Անահիտ Օհանյան. Հոկտեմբերի 27․ պատմական պատրանքներ, չսերտված դասեր, իսկ նիկոլի օրոք հիշատակի այլասերում
Հոկտեմբերի 27․ պատմական պատրանքներ, չսերտված դասեր, իսկ նիկոլի օրոք հիշատակի այլասերում
Հոկտեմբերի 27-ը մեր նորագույն պատմության ամենացավոտ էջերից մեկն է, բայց այս օրվա մասին խոսելիս ժամանակն է դուրս գալ կենացային սգից ու նայել դառը փաստերին։
1998-ին Լևոն Տեր-Պետրոսյանի Արցախի հարցի կարգավորման առաջարկին դեմ գնալը և Վազգեն Սարգսյանի «Երբ ստիպված կլինենք, այդ ժամանակ էլ կզիջենք» տրամաբանությունը մեր պետությունը կանգնեցրին տարիների չլուծված խնդիրների ու ռեսուրսների սպառման ճանապարհին։ Իսկ ժամանակը ցույց տվեց, որ «ստիպված լինելու» պահը կարող է գալ ամենաողբերգական ու աղետալի պայմաններում։
Վազգենը առաջիններից էր, ով զգալով իր սխալը սկսեց հասկանալ պետականության առջև ծառացող իրական մահացու վտանգները:
Բայց իր քաղաքական հաշվարկները վերանայելու և հնարավոր սխալներն ուղղելու ժամանակ նրան այլևս չտրվեց...
Այսօր, նիկոլի նորաձև Հայաստանում այդ ողբերգության շուրջ կատարվողը վերածվել է բարոյական սնանկության։
1999-ի հոկտեմբերի 27-ին Վազգեն Սարգսյանին գնդակահարեցին ոճրագործները, իսկ այսօր նրա երբեմնի զինակիցներից շատերն ու սեփական եղբայրը կարծես ամեն տարի նորից են գնդակահարում նրան այս անգամ նրա հիշատակը, հաղթանակներն ու կյանքի գործը զոհաբերելով նիկոլի իշխանության սպասարկմանը։
Առաջին անգամ կրակեցին նրա մարմնին, հիմա ամեն տարի «կրակում» են նրա թողած ժառանգությանը։
Այսօր նրանք, ովքեր ժամանակին մերժում էին փոխզիջումը, արժանապատիվ խաղաղությունը «ոչ մի թիզ» տրամաբանությամբ, ծափահարում են այնպիսի նվաստացուցիչ զիջումների, որոնք նախկինում աներևակայելի էին համարում։
Չի կարող Վազգենի գաղափարախոսությունը տեղավորվել նիկոլի պարտվողական քաղաքականության ու հանձնվողականության մեջ։ Վազգենի հիշատակը հարգելը նրա զինակիցների համար պետք է նշանակեր պահպանել նրա ստեղծածը, ոչ թե արդարացնել դրա կորուստը և քաղաքական դիվիդենտներ շահել նրա անվան ու արյան հաշվին։
Պատմությունը դատելու է ոչ միայն նրանց, ովքեր այդ օրը ձգեցին ձգանը, այլև նրանց, ովքեր մանրադրամի վերածեցին Վազգենի հաղթանակն ու հիշատակը։


