվություն, ոչ թե արդարացումների անվերջ շղթա։
Նա եկել էր ոչ թե խնդիրները ժողովրդի վրա բարդելու, այլ հակառակը այդ ծանրությունը իր ուսերին վերցնելու:
Պետական գործիչը ճգնաժամի պահին պետք է դառնա ժողովրդի ողնաշարը, ոչ թե այն փշրողը։
Նա պետք է իր վրա վերցնի հարվածը, ոչ թե սեփական սխալների ծանրության տակ կոտրի ժողովրդի մեջքը ինչպես որ անում է նիկոլ փաշինյանը, ում գոյությունը ազգային անվտանգության հարց է դարձել:


